«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը հավանության կարժանացնի գործադիրը: Հարցը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա` հոկտեմբերի 5-ի, նիստի օրակարգում:
Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում` նաև Հայաստանում, նշում են Ուսուցչի համաշխարհային օրը (World Teachers’ Day): 1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր: Այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Ոսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառում, որի ընթացքում կհայտարարվեն «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների անունները: Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Լրագրողների հետ կհանդիպի առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը: Նա գնահատելու է, թե որքանով է Հայաստանում իրացվում մարդկանց առողջության իրավունքը: Պուրասը Հայաստան կատարած այցի մասին իր ամբողջական զեկույցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2018 թ. հունիսին:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա «Գրանշան» 6-րդ համաժողովի բացումը, որի ընթացքում կհայտարարվեն «Գրանշան 2017» մրցույթի հաղթողները՝ ըստ լեզվական համակարգերի։ «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթներն անցկացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2008 թվականից: 2010 թվականին մրցանակներ ստացած GHEA Mariam և GHEA Grapalat տառատեսակները ՀՀ կառավարության կողմից ընդունվել են որպես պետական թղթաշրջանառության համար պարտադիր տառատեսակներ։
Լրագրողների հետ կհանդիպի Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Նա կանդրադառնա հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների աճին, կներկայացնի իրավիճակը դպրոցներում և մանկապարտեզներում:
Հոկտեմբերի 6-ը Բնական միջավայրի պահպանման համաշխարհային օրն է: Օրվան ընդառաջ լրագրողների հետ կհանդիպի «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը: Նա կներկայացնի անտառածածկ տարածքների վերաբերյալ տվյալներ հրդեհներից հետո: Նա կանդրադառնա նաև Սևանա լճին առնչվող խնդիրներին:
Մատենադարանում լրագրողների հետ կհանդիպի Լեհաստանի մշակույթի նախարարի տեղակալ Յարոսլավ Սելինը:
Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի կունենա հայ մեծանուն գրող, սցենարիստ, կինոռեժիսոր, նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի Աղասի Այվազյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: