ՀՀ օրենսդրական բարեփոխումների շրջանակներում կանոնակարգվել են միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով միջպետական ուղևորափոխադրումների ժամանակ վթարների աճի վերաբերյալ հարցին: Նա քաղաքացիներին հորդորեց օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից, որովհետև տվյալ ընկերությունների ավտոմեքենաներն անցնում են պարտադիր տեխնիկական զննություն, ճանապարհ են դուրս գալիս երեք վարորդով, վարորդների աշխատանքային ռեժիմի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն, վարորդներն անցնում են բժշկական քննություն:
«Վթարներ կարող են պատահել նաև կանոնավոր ուղևորափոխադրումների պարագայում, սակայն նշածս գործոնները պատահարների քանակը նվազագույն են դարձնում: Կանոնավորների դեպքում տոմսերը վաճառվում են ավտոկայաններում և միայն ավտոկայանի հետ պայմանագիր ունեցող ենթակետերում»,- «Արմենպրես»–ի փոխանցմամբ, ասաց նախարարը:






