Հայկական Ucom և ռուսական MTT ընկերությունները հայտարարեցին նոր ու համատեղ «Ունիվերսալ պլյուս» և «Իմ Հայաստան» ծառայությունների մեկնարկի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ներկայացնելով ծառայության վերաբերյալ մանրամասները, նշեց, որ Dual SIM տեխնոլոգիայի շնորհիվ Ucom-ի բաժանորդները բացառիկ հնարավորություն կունենան մեկ SIM քարտում համատեղել երկու հեռախոսահամար` հայկական և ռուսական, հայկական համարը` Հայաստանում, ռուսականը` Ռուսաստանում օգտագործելու համար: «Aiva Mobile-ի հետ մեզ հաջողվել է հայկական շուկայի համար հեղափոխական առաջարկ ներկայացնել, որը Ucom-ի բաժանորդներին թույլ կտա ընդմիշտ մոռանալ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռոումինգի մասին: Հայաստանում բաժանորդները կօգտագործեն հայկական հեռախոսահամարը «Ունիվերսալ պլյուս» հետվճարային սակագնային պլանով և ներառված րոպեներով կկարողանան զանգել նաև Ռուսաստանի բոլոր ցանցեր, իսկ Ռուսաստանում կօգտվեն ռուսական համարից «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանով և կզանգեն Հայաստանի բոլոր ցանցեր մատչելի սակագներով»,- պարզաբանեց Հայկ Եսայանը:
Նա հավելեց, որ սակագնային պլանը ստեղծվել է՝ հաշվի առնելով Ucom-ի բաժանորդների շրջանում անցկացված հետազոտության արդյունքները, ըստ որոնց ընկերության բաժանորդների միջազգային զանգերի 70 տոկոսից ավելին կատարվում է դեպի Ռուսաստան: «Ունիվերսալ պլյուս» հետվճարային ծառայության հետ բաժանորդները ոչ միայն ձեռք են բերում 1SIM քարտ երկու համարով` հայկական և ռուսական, այլ նաև սակագնային պլանում ներառված րոպեները կարողանում են օգտագործել Հայաստանից Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգեր կատարելու համար: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում գտնվելիս` ցանկացած համարով ստացված բոլոր մուտքային զանգերն անվճար են»,- ընդգծեց Հայկ Եսայանը:
MTT ընկերության գլխավոր փոխտնօրեն Անդրեյ Աժիգիրովը նշեց, որ Հայաստանը ԱՊՀ-ում ամենազարգացած հեռահաղորդակցության շուկաներից մեկն է, ուստի բարձր որակի ծառայությունները և մատչելի գները, ինչպես նաև Aiva Mobile ցանցի ներսում ռոումինգի բացակայությունը մեծ պահանջարկ կունենա Ucom-ի բաժանորդների շրջանում: Նա հավելեց, որ Ռուսաստան ժամանելու պես բաժանորդները ստանում են Sms ծանուցում, որն առաջարկում է ընտրել Aiva Mobile ցանցը: Հեռախոսի էկրանին հավաքելով ծառայության հատուկ USSD հրահանգը,կախված բաժանորդի գտնվելու վայրից, վերջինս ստանում է Aiva Mobile-ի մոսկովյան կամ պետերբուրգյան հեռախոսահամարը: