Շաբաթ, 05. 10. 2024

spot_img

Արամ Սեփեթճեանը՝ Գրական Կամուրջ

ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցաւ գրական հանդիսութիւն՝ նուիրուած արձակագիր, հրապարակագիր Արամ Սեփեթճեանի ծննդեան 80-ամեակին եւ նրա «Ձայներ Լռութեան Մէջ» (խոհագրութիւն), «Գրական Հանդիպումներ» (փորձագրութիւն) գրքերի շնորհանդէսին:

ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնեանը, շնորհաւորելով Արամ Սեփեթճեանին ծննդեան 80-ամեակի եւ երկու գրքերի լոյսընծայման առիթով, նշեց, որ այդ ժողովածուներն ընդգրկում են գրողի ողջ գրական հունձքը: «50-60 տարի շարունակ Լիբանանի տարբեր հանդէսներում նա անդրադարձել է լիբանանահայ կեանքին, գրական, հասարակական, քաղաքական, անցեալի ու ներկայի բազմաթիւ խնդիրների… Ստեղծելով ու ներկայի բազմաթիւ խնդիրների… Ստեղծելով իր հատորները՝ Ա. Սեփեթճեանը մշտապէս ներկայ է ոչ միայն Սփիւռքի, այլեւ հայաստանեան գրականութեան մէջ»,- ասաց ՀԳՄ նախագահը եւ յոբելեարին նուիրեց Վահան Թէքէեանի արձանիկը եւ պարգեւատրեց ՀԳՄ պատուոգրով՝ Սփիւռքում հայ գրականութեան եւ մշակոյթի զարգացման գործին անձնուէր ծառայութեան համար:
Պետրոս Դեմիրճեանը, ներկայացնելով ժողովածուները, հանգամանօրէն խօսեց «Գրական Հանդիպումներ» հատորի մասին, որտեղ ամփոփուած են գրախօսականներ, գրաքննադատական գործեր՝ 50-ական թուականներից մինչեւ 2014: «Ձայներ Լռութեան Մէջ» գրքում յօդուածների մի ամբողջ շարք նուիրուած է Եղեռնի թեմային, որտեղ հեղինակը Հայոց Ցեղասպանութիւնը դիտում է որպէս դասագիրք, որից պէտք է դասեր քաղել՝ յետագայում ճիշդ մօտեցումներ որդեգրելու համար:

Ըստ բան. գիտ. դոկտոր, փրոֆեսոր Վազգէն Գաբրիէլեանի՝ «Այս երկու գրքերում տեսնում ենք մի մարդու, որոնցից մեկում նա հակուած է դէպի գրականութիւնը եւ գրականութեան հարցերը, միւսի մէջ ինքն է, իր ներանձնական տրամադրութիւնները»: Վ. Գաբրիէլեանը, նրան բնորոշելով համահայ ստեղծագործող, երկու գրքերը որակեց իբրեւ տարեգրութիւն մի կենսագրութեան, որի ներկայացնող անձը կոչւում է Ա. Սեփեթճեան:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Հայաստանի ներկայացուցչութեան անուանից շնորհաւորանքի խօսք ասաց Յովիկ Հորդեկեանը: «Ա. Սեփեթճեանի հրապարակագրութեան ուղենիշներն են՝ ոգի, գաղափարական խորք եւ հաւատ»,- ասաց նա:
Ե. Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանի տնօրէն Կարօ Վարդանեանը եւս փաստեց, որ գրողի սեւեռումները միայն ազգային խնդիրների շուրջ են:

«Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի մեթոդիստ, Ա. Սեփեթճեանի «Գրական Հանդիպումներ» գրքի խմբագիր Քնարիկ Աբրահամեանը մասնաւորապէս անդրադարձաւ իր խմբագրած գրքին: «Հայ գրականութեան զարկերակը բռնած գրիչն է Ա. Սեփեթճեանը. նա գրական կամուրջ է կապել երկու (արեւմտահայ եւ արեւելահայ) համակարգերի միջեւ»,- ասաց Ք. Աբրահամեանը:

Բանաստեղծ Տիգրան Գաբոյեանի հաւաստմամբ՝ սփիւռքահայ գրողի առաքելութիւնը, իբրեւ բովանդակութիւն, առընչուած է Հայ Դատի հետ, եւ Սեփեթճեանի արած գործը այդ առընչուածութեան ներկայացումն է: Ելոյթ ունեցան նաեւ բանաստեղծ Արեւշատ Աւագեանը, ուսանողներ Մանէ Աւագեանն ու Լիլիթ Վարդիկեանը:

Շնորհակալական խօսքում Արամ Սեփեթճեանը, խոստովանելով, որ գրականութիւնն իր համար առաքելութիւն է, նշեց, որ հայրենի գրականութիւնն իր սերնդի համար եղել է ուսուցիչ, լոյս, յոյս ներշնչող փարոս: Հայրենիքը մեզ համար մեր անցեալ դարերի պատմութիւնն է. «Պէտք է կառչել հայրենի հողին. սրանով են դաստիարակում մեզ Սփիւռքում, առանց հայրենիքի ոչ մի սփիւռքահայ չի կարող գոյատեւել»,- ասաց նա:

«Գրական թերթ», Երեւան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին