Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Բոյչենկոյի հետ:
Ողջունելով հյուրին՝ Երևանի քաղաքապետը կարևորել է ուկրաինական քաղաքների և, մասնավորապես, մայրաքաղաք Կիևի հետ համագործակցության ամրապնդումը:
«Մենք կարևորում ենք քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության խթանումը և պատրաստակամ ենք հետևողական աշխատանքներ տանելու՝ ուկրաինական քաղաքների հետ փոխգործակցությունն առավել գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ Երևանի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներին մասնակցելու հայտ ներկայացրած ուկրաինական երեք քաղաքների պատվիրակությունների Երևան այցը լավ հնարավորություն կընձեռի նաև գործնական քննարկումներ ծավալելու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և առանձնակի կարևորելով բարեկամական կապերի և համագործակցության Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Բոյչենկոն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և ուկրաինական քաղաքների միջև առավել առարկայական փոխգործակցություն ծավալվի: