ԱԻՆ-ն այս տարի իր մասնագիտական տոնը դիմավորում է բավականին մեծ մարտահրավերներ հաղթահարած. վերջին 20 օրվա ընթացքում 3 խոշոր հրդեհաշիջում է իրականացվել աշխատակազմի կատարած աշխատանքների շնորհիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, նման մասշտաբի և հաճախականության հրդեհներ, արտակարգ դեպքեր Հայաստանում արդեն երկար ժամանակ չէին գրանցվել։
«ԱԻՆ-ը որպես նախարարություն ստեղծվել է 2008 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման սկզբից։ Այս 9-ը տարիների ընթացքում մեզ հաջողվել է ստեղծել համակարգ, որը հանրությանը մատուցում է բազմապիսի ծառայություններ՝ սկսած փրկարար աշխատանքներից մինչև սեյսմիկ ռիսկերի գնահատում և դիտարկում»,- նշեց փոխնախարրը։
Նրա խոսքով՝ ԱԻՆ համակարգի աշխատակիցների աշխատանքի շնորհիվ նախարարությունն այսօր վայելում է հանրության վստահությունը։ Սա, նրա կարծիքով, նախարարության ամենակարևոր ձեռքբերումն է։ 911 ծառայությունը տարեկան ընդունում է միլիոնավոր զանգեր. 2017 հունվար-օգոստոս ամիսներին ստացվել է 1.239.372 զանգ, որից 7751-ը եղել են արտակարգ, 5026-ը կենցաղային բնույթի դեպքեր։
«Փրկարարական ստորաբաժանումներն իրականացրել են 12515 ելք. նախորդ տարվա համեմատ 15.1 տոկոսով աճ է գրանցվել։ Հանրապետության բոլոր մարզերում ստեղծվել են ճգնաժամային կառավարման կենտրոններ, ինչի արդյունքում 911 ահազանգերի ստացումը ապակենտրոնացվել է՝ բարձրացնելով արձագանքման օպերատիվությունը»,- ասաց փոխնախարարը և հավելեց, որ Տավուշի մարզում ստեղծվել է քաղպաշտպանության 10 հենակետ՝ Ազատամուտ, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ոսկեվան, Սարի գյուղ, Բերդավան և Կոթի սահմանամերձ համայնքներում։
Դավիթ Կարապետյանը նշեց, որ քաղպաշտպանության հենակետերը նախատեսված են սահմանամերձ բնակավայրերի, հատուկ նշանակության օբյեկտների պաշտպանության, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածների հայտնաբերման, տարհանման և առաջին բուժօգնության ցուցաբերման համար։
Փոխնախար Կարապետյանը նախարարության համար կարևոր ձեռքբերում է համարում նաև ԱԻՆ հոգեբանական կենտրոնի ստեղծումը։
«Կենտրոնի աշխատակիցները սպասարկում են ոչ միայն 911 ահազանգերը և ծառայությունն իրականացնում արտակարգ դեպքերի վայրերում, այլև աշխատանքներ են տանում արտակարգ իրավիճակներում, դժվար պայմաններում հայտնված փրկարարների հետ։ Անշուշտ, շատ կարևոր է նաև, որ մեր նախարարությունում հաշմանդամություն ունեցող անձինք են աշխատում։ ԱԻՆ-ում այսօր աշխատում է 36 սայլակով մարդ, ում աշխատանքային պայմանները շարունակաբար բարելավում են, իրագործվում են ներառական ծրագրեր։ Նրանց համար ստեղծված են սպորտային հարմարություններ, ստեղծվել է սայլակավոր հաշմանդամների բասկետբոլային թիմ»,- ասաց Կարապետյանը։
ՀՀ ԱԻ նախարարի տեղակալն ասաց, որ նախարարությունն ունի 7 գերակա խնդիր, որոնցից հատկապես առանձնացրեց հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի իրականացումը։ Նրա պնդմամբ՝ այս համակարգը կիրառում են աշխարհի զարգացած երկրներում։ Ծրագրի շրջանակներում արդեն իսկ արդիականացվել է Արագածոտնի մարզում տեղակայված ռադիոլոկացիոն կայանը։ Իրականացվել են հրթիռային ներգործության աշխատանքներում ներգրավվելիք անձնակազմի ուսուցում, համապատասխան հրթիռային պահեստները վերանորոգվել և կահավորվել են։ Քաղավիացիայի գլխավոր վարչության հետ մշակվել է գործակցության կարգ՝ սահմանելով հրթիռային ներգործության համար քաղավիացիայի կողմից թույլտվությունների կարգը։
«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Արմավիրի և Արագածոտնի մարզերում կտեղադրվի հրթիռային 3 կայան, որոնք պաշտպանության տակ կառնեն շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք»,- ընդգծեց Դավիթ Կարապետյանը։