«Կառավարման ժամանակակից հիմնախնդիրներ» թեմայով միջազգային գիտաժողովը նպատակ ունի քննարկել ժամանակակից կառավարման հիմնախնդիրները, դրանց հնարավոր լուծումները, ներկայացնել գիտական հետազոտություններ, բացահայտել ձևափոխվող հասարակությունում կառավարման ժամանակակից մարտահրավերները և դրանց լուծման հեռանկարները: Երկօրյա միջազգային գիտաժողովը մեկնարկեց հոկտեմբերի 10-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում «Հումանիտար հետազոտությունների կենտրոն» ծրագրի շրջանակում:
«Կառավարման հիմնախնդիրը դարերի խորքից է գալիս: Այն ավելի լուրջ նշանակություն է ստանում հատկապես մեր օրերում, երբ ինտեգրացիոն գործընթացներ են տեղի ունենում, գլոբալիզացիան ավելի է խորանում, աշխարհաքաղաքական բախումներն հախուռն ընթացք են ստանում: Առաջ է գալիս օպերատիվ կառավարման, արագ արձագանքելու խնդիրը: Այս գիտաժողովն անդրադառնում է ժամանակակից կառավարման հիմնախնդիրներին, մարտահրավերներին և դրանք դիտարկում է գիտության տեսանկյունից: Մենք ակնկալում ենք, որ տարբեր երկրներից Հայաստան ժամանած գիտնականները կներկայացնեն տեսակետներ, կառաջարկեն խնդիրների լուծումներ, և կառավարման նյութը քննարկման լայն առարկա կդառնա»,- «Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:
Նա շեշտեց, որ եթե նախկինում կառավարման ոլորտում առաջնահերթ էին մարդ- մեքենա հարաբերությունները, ապա այժմ ավելի կարևոր են մարդ-մարդ փոխհարաբերությունները: «Մենք հյուրընկալել ենք գիտնականների Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից: Խոսելով նրանց հետ` եկել եմ այն եզրահանգման, որ ետխորհրդային երկրներում կառավարման բնագավառում եղած խնդիրները գրեթե նույնն են: Դասական դարձած կառավարման եղանակները արդյունավետ չեն. պետք է նոր մոտեցումներ ցուցաբերել»,-ընդգծեց Լոքյանը:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանի խոսքով`ակադեմիան ունի երեք լաբորատորիա: Առաջինը կառավարման գործընթացում հոգեբանության ուղղությունն է ուսումնասիրում, երկրորդը` գիտության կառավարումը, երրորդը` տարածքային կառավարումը:
«Վեց տարի է մեր ակադեմիայում գոյություն ունեն այս լաբորատորիաները, որոնք գիտահետազոտական աշխատանք են իրականացնում: Գիտաժողովին աշխատանքների արդյունքները կներկայացվեն: Կառավարման հոգեբանության որակից է կախված մարդկանց բարեկեցությունը, անվտանգությունը: Մեր երկրում այս ուղղությունն այնքան էլ զարգացած չէ, բայց մենք հրատարակել ենք տասը մենագրություն, տասնյակ հոդվածներ, այդ թեմայով ելույթներ ենք ունեցել տարբեր երկրներում»,-նշեց նա:
Գիտաժողովին մասնակցում էին հայաստանյան և այլ երկրների ներկայացուցիչներ: Ներկա էին գիտնականներ, դոկտորներ և պրոֆեսորներ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայից, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանից, Սամարայի պետական սոցիալ-մանկավարժական համալսարանից, Ուդմուրթիայի պետական համալսարանից:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտնական Վալերի Նոսուլենկոն ասաց, որ պատմելու է կառավարման ոլորտում իրականացրած հետազոտությունների մասին, որոնք կատարել են ֆրանսիացի գործընկերների հետ: «Ուսումնասիրելով գիտակազմակերպչական գործունեությունը` տեսանք, որ կան մի շարք պրոբլեմներ` կապված ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Գիտաժողովին կփորձենք դրանց լուծման առաջարկներ անել»,-նշեց նա:
Անդրադառնալով կառավարչի որակներին` գիտնականն ընդգծեց, որ կառավարման գործընթացը բարելավելու հարցում, այդ ոլորտում հաջողության հասնելու համար էական են կառավարչի հաղորդակցման ունակությունները: «Դրանք երաշխավորում են գործի արդյունավետությունը: Պետք է ստեղծվի համատեղ կոլեկտիվ, որը կծառայի նույն նպատակին: Պետք է լսելու կարողություն ունենա յուրաքանչյուր կառավարիչ»,-եզրափակեց նա:
Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի ասպիրանտ Նանե Զեյնալյանն ասաց, որ գիտաժողովը իրեն շատ է հետաքրքրում, քանի որ այն թե՛ գիտության, թե՛ կառավարման ոլորտում նոր լուծումներ գտնելու հնարավորություն է ընձեռում:
«Սա միջազգային գիտաժողով է և փորձի փոխանակման լավ միջոց: Ինձ համար այն սովորելու, նոր հմտություններ ձեռք բերելու հիանալի հարթակ է: Վաղը ներկայացնելու եմ զեկույց անձի արժեքների ձևավորման հոգեբանական նախադրյալների մասին»,- նշեց Զեյնալյանը:






