Ջերմուկում կայացավ Եվրոպայի պատանեկան Գրան պրի մրցաշարի 2-րդ փուլի 1-ին տուրը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` մեկնարկային տուրն անցավ լարված պայքարում. բոլոր պարտիաներն ունեցան հաղթական ավարտ: Մրցաշարը լավ մեկնարկեցին Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստները, որոնց երեկ կայացած վիճակահանության ընթացքում բաժին ընկան մեկնարկային 1-ին, 2-րդ և 3-րդ համարները: Արամ Հակոբյանը հաղթանակ տոնեց Սերգեյ Լոբանովի (Ռուսաստան) նկատմամբ, Շանթ Սարգսյանը ուժեղ գտնվեց Ռուսաստանը ներկայացնող Ստեֆան Պողոսյանից, իսկ Մամիկոն Ղարիբյանը առավելության հասավ Արսենի Նեստերովի(Ռուսաստան) նկատմամբ: Առաջին տուրում պարտություն կրեց նաև Ռուսաստանի 4-րդ ներկայացուցիչը՝ Կիրիլ Շուբինը, ով Գրան պրիի առաջին փուլի հաղթողն է: Շուբինի նկատմամբ հաղթանակ տոնեց Նիկոլոզ Կաչարավան (Վրաստան): Մրցաշարում հաղթանակով մեկնարկեցին նաև Վյաչեսլավ Զարուբիցկին (Բելառուս) և Կիրիլ Շևչենկոն (Ուկրաինա), նրանք համապատասխանաբար հաղթեցին Թոր Ֆրեդրիկ Կաասենին և Պաուլյուս Պուլտինյավիչուսին:
Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ և Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ, ս․թ․ հոկտեմբերի 3-16-ը Ջերմուկ քաղաքում անցկացնում է Եվրոպայի պատանեկան Գրան պրի մրցաշարի 2-րդ փուլը: Մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ Հայաստանից և արտերկրից:
Նրանք են՝ միջազգային վարպետներ Կիրիլ Շևչենկոն /Ուկրաինա/, Արամ Հակոբյանը /Հայաստան/, Սերգեյ Լոբանովը /Ռուսաստան/, Շանթ Սարգսյանը /Հայաստան/, Պաուլյուս Պուլտինյավիչուսը /Լատվիա/, ՖԻԴԵ-ի վարպետներ Արսենի Նեստերովը /Ռուսաստան/, Մամիկոն Ղարիբյանը /Հայաստան/, Թոր ՖրեդրիկԿաասենը /Նորվեգիա/, Ստեֆան Պողոսյանը /Ռուսաստան/, Կիրիլ Շուբինը /Ռուսաստան/, Վյաչեսլավ Զարուբիցկին /Բելառուս/ և Նիկոլոզ Կաչարավան /Վրաստան/։
Խաղերը կընթանան հոկտեմբերի 4-15-ը «Ջերմուկ աշխարհ» նորակառույց հյուրանոցային համալիրում։