ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է իսպանական «Գլոբալտեք» ընկերության պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ Հայաստանում ջերմոցային տնտեսության զարգացմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, սառնարանային տնտեսությունների ստեղծմանը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր:
«Գլոբալտեք» ընկերության ներկայացուցիչներն առաջարկել են Հայաստանում ստեղծել ուսումնական կենտրոն, որտեղ տարեկան կարող են վերապատրաստվել ավելի քան 100 մասնագետներ` հմտանալով գյուղոլորտի կառավարման և տեխնիկական հարցերում: Ուսումնական կենտրոնը կունենա նաև ջերմոցային տնտեսություն, ինտենսիվ այգի, հագեցած է լինելու ժամանակակից տեխնոլոգիաներով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Իգնատի Առաքելյանը ողջունել է ընկերության նախաձեռնությունը և համագործակցության պատրաստակամություն հայտնել: Նախարարը հավելել է, որ գյուղատնտեսության նախարարությունում առկա են ուսումնական կենտրոն ստեղծելու համար անհրաժեշտ պայմաններ:
Նախարարի առաջարկով` իսպանական կողմը կուսումնասիրի ուսումնական կենտրոն ստեղծելու հնարավորությունները և Գյուղատնտեսության նախարարություն կներկայացնի առաջարկներ: