Երևանում անցկացվեց «Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումների օգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության եւ վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով սեմինար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: «2013 թվականից ցայսօր մենք դոպինգի հետ կապված խնդիր չունենք, բացառությամբ մեկ պատանի ըմբիշի: Անցկացված հետաքննությունն էլ պարզեց, որ այդ երեխան ինչ-որ ֆիթնես ակումբի մարզիչների խորհրդով է անծանոթ դեղահաբ օգտագործել՝ անձնական քաշն ավելացնելու նպատակով: Ներկայումս մեր մարզիկները գրեթե երեքշաբաթյա ռեժիմով դոպինգ թեստավորում են անցնում մեր հակադոպինգային ծառայության, ՀԱՕԿ-ի, նախարարության, ՎԱԴԱ-ի եւ միջազգային ֆեդերացիաների կողմից»,-ասել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:






