Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ`մրցաշարի 6 պարտիաներից հինգը ունեցան հաղթական ավարտ: Միակ ոչ-ոքին գրանցվեց Հայաստանի երկու պատվիրակների՝ Արամ Հակոբյանի և Շանթ Սարգսյանի դիմակայությունում: Պարտիան նաև ամենաերկարն էր այս տուրում: Մրցաշարում 2-րդ հաղթանակները տարան Մամիկոն Ղարիբյանը և Կիրիլ Շևչենկոն: Այժմ Ղարիբյանը և Շևչենկոն 2-ական միավորով գլխավորում են աղյուսակը:
Մեկնարկային տուրի անհաջողությունից հետո առաջին հաղթանակը նշեց Եվրոպայի պատանեկան «Գրան պրի»-ի առաջին փուլի հաղթող Կիրիլ Շուբինը: Առաջին հաղթանակները տոնեցին նաև Արսենի Նեստերովը և Ստեֆան Պողոսյանը:
Մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ Հայաստանից և արտերկրից: Խաղերը կընթանան հոկտեմբերի 4-15-ը «Ջերմուկ աշխարհ» նորակառույց հյուրանոցային համալիրում։