«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Կառավարության մեկ տարվա գործունեությամբ պայմանավորված գերատեսչությունները շարունակում են ամփոփիչ ասուլիսները: Այսօր` սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ կհանդիպեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նրանք կներկայացնեն իրենց գերատեսչության վերջին մեկ տարվա աշխատանքների արդյունքները։
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում սեպտեմբերի 26-29-ը կանցկացվի 7-րդ միջազգային սեմինար` «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով: Այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կմեկնարկի Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովը։ Աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները կքննարկեն առողջապահության ոլորտի մի շարք կարևոր հարցեր: Համաժողովի ավարտին երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև հանրային առողջության ոլորտում նախատեսվում է «Հանրային առողջապահություն 21» գիտական ամսագրի համատեղ ստեղծման համաձայնագրի ստորագրում:
Թումանյանի թանգարանում կմեկնարկի «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա արշավը, որը նպատակ ունի կանխարգելելու Հայաստանում երեխայի նկատմամբ բռնությունը: Ներկա կլինեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և այլք:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան կայցելեն Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ: Նրանք կմասնակցեն ՄՊՀ-ի մասնաճյուղի Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցի բացման պաշտոնական արարողությանը:
Ռուսաստանի, Հայաստանի ու Ղազախստանի տարածքում հոկտեմբերի 3-20-ը կայանալու են ՀԱՊԿ երկրների Զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2017», «Փոխներգործություն-2017» արագ արձագանքման հավաքական ուժերի ու «Անխախտ եղբայրություն-2017» ՀԱՊԿ Խաղաղապահ ուժերի համատեղ վարժանքները։ Առաջին անգամ բոլոր վարժանքները տեղի կունենան «Ռազմական եղբայրություն-2017» ռազմավարական վարժանքի մտահաղացման շրջանակում։ Վարժանքներին ընդառաջ ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը լրագրողների հետ հանդիպմանը կխոսի վարժանքների նպատակների ու խնդիրների մասին։
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:






