Պայքարել պատմական կեղծարարության դեմ, պատմությունը ներկայացնել օբյեկտիվ և համաշխարհային պատմական գործընթացներին համահունչ: Այս և այլ հարցերը լինելու են «Հայաստանի պատմագետների միության» աշխատանքային օրակարգում: «Հայաստանի պատմագետների միություն»-ը ներկայացնում է առաջիկա անելիքները:
«Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ խորհրդի անդամ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ պ.գ.թ. Էդգար Հովհաննիսյանը:
«Միության նպատակներից է հայոց պատմությունը ներկայացնել համաշխարհային պատմական գործընթացներին համահունչ` որպես համաշխարհային պատմության կարևոր մի մասնիկ: Մեր նպատակն է պատմությունը ներկայացնել օբյեկտիվ` զերծ գաղափարական, քաղաքական հոսանքների ազդեցությունից: Հաջորդ կարևոր քայլը պատմական կեղծարարության դեմ պայքարն է»,-ասաց Էդգար Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Հայաստանի հարևան պետությունների կողմից տարբեր լեզուներով տպագրվում է հսկայական ծավալի գրականություն, երկու, երեք անգամ սուտ գրելուց հետո, այն դառնում է հղման աղբյուր որոշ շրջանակի ներկայացուցիչների կողմից, որոնք լավ չեն տիրապետում տարածաշրջանի պատմությանը: Գիտնականը նշեց, որ խնդիր ունենք օտարալեզու հրատարակությունների, այդ իսկ պատճառով միությունը նախատեսում է անգլերեն հրատարակել գիտական հանդես` ներկայացնելով պատմական մտքի նորանոր ձեռքբերումները:
«Հայաստանի պատմագետների միություն»-ը գործում է մեկուկես տարի: 2016 թվականին Երևանի պետական, Հայկական պետական մանկավարժական, Հայ-ռուսական (սլավոնական), Վանաձորի պետական, Արցախի պետական համալսարանների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության, հնագիտության և ազգագրության, Արևելագիտության ինստիտուտների, ՀՀ ազգային արխիվի պատմագիտության ոլորտի ներկայացուցիչների համագումարի որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահ ընտրվեց պ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ գործադիր տնօրեն պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը նշեց, որ այսօր կառույցին անդամակցում է շուրջ 100 պատմագետ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել կառույցի ընթացիկ գործունեությանը: Արդեն անդամակցության հայտեր են ընդունվում Սփյուռքից:
«Կառույցը որևէ ուղղություն տալու նպատակ չունի, մեր գլխավոր խնդիրն է` նպաստել ոլորտի զարգացմանը: Առաջին քայլը, որ մենք կատարեցինք, երիտասարդ պատմաբանների համար ամառային դպրոցի անցկացումն էր: Հաջորդ կարևոր քայլը միջազգային ատյանների հետ գործակցությունն ակտիվացնելն է: «Հայաստանի պատմագետների միություն»-ն արդեն ավելի քան 5 տասնյակ պետության պատմագետների միավորող կառույցի` «Պատմագիտության միջազգային կոմիտե»-ի, անդամ է»,-ասաց Մհեր Հովհաննիսյանը` նշելով, որ նպատակ ունեն օգտագործել այդ կառույցի ամբիոնը մեր պատմագիտության խնդիրները վեր հանելու, միջազգային գործընկերների հետ համագործակցելու համար:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից պ.գ.դ. պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը կարևոր համարեց «Հայաստանի պատմագետների միության» ստեղծումը, «Պատմագիտության միջազգային կոմիտե»-ին անդամակցելը:
«Հայ պատմաբանները մեծ աշխատանք են կատարում, և անհրաժեշտություն կա դրանք մեր միջազգային գործընկերներին ներկայացնելու: Ասեմ, որ մեր պատմաբանները միջազգային կառույցներում անդամակցության փորձ ունեն: Մենք թեմաներ ենք առաջադրելու, որոնք ընդգրկվելու են այս կառույցի ապագա կոնգրեսների օրակարգում, ի դեպ, մեր կողմից առաջարկված թեմաներից մեկն արդեն ընտրվել է: Փորձելու ենք այս մարմնի ղեկավար կառույցներում ունենալ մեր ներկայացուցիչը, որպեսզի կարողանանք ակտիվ իրականացնել մեր առջև դրված խնդիրները»,-ասաց նա:
Լրագրողները հարց հնչեցրին «Պատմագիտության միջազգային կոմիտե»-ում թուրքերի հետ հնարավոր համագործակցության մասին: Պատմագետները նշեցին, որ թուրք պատմաբանների հետ կարող են աշխատել, սակայն ընդգծեցին, որ չեն պատրաստվում նրանց հետ մտնել Հայոց ցեղասպանության լինել չլինելու հորինված հարցի քննարկման մեջ: