«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Խախտումներ խտացրած կաթի, յուղի և հալած պանրի շուկաներում: Այսօր` հոկտեմբերի 3-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կանցկացնի նիստ, որի ընթացքում կներկայացվեն վերը նշված ոլորտում հայտնաբերված խախտումները:
Սեպտեմբերի 30-ի առավոտյան Ջավախքի Գումբուրդո (Կումուրդո) քաղաքում 10-րդ դարի հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրելն արգելելու համար ոստիկաններն օդ էին կրակել և մահակներով դաժան ծեծի ենթարկել տեղի հայ բնակիչներին: Միջադեպի վերաբերյալ այօր լրագրողների հետ հանդիպմանն իր դիտարկումները կներկայացնի Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Նա նաև կանդրադառնա հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:
Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի շուրջ ծավալվող իրադարձությունները քննարկում են նույն համալսարանի դասախոսները: Քաղաքագետ, նույն համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը կանդրադառնան ուսանողների դասադուլին, բուհի գրադարանի որոշ գրքերի՝ մակուլատուրա հանձնելու ռեկտորի քայլին: Նրանք կխոսեն նաև ԿԳ նախարարին ուղղված բաց նամակի մասին:
Հոկտեմբերի 16-ին իր գործունեությունը կսկսի «Հայաստանի ստարտափ ակադեմիա»-ն: Ծրագրի նպատակն է ձևավորել բարձր ստանդարտներ ձեռնարկատիրական կրթության բնագավառում և զարգացնել ստարտափ մշակույթը Հայաստանում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարելավել տեխնոլոգիական ընկերությունների հմտությունները, որպեսզի նրանք կարողանան ճշգրիտ կողմնորոշվել և առաջարկել այնպիսի պրոդուկտներ, որոնք առավելագույնս պահանջված և «սիրված» կլինեն հաճախորդների կողմից: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ծրագրի նախաձեռնողները կներկայացնեն մանրամասներ:
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանությունը հրավիրում է ներկա գտնվելու «hra94» չեխական արվեստագետների խմբի ցուցադրման բացմանը: Ցուցադրության հանդիսավոր բացումը կիրականացվի ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկայի և Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի կողմից:
Ազգային պատկերասրահում կբացվի բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի (1912-1989) «Նավամատույցներ» խորագրով ցուցահանդեսը: Ավելի քան 90 գեղանկարչական ու գրաֆիկական երկերը պատմում են Հայաստանի, Սիլիստրայի գեղատեսիլ վայրերի ու գողտրիկ անկյունների մասին: Ընդգրկված են աշխատանքներ ընտանիքի ու մասնավոր հավաքածուներից, Սոֆիայի, Վառնայի, Պլովդիվի պատկերասրահներից` բնանկարներ, քաղաքային ու ծովային տեսարաններ, ինչպես նաև մեկ սրբապատկեր և եկեղեցու զարդապատկերների վերատպություններ:
Այսօր ՀՀ ԱԱԾ-ում տեղի կունենա Գորիկ Հակոբյանի վերջին հրաժեշտը: Գ.Հակոբյանը կյանքից հեռացել է 2017 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ծանր հիվանդությունից հետո: Նա մեծ ավանդ է ունեցել Հայրենիքի անվտանգության ապահովման գործում, որին նվիրել է իր ողջ գիտակցական կյանքը:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: