«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին կընդունի հանրապետության նախագահը։ Յոհանես Հանը կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Յոհանես Հանի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: Նա կներկայացնի սոցիալական պաշտպանության ոլորտի մեկ տարվա աշխատանքները:
«Թեքեյան» մշակութային կենտրոնում կմեկնարկի Հայկական ինտերնետ կառավարման երրորդ համաժողովը: Պաշտոնական բացմանը ելույթ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Կմասնակցեն ՄԱԿ-ի, Ինտերնետի անուններ և IP հասցեներ տրամադրող եվրոպական կազմակերպության (ICANN), «Ինտերնետ հանրության» եվրոպական բյուրոյի ներկայացուցիչներ։
Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի հարակից տարածքից կտրվի Երևանի հիրմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի սոցիալական բաղադրիչի մեկնարկը: Այս տարի «Էրեբունի-Երևան 2799» ծրագիրը կկրի «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսը:
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա Հայ լեզվաբանության XI միջազգային գիտաժողովի բացումը: Գիտաժողովին մասնակցում են նաև օտարազգի հայագետներ, հանրապետության գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 2-ը «Ոչ բռնությանը» միջազգային օրն է (International Day of Non-Violence): Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 2007-ի հունիսի 15-ի որոշմամբ։ Ամսաթիվը պատահական չէ ընտրված․ 1869-ի հոկտեմբերի 2-ին ծնվել է Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ եւ ոչ բռնության փիլիսոփայության հիմնադիր Մահաթմա Գանդին։ Օրվա թեմայով այսօր կխոսեն հոգեբան Սամվել Խուդոյանը եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Գիտությունների ազգային ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքը Սփյուռքի նախարարության հետ համատեղ կազմակերպում է «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» մենագրության շնորհանդեսը: Հեղինակը Հրանուշ Հակոբյանն է: Մենագրության շնորհանդեսին հրավիրված են պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, ակադեմիկոսներ, վերլուծաբաններ, փորձագետներ: Հրանուշ Հակոբյանի «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» աշխատությունը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: