Չորեքշաբթի, 22. 01. 2025

spot_img

Հայաստանում հեշտացվել է երեխայի ծննդի համար միանվագ դրամական նպաստ ստանալու գործընթացը

    ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգի համակցումը հնարավորություն է ընձեռել երեխայի ծնունդը գրանցելիս Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմնում իրական ռեժիմում լրացնել միանվագ դրամական նպաստ ստանալու դիմումը:  ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով` այսուհետև քաղաքացին երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու մի քանի պետական ծառայություններ դիմում ներկայացնելու փոխարեն կարող է դիմել ՔԿԱԳ տարածքային բաժին` խնայելով և՛ ժամանակը, և՛ միջոցները:

    «Ցանկանում ենք ցույց տալ, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում տևական փոփոխություն մտցնել մեր առօրյա կյանքում: Հնարավորություններ են ստեղծում ոչ միայն հեշտացնել ծառայությունների մատուցումը` կրճատելով ժամանակը, այլ նաև նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Մեկ պատուհանի սկզբունքը մեր քաղաքականությունն է, և պարբերաբար կներկայացնենք, թե ինչ նոր քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ»,- «Արմենպրես» ի հաղորդմամբ` ընդգծեց Հարությունյանը:

   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ սոցիալական ծառայությունների մատուցման գործընթացները դյուրացնելու նպատակով նմանատիպ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:

     «Քաղաքացին պետական մարմին դիմելով անհրաժեշտ ծառայությունը ստանալու համար, օրինակ` երեխայի ծննդյան վկայականը, ունենում է հնարավորություն տեղում օգտվելու  սոցիալական ծառայություններից»,- նշեց Ասատրյանը:

     Ըստ նախարարի` առաջիկայում նախատեսվում է նաև դյուրացնել երրորդ և հաջորդ երեխայի  ծննդյան միանվագ նպաստի տրամադրման գործընթացը:

     «Երրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը տալիս անհրաժեշտ է որոշել տվյալ երեխայի ընտանիքում կարգաթիվը, իսկ դրա համար պետք է ավելի շատ տեղեկատվություն: ՔԿԱԳ-ում կան փաստաթղթեր, որոնք դեռևս թվայնացված չեն, ուստի նախատեսում ենք Արդարադատության նախարարության հետ համատեղ այս աշխատանքները շարունակել: 2018 թվականի հունվարի 1-ից անցում կկատարենք երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստ ստանալու հեշտացված համակարգին: Նաև նախատեսված է քաղաքացու մահվան դեպքում թաղման նպաստների տրամադրման գործընթացը նույնպես դյուրացնել»,- ասաց Ասատրյանը:

     2017 թվականի հունիսի 1-ից  երկու  ՔԿԱԳ  տարածքային  մարմիններում  մեկնարկել էր  փորձարարական հիմունքներով երեխայի  ծննդի  միանվագ  դրամական  նպաստ  ստանալու   մասին   դիմումների  լրացման  ծրագիրը,  իսկ սեպտեմբերի 1-ից կազմակերպվել էր ՔԿԱԳ տարածքային մարմինների աշխատակիցների վերապատրաստումը, և այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԿԱԳ տարածքային մարմիններում երեխայի յուրաքանչյուր ծնունդ գրանցելիս, նաև ըստ դիմողի ցանկության, հնարավոր է լրացնել երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու դիմումը:

     Դիմողն ինքն է որոշում, թե ինչ եղանակով և որտեղից է ուզում ստանալ նպաստը: 
    Նույն ծրագիրն առաջիկայում տարածվելու է նաև մահվան պետական գրանցման ընթացքում թաղման նպաստ ստանալու դիմումների ընդունման գործընթացի վրա:

   Ծրագիրը կյանքի է կոչվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի իրականացված «Հանրային  նորարարություն» մրցույթին  ներկայցված գաղափարն իրականացնելու արդյունքում և Եվրամիության օժանդակությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին