«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
«Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա «ԴիջիԹեք Էքսպո 2017» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությունը:
Ծաղկաձորում կգործարկվի Հայաստանում առաջին համակարգային՝ 0,5 մեգավատ հզորությամբ «Արևէկ» արևային կայանը։ Միջոցառման շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը կամփոփի այլընտրանքային էներգետիկայի և էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ կատարված աշխատանքները։
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով, սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը նախատեսված է Ընկերվար (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների՝ շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչների ճանաչողական այց Արցախի Հանրապետություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը, ՀՅԴ երիտասարդականի արտաքին հարաբերական հանձնախմբի անդամ Սարինե Աբրահամյանը կներկայացնեն մանրամասներ:
Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Նա հանդես կգա աշխատանքային 100 օրվա հաշվետվությամբ:
Այսօր պարզ կլինեն Երևան քաղաքի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի մանրամասները: Դրանք կներկայացնի Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Սեպտեմբերի 29-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Սրտի համաշխարհայաին ֆեդերացիայի կողմից հռչակվել է որպես Սրտի համաշխարհային օր: Հայաստանի գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը կներկայացնի հիվանդացության միտումները, վիճակագրություն:
ՀՀ ոստիկանության շտաբի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության, անձնագրային և վիզաների վարչության, «Ճանապարհային ոստիկանության» ծառայության ներկայացուցիչները լրագրողներին կներկայացնեն ՀՀ ոստիկանության տարեկան գործունեության արդյունքները։
Վիկտոր Համբարձումյանի անվան պուրակում տեղի կուենա Միջազգային կրթական 5-րդ համաժողովը, որի ընթացքում ավելի քան 10 երկրների ներկայացուցիչներ ավելի քան 20 համալսարաններից կտրամադրեն մասնակի կամ ամբողջական կրթաթոշակոշակներ: Համաժողովի աշխատանքները կշարունակվեն սեպտեմբերի 30-ին Երևանում, Գյումրիում:
Այսօր կանցկացվի Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստը: Հանձնաժողովը համանախագահում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության (ԵԱՀ) ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը: Նախատեսված է նաև հայ-եգիպտական համատեղ գործարար համաժողով, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 14 եգիպտացի գործարար։
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:






