Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Զապել Եսայանի Նորահայտ Ձեռագիրը՝ Ցեղասպանության Մասին

Պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում կատարած ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերել են մինչև օրս չբացահայտված փաստաթուղթ: Նշանավոր հայ գրող Զապել Եսայանը 11 էջանոց զեկույց է պատրաստել և ներկայացրել Փարիզի վեհաժողովում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Պողոս Նուբար փաշային: Զեկույցը պատմում է անասելիայն կտտանքների մասին, որոնց 1915թ. և հետագա տարիներին ենթարկվել են հայ կանայք: Պոլսում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթում տպագրվել է Ումիթ Քուրթի և Ալև Էրի «Այս հեկեկանքը 100 տարի սպասում էր լսված լինելուն» վերնագրով հոդվածը, որը թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացված է ստորև: 

Փարիզի Նուբարյան գրադարանում ուսումնասիրությունների ընթացքում ի դերև ելած կարևոր փաստաթուղթը մշակվել է 1919թ. մարտի 8-ին և ներկայացվել Փարիզում հայկական ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբար փաշային:

1918թ. հոկտեմբերի 30-ին ստորագրվեց Մուդրոսի զինադադարը, և պատերազմում պարտություն կրած Օսմանյան կայսրությունը 1918թ. դեկտեմբերից սկսած՝ կանոնակարգ էր մշակում աքսորված հայերի վերադարձն ապահովելու համար: Այդ նպատակով Պոլսի Հայոց պատրիարքությունը՝ Առաքել Չաքըրյանի գլխավորությամբ, հանձնաժողով ստեղծեց: Հանձնաժողովի հիմնական նպատակը տեղահանության ժամանակ որբացած երեխաներին ու կանանց իրենց ընտանիքներին ու հարազատներին հանձնելն ու բռնագրավված հայկական անշարժ ու շարժական գույքը իսկական տերերին վերադարձնելն էր: Չաքըրյանը 1919թ. ապրիլի 4-ին զեկույցը ներկայացրեց պատրիարքարանին: Որքան մեզ հայտնի է, մինչև այժմ այդ զեկույցը չի հրապարակվել:

Զապել Եսայանի զեկույցը պատմական կարևոր նշանակություն ունեցող փաստաթուղթ է:

Հայ կանանց գլխին եկած պատուհասները

Զապել Եսայանը ընդգծում է, որ պատերազմի սկզբից ի վեր երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը («Իթթիհաթ վե թերաքքի») որդեգրել էր ոչ մուսուլման փոքրամասնություններին հիմնովին ոչնչացնելու քաղաքականություն: Նրանք առևանգում էին երիտասարդ կանանց, աղջիկներին, երեխաներին: Թե որքան է վերջիններիս թիվը՝ հստակ չէ, սակայն այն անցնում է 200 հազարից: Զապել Եսայանը գրում է, որ կանանց ու երեխաների մեծամասնությունը հայ էր, սակայն նրանց թվում կային շատ հույներ, ասորիներ, նեստորականներ:

Զապել Եսայանը տարբեր միջոցներով առևանգված կանանց ու երեխաներին բաժանում է մի քանի խմբի:

1. «Բազմաթիվ կանանց և երեխաների փախցնում էին քաղաքներից ու գյուղերից: Հարևան մուսուլմանները նրանց առաջարկում են թաքնվել իրենց տանը: Համատարած խուճապի պայմաններում առևանգում էին անտեր մնացած երեխաներին, երիտասարդ աղջիկներին: Այսպես՝ Էրզրումում թուրք սպաները առևանգում էին քաղաքի նշանավոր ընտանիքների աղջիկներին: Գերմանացի մի սպա փախցնում է Էրզրումի ամենագեղեցիկ կնոջը` Գալֆայանին: Տրապիզոնում քաղաքացիական և զինվորական հագուստով սպաները հավաքում են քաղաքի բարետես, կրթված աղջիկներին և հանձնում «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամներին: Հույն մետրոպոլիտի տանը կամ այլ վայրերում ապաստանած աղջիկները առևանգվում են նույն նպատակի համար»:

2. «Երբ քարավանները քաղաքից կամ գյուղից հեռանում էին, տղամարդկանց  առանձնացնում էին կանանցից ու աղջիկներից ու գազանաբար սպանում, իսկ երեխաները, երիտասարդ աղջիկներն ու կանայք՝ փախցվում: Նրանք, ում հաջողվում էր փախչել ու փրկել պատիվը, սպանվում էին ճանապարհներին: Քարավաններն ուղեկցող ոստիկանները մեկ-երկու օր քշելուց հետո քարավանը կանգնեցնում էին աղբյուրի մոտ, սակայն արգելում էին ջուր խմել: Չգիտեմ` քանի կույս ու երիտասարդ աղջիկ պետք է հանձնվեր ոստիկաններին՝ ջուր խմելու թույլտվություն ստանալու համար: Դա էր ջուր խմելու գինը: Այս ահասարսուռ մեթոդը կիրառվում էր պարբերաբար: Հատկապես այդպիսին էր դրությունը Կամախ-Հալեպ ճանապարհին և Եփրատի ափերին»:

3. «Երբ այս խեղճերը հասնում էին որևէ բնակավայրի, քարավանները հսկող ոստիկանների հովանավորությամբ նրանց ճամբարների վրա հարձակվում էին քրդերը, չերքեզները, չեչենները, Բալկաններից եկած գաղթական մուսուլմանները: Վերջիններս վերցնում ու տանում էին ամեն ինչ, նույնիսկ՝ հագուստը»:

Զեկույցում հավաքական բռնաբարության դեպքեր էլ կան:

Ինչպես էին կանայք ինքնապաշտպանվում

Զապել Եսայանի զեկույցի թերևս ամենաազդեցիկ մասը բռնությունների այս ամբողջ շղթային ենթարկվող հայ կանանց նկատմամբ վերաբերմունքն է: Նա հատուկ ուշադրություն է դարձնում, որ քարավաններում կրթված կանայք կային: Կանաց մեծ մասը վերոնշյալ բռնությունները սկսելու հենց սկզբից ինքնասպան էր լինում: Բազմաթիվ մայրեր իրենց երիտասարդ աղջիկներին նետում էին Եփրատ գետը:  Երիտասարդ կանայք նորածին երեխաների հետ միասին նետվում էին ջուրը: Մեծ մասը խելագարվել էր: Կանանցից ոմանց բռնաբարությունից հետո հաջողվում էր փախչել. մի մասը փախչելիս սպանվում էր: Շատ քիչ դեպքերում էր միայն, որ կանանց հաջողվել է սպանել իրենց հանդեպ բռնություն գործադրած անձին:

Քիչ չէր հայ կանանց թիվը, ովքեր զենքը ձեռքին՝ ինքնապաշտպանվում էին:

Շապին Գարահիսարի կանայք ըմբոստացան տեղահանության որոշմանը համակերպված տղամարդկանց դեմ և նախընտրեցին մահկանացուն կնքել տանը: Ուրֆացի կանայք էլ թշնամու ձեռքը չընկնելու համար նախընտրեցին մահադեղ խմել: Մի շարք գավառներում մայրերը կրակի էին տալիս իրենց տները, որտեղ գտնվում էին  իրենց երիտասարդ աղջիկներն ու երեխաները:

Զապել Եսայանը մուսուլմանների կողմից առևանգված կանանց ու երեխաների վերադարձն ապահովելու համար նրանց բաժանել է երկու խմբի` չափահասներ և անչափահասներ: Նրանք, ովքեր առևանգման պահին անչափահաս էին, պետք է անվերապահորեն հետ վերադարձվեին իրենց ազգականներին: Ընտանիքների և մոտ ազգականների բացակայության պարագայում պետք է հանձնվեին հանրության խնամակալությանը:

Դժվար էր չափահաս կանանց հարցը: Կային կանայք, որոնք վաճառվել էին կամ հանձնվել բարի մտադրություն ունեցող մուսուլմանների, այդ իսկ պատճառով երախտապարտ են իրենց սարսափելի վերջաբանից փրկած մարդկանց: Մի մասը կորցրել էր իր ամբողջ ընտանիքը և չգիտեր, թե ինչ է սպասվում իրենց: Մի մասը մուսուլման ամուսիններից երեխա էր ունեցել և չէր ուզում լքել նրանց: Մի մասը բազում նվաստացումներից հետո ամաչում էր վերադառնալ իր ազգակիցների մոտ: Մի մասն, ընդհակառակը, կորցրել էր արժանապատվությունն ու բարոյական արժեքները:

Զեկույցում Զապել Եսայանը շեշտում է, որ անհրաժեշտ է ստեղծել հատուկ հանձնաժողով՝ այս խմբին պատկանող կանանց խնդիրներով զբաղվելու համար:

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին