Շաբաթ, 31. 01. 2026

spot_img

Իգնատի Առաքելյանը ֆրանսիացի գործարարների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

     ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել հայ-ֆրանսիական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գործարարների հետ:

     Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել համագործակցության հնարավորություններին  գինեգործության, կոնյակագործության և օրգանական գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ բացվող նոր հեռանկարներին:  Ֆրանսիացի գործարարները նշել են, որ  իրենց զարմացրել է այն հանգամանքը, թե  որքան  շատ որակյալ գինի արտադրողներ են հայտնվել շուկայում վերջին տասը տարիների ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

     «Աշխարհը միշտ փնտրում է նոր գինիներ, Հայաստանն ունի խաղողի երեք տեսակ, որոնք չեք գտնի այլ երկրներում, դրանք են Արենին, Ոսկեհատը և Խնդողնին: Մասնագետների գնահատմամբ՝ հայկական գինու զարգացման գրավականը հենց այդ սորտերի առաջմղումն է»,- նշել է նախարար Առաքելյանը`  ընդգծելով, որ Գյուղատնտեսության նախարարությունը ստեղծել է Գինեգործության և խաղողագործության զարգացման հիմնադրամ, բացի այդ կան շատ սոմելյեներ, որոնք տարբեր երկրներում, մասնավորապես Ռուսաստանում տարածում են հայկական գինու բրենդը:

     Անդրադառնալով կոնյակագործության ոլորտին` Իգնատի Առաքելյանը նշել է, որ եթե գինին  զարգացման նոր փուլում է գտնվում, ապա հայկական կոնյակն ավելի կայացած շուկա ունի:

    Նախարար Առաքելյանը նաև տեղեկացրել է հյուրերին, որ օրգանական գյուղատնտեսության ուղղությունը զարգացնելու նպատակով Հայաստանն ակտիվորեն համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, քանի որ այն արտերկրի շուկայում, մասնավորապես Եվրոպայում այսօր մեծ պահանջարկ ունի և կարող է նպաստել փոքր գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը`  բարձր  շահութաբերության շնորհիվ:

     Ներկայացնելով պետական աջակցության ծրագրային փաթեթը, որը նպատակաուղղված է գյուղոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը` Իգնատի Առաքելյանն  այս հարցում կարևորել է Ֆրանսիայի մասնագիտացված ընկերությունների  փորձը` կոչ անելով համագործակցել և խորհրդատվական ծառայություններ տրամադրել մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ այգեգործության զարգացման գործում:

     Կողմերը մտքեր են փոխանակել նաև ոռոգման համակարգին, գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրմանն առնչվող և մի շարք այլ հարցերի շուրջ:

     Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն ուղղված  հետագա քայլերին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին