Աշխատանքային այցով Պալերմո ժամանած Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում նախագահող Ավստրիայի պատվիրակության ղեկավար, ԱԳՆ գլխավոր քարտուղար Միքայել Լինհարտին և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքնեի գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։
Զրուցակիցները քննարկեցին նոյեմբերին Երևանում կայանալիք «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հանցանքների կանխարգելում ու հակազդեցություն» խորագրով ԵԱՀԿ համաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցեր։
Օրակարգում էին նաև դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ նախարարական համաժողովին առնչվող հարցեր։