Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 4-ին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի և ապահովագրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հարցեր: Մասնավորապես քննարկվել են անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով Օրենքի համապատասխան հոդվածներում կատարված փոփոխությունները, որոնք նպատակաուղղված են նրանց պահելու և խնամելու գործընթացն առավել կանոնակարգված դարձնելուն:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման հետ կապված պետության կողմից իրականացվելիք ծախսերի ֆինանսավորման դրամագլխի ստեղծման նախադրյալները` վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման պայմանների խախտման հետևանքով վայրի կենդանիների հետագա պահման(պահպանման, բարեկեցության, սննդի, բուժզննման, պատվաստման, տեղափոխման) և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացման հետ կապված լիազորված մարմնի կողմից իրականացվելիք ծախսերի ապահովման հետ կապված հարցեր: Դիտարկվել են նաև կենդանիների ապահովագրման մեխանիզմները և հնարավորությունները: