Երեքշաբթի, 25. 06. 2024

spot_img

«Ընկեր նշանակում է համախոհ, գաղափարակից». Զրույց ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ

-Ղարաբաղցիներն ասում են, որ Դուք ղարաբաղցի եք, գորիսեցիները Ձեզ գորիսեցի են համարում, իսկ Եղվարդի ժողովուրդը պնդում է, որ Դուք եղվարդցի եք… Որտեղի՞ց եք Դուք իրականում։

-Ես ուրախ և շնորհակալ եմ, որ ղարաբաղցիները, գորիսեցիները, եղվարդցիները ինձ իրենցն են համարում։ Իրականում՝ հայրս գորիսեցի է, մայրս՝ ղարաբաղցի (քարինտակցի)։ Ես ծնվել եմ Շուշիում, ապրել եմ Շամխորի շրջանի Աթաբեկ գյուղում։ Այնուհետև մեր ընտանիքը տեղափոխվել է Նաիրիի շրջան և բնակություն հաստատել այդտեղ։ Ծնողներս մանկավարժներ էին և զինվորականի նման ստիպված են եղել տեղից տեղ տեղափոխվել, աշխատել տարբեր վայրերում։ Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ճշտապահությունը, բարեխղճությունը, արդարամտությունը, օրինավորությունը կենսակերպ էին։ Թերևս վայրից վայր տեղափոխվելու հետևանքն էլ է դեր խաղացել, որ ծնողներս մեծ ուշադրություն դարձնեն իրենց երեխաների դաստիարակությանը և նախանձախնդիր լինեն նրանց վարքի և բարոյականության հանդեպ։ Ծնողներս հարգված էին, ինձ մշտապես պարտավորեցրել է ծնողներիս հեղինակությունը…

-Դուք ինչպիսի՞ն էիք մանկության տարիներին։

-Ես խաղաղ էի, պարկեշտ, օրինավոր, աշխատասեր… Գիտեք, դպրոցական տարիներին ես լիդեր չեմ եղել, բայց ունեցել եմ իմ տեղն ու դիրքը ընկերական շրջապատում, իմ խոսքը, իմ վերաբերմունքը, իմ կարծիքը… Դպրոցում ինձ սիրում էին, որովհետև ես օգնում էի ընկերներիս… այդ գիծը ի սկզբանե եղել է իմ մեջ։ Ես սիրում եմ օգնել մարդկանց՝ հեռու-մոտիկ, ծանոթ- անծանոթ… Ինչ-որ մեկին ինչ-որ բանով օգնելը իմ կյանքի թերևս ամենակարևոր գաղափարն է…

-Կարեկցանքի՞ց դրդված…

-Ե՛վ կարեկցանքից, և՛ կողքինի համար, կողքինի ճակատագրի հանդեպ պատասխանատվություն կրելու պարտավորությունից։ Դպրոցում սիրում էի ճշգրիտ առարկաները։ Լավ եմ սովորել հատկապես ֆիզիկան, մաթեմատիկան… Սպորտով եմ զբաղվել՝ ըմբշամարտով, և՛ դպրոցական տարիներին, և՛ ռազմական բուհում։

-Ո՞ր առարկան չեք սիրել։

-Քիմիան… Չգիտես ինչու։ Շատ էի սիրում նաև հայոց լեզու և գրականություն առարկան, պատմությունը։ Իսկ զինվորական դառնալ մտադրվել եմ դպրոցական տարիքից։ Խորհրդային տարիներին մի հաղորդում կար՝ «Ծառայում եմ Սովետական Միությանը», շատ էի սիրում այդ հաղորդումը և կլանված դիտում էի։ Ինձ դուր էին գալիս զինվորական համազգեստով մարդիկ, բանակային կյանքը…

-Կարելի՞ է ասել, որ բարձրագույն զինվորական ուսումնարանում սովորելու տարիներին Դուք զինվորական դարձաք։

-Թերևս ինքնաբացահայտման տարիներ էին։ Ես հասկացա, որ մասնագիտական ճիշտ ընտրություն եմ արել՝ դա իմ աշխարհն էր՝ կարգապահություն, պարտաճանաչություն, հայրանասիրություն, խիզախումի, նվիրվածության, մաքառումի, պայքարի, պատասխանատվության աշխարհը… Դա իմ տարածքն էր, ու այդտեղ ես լիդեր էի։

-Ի՞նչ է պետք մարդուն առաջնորդ լինելու համար, որո՞նք են լիդերին բնորոշ հատկանիշները… Ինչպիսի՞ մարդիկ են կարողանում իշխել…

-Իշխելն ու առաջնորդելը տարբեր բաներ են։ Իշխել կարող են նաև բռնությամբ, հարկադրաբար, օգտագործելով տվյալ պահին շահեկան դիրքդ… Իսկ առաջնորդելու համար պետք են մտավոր բարձր ունակություններ, հարուստ ներաշխարհ, առաքինություններ, հոգեբանական հատկանիշներ, արդար, վստահելի, արժանավոր, հուսալի լինելու կարողություն, հռետորական ձիրք… Վճռականություն… որոշումներ կայացնելու և դրանց համար պատասխանատվություն կրելու խիզախություն… Առաջնորդը գնում է առջևից և պատրաստ է իր վրա վերցնելու առաջին հարվածը…

-Դժվա՞ր էր առաջխաղացումը զինվորական հրամանատարական աստիճաններով։

-Անշուշտ, հեշտ չէր, յուրաքանչյուր հաջողության հետևում ահռելի աշխատանք կա, ջանքեր, տքնանք։ Եղել են նաև ձախողումներ… Բայց ուզում եմ շեշտել, որ ես երբեք (մինչ օրս) որևէ մեկին չեմ դիմել պաշտոնի առաջխաղացման համար, չի եղել որևէ մեկի հովանավորությունն ու աջակցությունը։ Առաջխաղացման միակ հենքն ու դրդապատճառը եղել է իմ աշխատանքը։ Սա դժվար, ճիշտ ու ազնիվ ճանապարհ է։

-Ո՞վ է եղել Ձեր զինվորական ուսուցիչը, այսպես ասած, Ձեր զինվորական կնքահայրը։

-Երբ կուրսանտ էի, ինձ համար զինվորականի չափանիշ էր իմ դասակի հրամանատարը՝ իր արդարամտությամբ, խստապահանջությամբ, միևնույն ժամանակ գթասրտությամբ ու հոգատարությամբ։ Երբ գումարտակի հրամանատար էի, սովորում էի իմ գնդի հրամանատարից։ Իսկ պաշտպանության բանակում ծառայելու տարիներին ինձ համար օրինակ էր երկրի ներկայիս նախագահը։ Ես իմ ուսուցիչ եմ համարում նաև Նժդեհին, մարշալ Բաղրամյանին, ծովակալ Իսակովին, Մոնթեին…

-Դուք Արցախի ազգային հերոս եք։ Ինչպե՞ս է մարդը հերոսանում։

-Անհոգի, անշունչ ու գետնամած ժամանակները հերոսներ չեն ծնում։ Հերոսները բարձրանում են, երբ կա համապատասխան մթնոլորտ, պաթոս, բարոյականություն, մղում։ Երբ ժամանակները, բարքերը, արժեքներն ու գաղափարները հերոսական են։ Եվ ընդհանուրից առանձնանում են մարդիկ, ովքեր ստանձնում են առջևից գնալու քաջությունը, ովքեր խիզախելու ու սխրագործելու ուժ են գտնում իրենց մեջ։ Ամեն դեպքում, այնքան դժվար չէ հերոսանալը, որքան հերոսի կերպարն ու հեղինակությունը անխաթար պահելը… Երբ մարդիկ քեզանից պահանջում են հերոսի վարք ու քաջություն նաև խաղաղ ժամանակներում։ Եվ դու պարտավոր ես հերոսաբար ապրել… Եթե ցանկանում ես հերոսներ ունենալ, պիտի հերոսանալու միջավայր ստեղծես։ Սա կոչ է հրամանատարիներին… Ի վերջո, եթե չասեմ յուրաքանչյուր զինվորի, ապա շատ շատերի մեջ նստած է հերոսը, պարզապես պիտի արթնացնես նրան, գտնես արթնացնելու ճանապարհը…

-Դժվա՞ր է նախարար լինելը։

-Դժվար է։ Եվ ամենադժվարը ոչ այնքան ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է, որքան՝ հոգեբանական լարվածությունը, պատասխանատվության ահռելի բեռը։ Երբ դու պատասխանատու ես և՛ հայրենիքի անվտանգության, և՛ յուրաքանչյուր զինվորի ֆիզիկական, հոգեբանական, բարոյական պաշտպանվածության համար։

-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչած քննադատությանը։

-Ե՛վ իմ, և՛ բանակի հասցեին հնչած քննադատությունն ընդունում եմ երախտագիտությամբ, եթե այն նպատակ ունի մեզ ավելի լավը դարձնելու։ Չարախոսությունն ու բամբասանքը, զրպարտությունն ու ամեն ինչ անտեսելու մոլուցքը վտանգավոր է և, բնականաբար, չի կարող չարժանանալ հակակրանքի ու հակազդեցության։

-Ձեզ համար կարևո՞ր է, թե ինչ են մտածում մարդիկ Ձեր մասին, կամ ինչպիսի տրամադրությամբ հեռացան Ձեր ընդունարանից։

-Անչափ կարևոր է։ Ես չեմ կարողանում գտնել տեղս, երբ ստիպված եմ լինում նեղացնել որևէ մեկին։

-Ձեր մտերիմներն ասում են, որ Ձեր պրագմատիկ, հավասարակշիռ, սառնարյուն, անխոցելի կերպարի տակ թաքնված է զգայուն սիրտ, զգացմունքային հոգի և փխրուն ներաշխարհ։

-Ես պարտավոր եմ հույզերս, ապրումներս պահել ներսում և լինել հավասարակշիռ, սառնարյուն և պրագմատիկ։ Ես իրավունք չունեմ ի ցույց դնելու իմ ներքին խնդիրները։ Այլ բան է, երբ կողքիս մտերիմ մարդիկ են, հարազատներ, ընկերներ։

-Դուք շա՞տ ընկերներ ունեք։

-Ո՛չ, ես քիչ ընկերներ ունեմ և շատ մտերիմ եմ նրանց հետ։

-Իսկ կանայք կա՞ն Ձեր մտերիմ ընկերների շրջանում։ Կարո՞ղ եք ընկերություն անել կնոջ հետ։

-Ինչու ոչ… Օրինակ իմ կնոջ հետ շատ լավ ընկերներ ենք։ Ընկեր նշանակում է համախոհ, գաղափարակից… Մեկը, որ ունի քո բարոյական սկզբունքները, արժեհամակարգը…

-Իսկ որքանո՞վ են հավաստի պտտվող լուրերը, թե նախարարը այնքան էլ չի վստահում կանանց և չի խրախուսում կանանց առատությունը պաշտպանական համակարգում։

-Չէ, դա այդպես չէ։ Պարզապես ես չեմ ցանկանում կանանց տեսնել այնպիսի ոլորտներում, որոնք ավելի բնորոշ են տղամարդկանց։ Համակարգում աշխատում են բազմաթիվ կանայք, որոնք բարեխղճորեն են կատարում իրենց պարտականությունները։ Ես խրախուսում եմ կանանց ներկայությունը բանակում, նրանք յուրահատուկ սեր, քնքշանք և բարություն են սփռում։

-Ձեզ դո՞ւր է գալիս, երբ կինը զինվորական համազգեստ է կրում։

-Եթե կինը գեղեցիկ է, խելացի, ունի հարուստ ներաշխարհ, համազգեստը բազմապատկում է նրա հմայքը։

-Ինչպիսի՞ կանայք են Ձեզ դուր գալիս։

-Կինը պետք է խելացի լինի։ Կնոջ ինտելեկտը առաջնային նշանակություն ունի ինձ համար։ Ինչու ոչ, կարևոր է նաև գեղեցկությունը։ Կինը պետք է հարուստ ներաշխարհ ունենա։ Ես ու կինս խառնվածքով փոխլրացնում ենք միմյանց։ Իմ հանդարտության կողքին կնոջս եռանդն ու աշխուժությունը, ինչպես նաև կատարյալ փոխըմբռնումը մեր հարաբերությունները դարձրել են առավելագույնս ներդաշնակ։ Ինձ համար շատ կարևոր են ընտանեկան հարմարավետությունը, ջերմությունը, անդորրը։ Ես նախանձախնդիր եմ ընտանիքիս հեղինակության հանդեպ։ Հպարտանում եմ, որ երկու որդիներս զինվորական են և ծառայում են Ղարաբաղի բանակում։ Նրանք չափավոր են, զուսպ և գիտեն, որ նախարարի որդի լինելը ոչ թե արտոնություն է, այլ առավել օրինավոր լինելու պարտականություն։ Այդպես եմ դաստիարակում նաև փոքրիկներիս։ Եվ իմ ամբողջ ընտանիքն է ապրում այդ մտածողությամբ

-Մարդկային խառնվածքի ո՞ր գծերը չեք կարող հանդուրժել։

-Սնապարծությունն ու ամբարտավանությունը։ Չեմ սիրում հավակնոտ մարդկանց, մանավանդ՝ եթե նրանց մտավոր, հոգևոր ու բարոյական կարողությունները շատ հեռու են իրենց հավակնություններից։

-Իսկ մարդու ո՞ր առաքինությունն եք կարևորում ամենից շատ։

-Սկզբունքայնությունը։ Չեմ սիրում պատեհապաշտներին։ Սկզբունքներին հավատարիմ մնալու քաջությունը կարևոր առաքինություն է։ Չեմ վստահում ճկվող մարդկանց։

-Պարոն Օհանյան, ի՞նչն է Ձեզ հուզում այսօր մեր իրականության մեջ ամենից շատ։

-Հանդուրժողականության պակասը։ Սեփական սխալների վրա աչք փակելու, ուրիշի վրիպումները խոշորացույցի տակ դնելու մտայնությունը, մեղավորներ փնտրելու մոլուցքը։ Երբ նվազում է հանդուրժողականությունը, նշանակում է նվազել են սերն ու միասնականությունը։

-Իսկ ո՞րն է Ձեր լավատեսության ամենամեծ երաշխիքը, ակունքը, նախադրյալը։

-Սահմանին կանգնած զինվոր… Զինվորի ամրությունը, քաջությունը, ոգին, հայրենասիրությունը։ Ես ամեն պահի «զգում եմ» զինվորին, իմ միտքը երբեք չի հեռանում սահմանից, իմ միտքը երբեք չի ազատվում սահմանին կանգնած զինվորի պատկերից։ Այն զինվորը, որ երկու տարի պահել է սահմանը, հետո վերադարձել է հասարակություն, իր հետ տանելու է «սահմանի» ուժը, ոգեղենությունը, սերը, հայրենիքի զգացողությունը… «Սահմանի» բարոյականությունը… Ու հետզհետե մաքրելու է հասարակությունը խորթ գաղափարներից ու բարքերից։

-Կա՞ մեկը, որին կցանկանայիք շնորհակալություն ասել։

-Սահմանի պահող զինվորին։ Ամուր սեղմում եմ նրա ձեռքը ու հայտնում իմ երախտագիտությունը։

-Իսկ կա՞ մեկը, որից կցանկանայիք ներողություն խնդրել։

-Այն ծնողից, որի որդին չի վերադարձել բանակից, իմ պարտությունների ու ձախողումների մեջ դա ամենացավոտն է, ամենադժվարը…

-Ի՞նչ է փոխել նախարարի պաշտոնը Ձեր մարդկային նկարագրի մեջ, Ձեր կերպարում… Ի՞նչ է վերցրել Ձեզնից և ի՞նչ է տվել Ձեզ։

-Այս պաշտոնը ինձ է փոխանցվել այնպիսի գործիչներից, ինչպիսիք են Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը… և շատ մեծ է պատասխանատվությունը պահելու այն նշաձողը, որ նրանք են բարձրացրել, պահպանելու նրանց ձեռքբերումները և ավելացնելու սեփական վաստակը այս ամենին։ Ես շատ հաճույքներից եմ զրկել ինձ, որպեսզի վաստակեմ այն հպարտությունը, որ ունեմ այսօր։ Եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ ձախողումներ, բայց ես աշխատել եմ ուժերի գերլարումով և ամեն ինչ ստորադասել եմ աշխատանքին։ Մարդկային նկարագրի մե՞ջ… Ինձ համար դժվար է «ոչ» ասել մարդուն, բայց այս պաշտոնն ինձ ստիպում է «ոչ» ասել, երբ դա անհրաժեշտ է։ Հիմա, երբ ես ստիպված եմ լինում ընտրություն անել գթասրտության և արդարության միջև, ես ընտրում եմ արդարությունը…

-Նախկինում այդպես չէ՞ր…

-Նախկինում ես կարող էի ավելի բարի լինել, որովհետև իմ անհարկի բարությունը չէր ոտնահարում ուրիշների իրավունքները…

-Ձեր բնավորության ո՞ր գիծն եք ամենից բարձր գնահատում։

-Մարդուն լսելու կարողությունը… Ուրիշի հոգսին հաղորդակցվելու ունակությունը…

-Պարոն Օհանյան, Ձեր որդիները ծառայե՞լ են ազգային բանակում, ուզում եմ հարցնել` սովորական զինվորի նմա՞ն են ծառայել, տեսե՞լ են դիրք, խրամատ, առաջին գիծ։

-Ես երեք տղա ունեմ։ Փոքրս մանկահասակ է։ Ավագ որդիս` Արթուրը, ռազմական կրթություն է ստացել, սպա է։ Միջնեկ տղաս ինստիտուտի առաջին կուրսից գնաց բանակ եւ ծառայեց պաշտպանական բանակում։

-Դա այն ժամանակ, երբ Դուք պաշտպանական բանակի հրամանատա՞րն էիք։

-Այո՛։ Ինչ վերաբերում է դիրք, խրամատ ու առաջին գիծ տեսնելուն, դրանք տեսել է անգամ իմ փոքրիկ տղան, երբ դեռ ինը ամսական էր։ Սովորություն է դարձել` ես Նոր տարին դիմավորում եմ խրամատում, զինվորներիս հետ, հաճախ հետս է լինում նաեւ ընտանիքս։ Այնպես որ, Ձեր հարցը ինձ համար չէ, կամ որդիներիս համար չէ։ Տղաս ծառայել է ինչպես բոլոր զինվորները։ Որպես պաշտպանական բանակի հրամանատարի զավակ, նա ունեցել է միայն լրացուցիչ պարտավորություններ եւ` ոչ մի արտոնություն։

-Ի՞նչ լրացուցիչ պարտավորություն։

-Օրինակելի լինելու, նվիրված ծառայելու, միշտ զգոն լինելու պարտավորություն։ Ինչ վերաբերում է զինվորի հանդեպ տարբերակված մոտեցմանը կամ ինչ-ինչ անօրինականություններին, ապա ասեմ, որ բարեփոխումների ծրագրում այս խնդիրը լուրջ ուշադրության է արժանացել, հստակեցվել եւ ուժեղացվել են հսկողական մեխանիզմները։ Մենք պիտի անենք հնարավորը, որ հայկական բանակն օրինակ լինի պետական կառույցի բոլոր օղակների համար իր օրինականությամբ, բարոյականությամբ ու գաղափարական ներուժով։

-Պարոն Օհանյան, հայ սպայի հավաքական նկարագրում հատկապես ի՞նչը Ձեզ դուր չի գալիս։

-Տարրական պահվածքը։ Ցանկանում եմ, որ սպան ավելի նախանձախնդիր լինի իր խոսքի, շարժուձեւի, մարդկանց հետ շփվելու կուլտուրայի, արտաքին տեսքի հանդեպ։ Ցանկանում եմ հայ սպային ավելի բարեկիրթ տեսնել։

-Զինադադարից հետո մեր պետության եւ հասարակության կարեւորագույն խնդիրն էր ստեղծել զինադադարը հաղթանակով պսակելու, ղարաբաղյան հարցը մեր օգտին վճռելու, պատերազմական նվաճումները պահելու երաշխիքներ եւ ձեւավորել գալիք մարտահրավերներին դիմակայելու պատրաստ հասարակություն։

-Պատերազմական նվաճումները պահպանվում են, բանակը հետ չի մնացել տարածաշրջանային զարգացման տեմպերից, ընդհակառակը` մենք պարտադրող ենք սահմանին, սա արդեն ինչ-որ բան նշանակում է։ Բայց, ամեն դեպքում, մենք պատերազմի դաշտում, վտանգի ժամանակ շատ ավելի ուժեղ ենք, հավաք ու միասնական, քան խաղաղության ժամանակ։

-Ի՞նչ չենք արել, որ կարող էինք անել։

-Կարող էինք ունենալ ավելի համերաշխ, ավելի գաղափարամետ, ավելի հավաք, ավելի բարեկեցիկ հասարակություն։

-Կա շրջանառու հարց` ի՞նչ է տալիս բանակը զինվորին, Ձեր կարծիքով` այս դիտարկումը շինծու չէ՞։ Բանա՞կը պետք է զինվորին ինչ-որ բան տա, թե՞ զինվորը` բանակին։ Ինչո՞ւ չասել, որ ծառայությունը բարոյական պարտք է, գիտակցված զրկանք։

-Հենց այդպես էլ պետք է ասել: Զինվորը կատարում է որդիական պարտքը մայր հայրենիքի հանդեպ, զենքը ձեռքին, թշնամու գնդակի դեմ կանգնած, կյանքը վտանգած` պաշտպանում է հարազատ հողը։ Որովհետեւ հայրենիքը թանկ է կյանքից, յուրաքանչյուրիս կյանքից, յուրաքանչյուրիս որդու կյանքից։ Սա միանշանակ է։ Բայց նաեւ չմոռանանք, որ կյանք մտնելուց առաջ, կյանքի դժվարություններին, բազմաբարդ փոխհարաբերություններին բախվելուց առաջ բանակը տղայի համար փորձառության դպրոց է, եւ այդ փորձառությունը նա մենակ չի անցնում, կողքին հրամանատարներն են։

-Պարոն Օհանյան, Դուք ինչպե՞ս եք ապրում ծառայությունից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք, ո՞ւմ հետ եք շփվում, ինչպե՞ս եք զվարճանում…

-Ծառայությունից հետո, եթե ժամանակ եմ ունենում, ընթերցում եմ։ Սիրում եմ բիլիարդ խաղալ, նույնիսկ մրցումների եմ մասնակցել։ Ինչ վերաբերում է զվարճանքներին, աղմկոտ հասարակություն չեմ սիրում, գերադասում եմ փոքր շրջանակը, մտերիմ միջավայրը, երբ բոլորս իրար հասկանում ենք, երբ կա փոխըմբռնում, ջերմություն, մի խոսքով, սիրում եմ հանգստանալ մտերիմ ընկերներիս, հարազատներիս հետ։ Հաճույքով եմ օգնում մարդկանց։ Ես խոսքի տեր մարդ եմ ու երբեմն դժվար իրագործելի խոստումներ եմ տալիս եւ մեծ ջանքեր եմ գործադրում դրանք կատարելու համար։ Մարդկանց մեջ շատ բարձր եմ գնահատում պարտաճանաչությունը, չեմ հանդուրժում ստախոս ու ցինիկ մարդկանց։

-Պարոն Օհանյան, Դուք, բնականաբար, հնարավորություն չունեք անձամբ զրուցելու ազգային բանակի բոլոր զինվորների ու սպաների հետ եւ ասելու Ձեր խոսքը։ Այս պահին Դուք ունեք այդ հնարավորությունը։

-Ցավում եմ, որ չեմ կարող սեղմել իմ յուրաքանչյուր զինվորի ձեռքը, նրա պատվո ողջույնին պատասխանել պատիվ տալով ու ասել` շնորհակալ եմ։ …Զինվորին ուզում եմ ասել` լավ սովորիր զինվորական գործը, որպեսզի կարողանաս պաշտպանել ինքդ քեզ ու նրանց, ովքեր քո պաշտպանության կարիքն ունեն։ Երբեք չընկճվես դժվարություններից, մենք բոլորս անցել ենք այն ճանապարհը, որ դու ես անցնում հիմա։ Իսկ սպաներին` նորընծա լեյտենանտից մինչեւ գնդապետ, կհիշեցնեի, որ զինվորականի մասնագիտությունը ամենապատվարժանն է, ամենահերոսականը, ամենաինքնազոհը, նաեւ կպատվիրեի, որ անվերապահորեն հարգեն եւ սիրեն զինվորին, երբեք չմոռանան, որ իրենք մի ամբողջություն են։ Բոլորին մաղթում է անփորձանք ու պատվով ծառայություն։

-Որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ ուրախությունները…

-Երբ ես տանն եմ, լիարժեք սիրո, ներդաշնակության ու խաղաղության մեջ եմ… Ամբողջովին լիցքաթափվում եմ, երբ խաղում եմ փոքրիկներիս հետ։ Ամեն Աստծո օրը, բարի խաղաղ առավոտը, որ բացվում է Հայաստանի ու հայ զինվորի համար, իր ուրույն, իր մեծ խորհուրդն ունի, եթե դու անցել ես պատերազմի բոցերով ու տեսել ես, թե ինչպես է զոհվում զինվորդ աչքիդ առաջ… Իմ «փոքրիկ ուրախությունները» շատ-շատ են, որովհետև ես գիտեմ դրանց արժեքը…

www.gayanepoghosyan.blog.com

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին