Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին բարեհաջող կերպով վերադարձել է Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին բարեհաջող վերադարձել է հայրենիք՝ բուժումը շարունակելու նպատակով»,– հայտնել է նա։
Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին 28-ամյա Աբդել Ռահման Շաաբան անունով անձը սառը զենքով հարձակվել էր հանգստացողների վրա: Գերմանիայի երկու քաղաքացի մահացել էր, չորս մարդ՝ երկու հայ, մեկ ռուս և մեկ չեխ, ստացել էին մարմնական վնասվածք: Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին հատուկ չվերթով տեղափոխել էին Կահիրեի լավագույն հիվանդանոցներից մեկը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար: