Չորեքշաբթի, 25. 06. 2025

Գոյժ՝ Ամենապատիւ Հոգեւոր Տէր Ներսէս Պետրոս 19-րդ Կաթողիկոս Պատրիարքը Վախճանեցաւ

0

Հինգշաբթի 25 Յունիս 2015-ի առաւօտեան ժամը 8:45-ին, Պէյրութի ժամով, Ժէիթաուի հիւանդանոցին մէջ, Ամենապատիւ Տէր Ներսէս Պետրոս ԺԹ. կաթողիկոս Պատրիարքը վախճանեցաւ սրտի կաթուածի հետեւանքով:

Յուղարկաւորութեան վերաբերեալ կարգադրութիւնները պիտի հաղորդուին ի մօտոյ:

 

Կենսագրական Գիծեր Ներսէս Պետրոս ԺԹԿաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց

Ծնած է Գահիրէ, 17 յունուար 1940-ին, հինգերրորդ զաւակն է խորապէս հաւատացեալ եւ ութ զաւակներու տէր ընտանիքի մը։ Իր նախնական եւ երկրորդական ուսումները կատարած է Գահիրէի Ֆրէրներու Գոլէճներուն մէջ։

Կանուխէն քահանայական կոչումը զգալով, ան ղրկուած է Հռոմ, Լեւոնեան Քահանայապետական Հայ Դպրեվանքը, եւ յաճախած է Գրիգորեան Համալսարանը փիլիսոփայութիւն եւ աստուածաբանութիւն ուսանելու։

Քահանայ ձեռնադրուած է Գահիրէ, 15 օգոստոս 1965-ին, ձեռամբ թեմին Առաջնորդ՝ Ռափայէլ Եպիսկոպոս Պայեանի եւ ստանձնած է Գահիրէի ժողովրդապետութեան պատասխանատուութիւնը, օժանդակելով Գերապատիւ հայր Յովհաննէս վարդապետ Գասպարեանին, յետագային՝ Յովհաննէս Պետրոս ԺԸ. Կաթողիկոս Պատրիարք։

1968-էն 1990, եղած է ժողովրդապետ Հելիոպոլսոյ (Գահիրէ) եկեղեցւոյ, յատկապէս քաջալերելով զանազան հոգեւոր շարժումներու գործունէութիւնը։

18 փետրուար 1990-ին, Աղեքսանդրիոյ Հայ Կաթողիկէ Թեմին Առաջնորդ օծուած է ձեռամբ Ամենապատիւ Յովհաննէս Պետրոս ԺԸ. Կաթողիկոս Պատրիարքին։

1992-էն 1997, իբր անդամ Եգիպտոսի կաթողիկէ Նուիրապետութեան, ան Ընդհանուր Քարտուղարի պաշտօն վարած է Եգիպտոսի Կաթողիկէ եկեղեցիներու Հովուական խորհուրդին։

Իբր անդամ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց Սիւնհոդոսին, ան եղած է յաջորդաբար՝

– Անդամ Եպիսկոպոսներու Խորհուրդին՝ կառավարելու համար Պատրիարքական Ատեանը 1993-էն 1995։

– Նախագահ Քահանայական Կոչումներու Պատրիարքական Յանձնախումբին 1993-էն 1995։

– Անդամ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Մնայուն  Սիւնհոդոսի 1994-էն 1999։

Ընտրութիւն.

1999-ի հոկտեմբեր 7-ին, Հայ Կաթողիկէ Եպիսկոպոսաց Սիւնհոդոսին կողմէ ընտրուած է Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց եւ առած է Ներսէս Պետրոս ժԹ. անունը։ Գահակալութեան արարողութիւնը տեղի ունեցած է նոյն ամսուան 24-ին։ 13 դեկտեմբեր 1999-ին՝ Եկեղեցական Հաղորդութիւն ստացած է Յովհաննսէս Պօղոս Բ. Սրբազան Քահանայապետին կողմէ։

Ճամբորդութիւններ Սրբ. Քահանայապետին հետ.

Մասնակցած է Ն.Ս. Յովհաննէս Պօղոս Բ. Սրբազան Քահանայապետին այցելութիւններուն՝ Եգիպտոս (փետրուար 2000), Յորդանան (մարտ 2000), Սուրիա (մայիս 2001) եւ Հայաստան (սեպտեմբեր 2001)։

Մասնակցած է Բենեդիկտոս ԺԶ. Սրբազան Քահանայապետին ուխտագնացութեան Յորդանան (մայիս 2009) եւ անոր հովուական այցելութեան Կիպրոս (յունիս 2010)։

Հայրապետական այցելութիւններ.

Իր գահակալութենէն ի վեր, հովուական այցելութիւններ կատարած է հետեւեալ առաքելավայրերը.

Յորդանան (մարտ 2000 եւ մայիս 2009), Ֆրանսա (մայիս 2001 եւ մայիս 2006), Շուէտ (մայիս 2001), Աւստրալիա (յունիս 2001 եւ մարտ 2004), Լեհաստան (յունիս 2001, դեկտեմբեր 2013 եւ 2014), Հայաստան (սեպտեմբեր 2001, յուլիս 2008, մայիս եւ սեպտեմբեր 2014, յունուար եւ ապրիլ 2015), Ուքրանիա (հոկտեմբեր-նոյեմբեր 2001), Պարսկաստան (փետրուար 2003, նոյեմբեր 2004 եւ յունուար 2015), Քեսապ – Սուրիա (օգոստոս 2003), Եգիպտոս (դեկտեմբեր 2003 եւ մայիս 2004), Հալէպ (մայիս 2004), Երուսաղէմ (սեպտեմբեր 2005), Լատին Ամերիկա (հոկտեմբեր- նոյեմբեր 2005), Հայաստան, Վրաստան, Կիպրոս (յունիս 2010), Պոլիս (սեպտեմբեր 2014), Ռուսաստան (ապրիլ 2015) եւ Հունգարիա (մայիս 2015)։

Գլխաւոր իրագործումներ.

Թիկունք հանդիսացած է համայնքի վարժարաններու ծաղկումին ու վերելքին, մանաւանդ բանալով երկրորդականի բաժինը Հարպոյեան վարժարանին մէջ եւ վերաբանալով միջնակարգի բաժինը Այնճար։ Ինչպէս նաեւ քաջալերած է լրատուական միջոցները, յատկապէս վերահրատարակութիւնը պատրիարքութեան թեմի «Մասիս» ամսաթերթին։

Հոկտեմբեր 7, 2001-ին Հայաստանի քրիստոնէացման 1700-ամեակին առիթով, իր խնդրանքին վրայ Հռոմի «Սուրբ Պետրոս» հրապարակին վրայ, Հայոց ցեղասպանութեան ընթացքին նահատակուած Մարտինի Առաջնորդ Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյեանը Երանելի հռչակուեցաւ Յովհաննէս Պօղոս Բ. Սրբազան Քահանայապետին կողմէ։

Փետրուար 2002-ին, առաջին ժողովրդապետութիւնը կը հիմնէ Մոսկովա՝ նոր առաքելութիւն մը սկսելու համար Ռուսաստանի մէջ, շարունակելով 1991-ի Հայաստանի եւ Վրաստանի մէջ սկսուած առաքելութիւնները։

Յունուար 2005ին, Հոգեւոր Տիրոջ խնդրանքին վրայ եւ ներկայութեամբ ու օրհնութեամբ Յովհաննէս Պօղոս Բ.ի, Վատիկանի «Սուրբ Պետրոս» Պալիզիքայի արտաքին պարիսպին վրայ մեծ հանդիսութեամբ կատարուեցաւ զետեղումը սուրբ Գրիգոր Լուսաւորչի արձանին։

Յունուար 2005ին, սուրբ Գրիգոր Նարեկացիի մահուան հազարամեակին առիթով, Հռոմի մէջ կազմակերպեց Գիտաժողով մը որուն հեռակայ նպատակն էր հռչակել տալ սուրբ Գրիգորը «Տիեզերական Եկեղեցւոյ Վարդապետ»։

Յուլիս  2006ին, Լ.Ղ.Հ-ի նախագահին հրաւէրով, կ’այցելէ Ղարաբաղը։ Պատմութեան մէջ առաջին անգամն է որ Հայ Կաթողիկէ Կաթողիկոս Պատրիարք մը կ’այցելէ Ղարաբաղի Հանրապետութիւնը։

Փետրուար 2008ին, Հոգեւոր Տիրոջ նախաձեռնութեամբ, Բենեդիկտոս ԺԶ. Սրբազան Քահանայապետը մեծ հանդիսութեամբ բացումը կատարեց եւ օրհնեց սուրբ Գրիգոր Լուսաւորչի անուան Հրապարակը եկեղեցական եւ քաղաքական հայ եւ օտար բարձր անձնաւորութիւններու, կղերականներու, մայրապետներու եւ Հռոմի ու զանազան երկիրներէ ժամանած հայ ուխտաւորներու ներկայութեամբ։

Ն.Ս. Ֆրանչիսկոս Քահանայապետը՝ ընդառաջելով իր խնդրանքին, 2015-ի ապրիլի 12-ին, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին առթիւ սուրբ Պատարագ մատուցանեց Վատիկանի «Սուրբ Պետրոս» պազիլիքային մէջ եւ սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակեց Տիեզերական Եկեղեցւոյ Վարդապետ: Յընթացս սուրբ պատարագին արտասանած խօսքին մէջ Քահանայապետը յատուկ կերպով յիշատակեց Հայոց ցեղասպանութիւնը եւ անոր մէկուկէս միլիոն զոհերը իբրեւ նահատակներ եւ մեղսակցութիւն նկատեց լռութիւնը այս պատմական իրողութեան մասին:

Հովուական թուղթեր.

Զատկուայ եւ Ծննդեան տօներու Պատգամներէն զատ, հետեւեալ Հայրապետական Պատգամներ՝

  • Փրկչագործութեան Յոբելենական սուրբ Տարիին առիթով 1999-2000 – 3 դեկտեմբեր 1999։
  • Հայաստանի Քրիստոնէացման 1700 ամեակին առիթով – 31 դեկտեմբեր 2000։
  • Նահատակ Իգնատիոս Մալոյեանին առիթով – 01 յունիս 2001։
  • Մեծ Յոբելենական տարիներու առիթով – 15 հոկտեմբեր 2001։
  • Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի արձանին առիթով – 12 սեպտեմբետ 2002։
  • Հայաստանի Քրիստոնէացման 1700 ամեակին առիթով – 01 հոկտեմբեր 2002։
  • Ամենասուրբ Հաղորդութեան Տարիին առիթով – 30 դեկտեմբեր 2004։
  • Հայկական Ցեղասպանութեան 90 ամեակի առիթով – 24 ապրիլ 2005։
  • Սուրբ Վարդանանց տօնին առիթով – 22 փետրուար 2006։
  • Երիտասարդներուն՝ քառասնորդացի առիթով – 14 մարտ 2007։
  • Աստուծոյ Գթութեան մասին առաջին համաշխարհային առաքելական համաժողովին առիթով – 15 հոկտեմբեր 2007։
  • Քառասնորդացի առիթով – 03 փետրուար 2008։
  • Քահանայական Տարուան առիթով – 06 յունուար 2010։
  • Քրիստոնէական Դաստիարակութեան եւ Հայ Կաթողիկէ վարժարանի առաքելութեան մասին – 03 մարտ 2011։
  • Նոր Աւետարանումը այսօր – 06 յունիս 2013:
  • Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը – 21 մարտ 2015:

 

Արցախի Ռամկավար Ազատական Կուսակցութիւն – Քաղվածք Թիւ 1 Արձանագրությունից

0

2015թ. հունիսի 14-ին Ստեփանակերտի <<Եվրոպա>> հյուրանոցի կոնֆերենց դահլիճում տեղի ունեցավ Արցախի Ռամկավար Ազատական  Կուսակցության հիմնադիր համագումարը :

Հիմնադիր համագումարի 70 պատվիրակներից մասնակցում էին 63-ը, Ստեփանակերտից, Ասկերանից, Մարտունուց և Քաշաթաղից: Համագումարին ներկա էին տարբեր կուսակցություններից, ԲՈՒՀ-երից, լրատվամիջոցներից: Համագումարին պատվիրակ էին աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչության անդամներ:

Համագումարի նախագահ ընտրվեց Բարդուղ Գալստյանը, քարտուղար Աննա Ասատրյանը:

Օրակարգում ընտրված էին հետևյալ հարցերը`

  1. Ծրագրի և կանոնադրության հաստատում
  2. Կուսակցության հանրապետական վարչության կազմավորում
  3. Կուսակցության ատենապետի ( նախագահ ) ընտրություն
  4. Փոխատենապետների ( փոխնախագահ) ընտրություն
  5. Արցախի Ռամկավար Ազատական Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն

Զեկուցման համար նախատեսված էր 20 րոպե, ելույթների համար 5-10 րոպե:

Համագումարը միաձայն հաստատեց Արցախի Ռամկավար Ազատական Կուսակցության կանոնադրությունը:

Ընդունվեց կուսակցության ծրագիրը:

Քվեների բացարձակ մեծամասնությամբ ընտրվեց հանրապետական վարչության հետևյալ կազմը`

  1. Բարդուղ Գալստյան
  2. Արտո Մարտիրոսյան
  3. Վահրամ Արզումանյան
  4. Աննա Ասատրյան
  5. Լարիսա Շադինյան
  6. Արմեն Պետրոսյան
  7. Սերգեյ Ղարայան
  8. Ալբերտ Բադալյան
  9. Հրայր Գրիգորյան

Զեկուցումով հանդես եկավ համագումարի նախագահ Բարդուղ Գալստյանը, ելույթ ունեցավ ՌԱԿ պատվիրակ Արա Ահարոնյանը:

Պատվիրակների մեկ դեմ չորս ձեռնպահ հարաբերակցությամբ Արցախի Ռամկավար Ազատական Կուսակցության ատենապետ (նախագահ) ընտրվեց Բարդուղ Գալստյանը:

Կուսակցության գաղափարական աշխատանքների գծով փոխատենապետ (փոխնախագահ) ընտրվեց Վահրամ Արզումանյանը:

Կուսակցության կրթամշակութային աշխատանքների գծով փոխատենապետ (փոխնախագահ)  ընտրվեց Արտո Մարտիրոսյանը:

Համագումարը ընտրեց նաև Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի կազմը `

  1. Նիկոլայ Լազարյան ( նախագահ)
  2. Վալերիկ Սարգսյան
  3. Արտակ Աղաջանյան

 

Ատենապետ (նախագահ)                                       Բ. Գալստյան

Ատենադպիր(քարտուղար)                                    Ա. Ասատրյան

 

Քանի Տակաւին Ուշ Չէ

0

*ՍԵՒԱԿ  ՅԱԿՈԲԵԱՆ*

Sevag Hagopian

Մտահոգիչ լուրեր կու գան Հայաստանէն: Մինչ հայրենի ժողովուրդը խաղաղ միջոցներով իր բողոքը կ՛արտայայտէր ընկերային հարցի մը շուրջ, որ այս անգամ կը դրսեւորուի ելեկտրականութեան սակի բարձրացումով, Հայաստանի ոստիկանութիւնը անհամեմատ եւ «չափազանցուած ուժ»ի դիմելով կը փորձէ ցրուել խաղաղ նստացոյցի մասնակիցները:

Պատահածը ամենահակաժողովրդավարական արարքներէն մին է, որ կը պատահի՝ անվայել մեր Հայրենիքի վարկին նամանաւանդ, որ լրագրողներ ալ բռնարարքներու ենթարկուած են ոստիկանական անպատասխանատու տարրերու կողմէ՝ բան մը, որ իր շատ ժխտական անդրադարձը կրնայ ունենալ միջազգային հանրային կարծիքին մօտ:

Զօրակիցը ըլլալով հանդերձ հայրենի պետականութեան եւ անոր հզօրացման, անհանդուրժելի կը գտնենք եղածը: Նախանձախնդիր ըլլալով իր վարկին կոչ կ՛ուղղենք հայրենի պետութեան՝ անյապաղ ձեռնարկելու ընկերային բարօրութեան հետ կապուած բարեկարգումներ կատարել: Քայլ մը, որ առաջքը կրնայ առնել նման ժողովրդային արդար բողոքներուն եւ անկէ փխող հետեւանքներուն՝ քանի տակաւին ուշ չէ… հիմնական մտահոգութիւն ունենալով, որ շրջանային եւ միջազգային կողմեր օգտագործեն ժողովրդային արդար ցասումը եւ ինչ ինչ քաղաքական նպատակներ հետապնդելով՝ մեր հայրենիքը մղեն անցանկալի դէպքերու… վկայ՝ «Արաբական Գարունը», որովհետեւ բոլորս լաւ գիտենք, թէ հոն ինչպէս ժողովրդային արդար բողոքը իրենց պետութեան հանդէպ չարաշահուեցաւ՝ երկիրներ առաջնորդելով արիւնալի եւ մութ փապուղիներու:

Այս խնդիրին մէջ մեր կոչը կ՛երթայ նաեւ թէ՛ հայրենի եւ թէ՛ սփիւռքահայ մեր հայրենակիցներուն չիյնալու նման փորձութեան մէջ՝ առաջնորդուելով օտար կողմերու մութ եւ մեր հայրենիքին վնաս հասցնող օրակարգերով: Թող որ ընկերային արդար պահանջքները մնան առաջնահերթ եւ անոնց ձգտինք քաղաքակիրթ ու ժողովրդավարական միջոցներով: Միեւնոյն ժամանակ հայրենի պետութեան խոնարհաբար կը յիշեցնենք, թէ «ոստիկանական պետութեան» հասկացողութիւնը ժամանակավրէպ է, մինչ ժողովրդավար երկիրներ կը ձգտին իրենց մօտ աւելի եւս ամրացնելու «խնամակալ պետութեան» հասկացողութիւնը:

Ռ.Ա.Կ.-ի Պատուիրակութիւնը Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Առաջնորդարանի Մէջ

0

*ԽԱՉԻԿ ՃԱՆՈՅԵԱՆ*

Նախապէս առնուած ժամադրութեամբ, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Արեւմտեան Շրջանի Շրջանային վարչութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը այցելութիւն տուաւ Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Արեւմտեան թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանին: Սոյն հանդիպման ներկայ էր նաեւ Արեւմտեան թեմի  թեմական համակրելի ատենապետ՝ իրաւաբան Յովսէփ Կանիմեան:

Հանդիպումը տեղի ունեցաւ Չորեքշաբթի, Յունիս 17, 2015, կէսօրէ ետք ժամը 3-ին առաջնորդարանի մէջ, Պըրպէնք:

Ռ.Ա.Կ. պատուիրակութիւնը, գլխաւորութեամբ կուսակցութեան Կեդրոնական վարչութեան անդամ Տօքթ. Ռաֆֆի Պալեանի, ջերմ ու սիրալիր ընդունելութեան մը արժանացաւ Առաջնորդ Հօր եւ թեմականի ատենապետին կողմէ:

Յանուն պատուիրակութեան խօսք առնելով, Տօքթ. Պալեան սեղմ խօսքերով ամբողջական պատկերը տուաւ մեր կուսակցութեան շրջանիս մէջ տարած աշխատանքներուն մասին: Ապա, Յուլիս 11, 2015-ին շրջանիս մէջ գումարուելիք Պատգամաւորական ժողովի մասին խօսելով, Տօքթ. Պալեան խնդրեց Նորին Սրբազնութենէն որ օրհնութեան գիրով մը մասնակից դառնայ ժողովին:

Ապա, Տօքթ. Պալեան խօսեցաւ գաղութս յուզող ու մանաւանդ Թ.Մ.Մ. Արշակ Տիգրանեան վարժարանի դիմագրաւած դժուարութեանց մասին, յուսալով որ ազգապարծանք այս վարժարանի ղեկավարութիւնը կը կարենայ լուծում մը գտնել, պահելու համար կրթական այս հաստա-տութիւնը, իր պատուական անունով, յօգուտ եւ շահ մեր ժողովուրդին:

Խօսք առաւ, թեմականի ժրաջան ատենապետ եւ Արարատ Տարեցներու Տան նախագահ, իրաւաբան՝ Յովսէփ Կանիմեան: Ան իր անսահման ուրախութիւնը յայտնեց իր մօտիկ բարեկամներուն եւ ծանօթներուն հետ անգամ մը եւս հանդիպելուն համար: Պրն. Կանիմեան իր եւ Առաջնորդ Սրբազան Հօր մտածումներուն թարգման հանդիսանալով, կոչ ուղղեց պատուիրակութեան անդամներուն, որ նման հանդիպումները շարունակուին եւ յաճախակի դառնան մեր կազմակերպութեան եւ Հայց. Առաքելական Մայրենի Եկեղեցւոյ միջեւ, որովհետեւ »ինչպէս գիտէք, Արեւմտեան թեմը իր բազմերես ծառայութիւններով եւ աշխատանքով կը ջանայ մեր ժողովուրդի հոգեւոր եւ ազգային բազմաթիւ կարիքներուն հասնիլ«, ըսաւ Պր. Ատենապետը:

Պատուիրակութեան անդամները խօսք առնելով իրենց ջերմ շնոր-հաւորութիւնները յայտնեցին Առաջնորդ Սրբազան Հօր, Ապրիլ 24-ին սրբադասուած նահատակներուն յիշատակի հարիւրամեակի ձեռնարկնե-րուն, Արեւմտեան թեմի ու մանաւանդ Նորին Սրբազնութեան տարած տքնաջան եւ անփոխարինելի աշխատանքներուն համար. յատկապէս Հոլիվուտի մէջ 160 հազարէ աւելի հայորդիներու քայլաշաւին, Կաթողիկէ տաճարին մէջ եղած միջ-յարանուանական հոգեհանգստեան պաշտօնին համար, Սրբոց Ղեւոնդեանց մայր տաճարի մէջ մատուցուած հաւաքական Ս. Պատարագին համար, մասնակցութեամբ՝ Հայ Կաթողիկէ եւ Հայ Աւետարանական հոգեւոր հայրերու եւ բազմաթիւ քաղաքական, գաւառային եւ նահանգային մակարդակով կազմակերպուած ձեռնարկներուն, Հայ Առաքելական Եկեղեցւոյ Արեւմտեան թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Յովնան Տ. Արք. Տէրտէրեանի բերած նպաստը վեր էին ամէն գնահատանքէ եւ ակնկալիքներէ:

Վերջաւորութեան, Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց անգամ մը եւս հանդիպելու առիթը ունենալուն համար Հայ Եկեղեցւոյ զաւակներուն հետ, այս պարագային՝ տարբեր հանգամանքներով: Խօսեցաւ Արեւմտեան թեմէն ներս իրագործուած վիթխարի, մեծածաւալ աշխատանքներուն, արձանագրուած իրագործումներուն մասին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց Ռ.Ա.Կ.ի շարքայինները եւ համակիրները, որոնք մեծագոյն գիտակցութեամբ նեցուկ եւ օժանդակողը եղած են Մայրենի Եկեղեցիին՝ Հայ Առաքելական Եկեղեցւոյ, անոր միասնականութեան, առաքելութեան եւ պայծառութեան ջատագովը ըլլալով:

Այսպիսի դրական տամադրութիւն ստեղծող մթնոլորտի մէջ մեր պատուիրակութիւնը բաժնուեցաւ Առաջնորդ Սրբազան Հօր գրասենեա-կէն, մեր կազմակերպութեան անվերապահ զօրակցութիւնը յայտնելով Նորին Սրբազնութեան եւ մեր թեմէն ներս գործող եկեղեցիներուն եւ ծուխերուն:

* * *

Յիշենք, թէ վերջին 12 տարիներուն Արեւմտեան թեմը իր Ոսկե-դարը կÿապրի: Վերջին 12 տարիներուն Արեւմտեան թեմի ծուխերը 17-էն հասան 51-ի: Արեւմտեան թեմէն ներս 900-է աւելի դպիրներ, կիսասարկաւագ, սարկաւագ եւ քահանաներ ձեռնադրուած են: Մշակու-թային, գրական, Շաբաթօրեայ, Կիրակնօրեայ, երիտասարդաց, տիկնանց, Սուրբ Գրային դասընթացքներ, երգչախումբեր, շինարարական, Հայաս-տանի օգնութեան եւ քոյր եկեղեցիներու օգնութեան, տնտեսական, հիմնադրամներ, հրատարակչական ծրագիրներու մարմիններ եւ դասընթացքներու աշխատանքներ կը տարուին:

Նմանապէս, Ս. Պատարագի ձայնապնակներ, DVD-ներ, հոգեւոր գիրքեր, 200-է աւելի գիրքերու հրատարակութիւններ եղան այս 12 տարիներու ընթացքին:

Ջերմօրէն կը շնորհաւորենք Արեւմտեան թեմի հոգեւոր եւ աշխարհիկ զինուորագրեալները իրենց աստուածահաճոյ եւ ազգօգօուտ աշխատանքին եւ նուիրումին համար:

Իսկ մեր կազմակերպութիւնը, իր հիմնադրութեան առաջին իսկ օրէն, խորապէս հաւատացած է եւ կը շարունակէ հաւատալ մեր Եեղեցւոյ հոգեւոր եւ ազգային դերին եւ առաքելութեամբ, միշտ նեցուկ եւ մասնակից դառնալով անոր:

27 Ծաղիկներ Իրենց Առաջին Վկայականը Ստացան Ս. Խաչ-Հարպոյեան Վարժարանի Մանկապարտէզէն

0

ԼՐԱՏՈՒԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ Ս. ԽԱՉ-ՀԱՐՊՈՅԵԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Շաբաթ, 20 Յունիս 2015-ի երեկոյեան ժամը 6։00-ին, Ս. Խաչ եկեղեցւոյ «Պետողլեան» սրահին մէջ տեղի ունեցաւ Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան Ս. Խաչ-Հարպոյեան Բարձրագոյն Վարժարանի Մանկապարտէզի հանդէսը, ներկայութեամբ՝ արհիապատիւ հայր Մանուէլ եպս. Պաթաքեանի, գերապատիւ հայր Նարեկ Վրդ. Լուիսեանի, զօրավար Նազարէթ Գաբրիէլեանի, Հայ Կաթ. Մեսրոպեան վարժարանի տնօրէն՝ Կրէկուար Գալուստի, ծնողներու, հարազատներու եւ բարեկամներու:
Յայտագիրը սկսաւ Հայաստանի, Լիբանանի եւ Ս. Խաչ-Հարպոյեանի քայլերգներու ունկնդրութեամբ: Առաջին բաժինը նուիրուած էր Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին. արդարեւ, «Ատանա» երգին ընկերակցութեամբ շրջանաւարտները մոմերով խորհրդաւոր կերպով մուտք գործեցին սրահ եւ բարձրացան բեմ, ու կենդանի պատկերի կատարումով խոնարհեցան մեր մէկուկէս միլիոն նահատակներու յիշատակին առջեւ: Ապա, անոնք իրենց մանկական ոճով բայց իմաստալից արտայայութիւններով ողջունեցին մեր նահատակ հոգեւորակակները, մտաւորականները, մամիկներն ու պապիկները, մայրերն ու հայրերը, փոքրիկներն ու երիտասարդները, ինչպէս նաեւ զինուորները, եւ փառք տուին մեր ներկայի հզօր հայրենիքին՝ մայր Հայաստանին։
Տնօրէնուհի Տիկ. Ռիթա Պոյաճեան իր խօսքին մէջ ըսաւ, թէ այս բեմին վրայ գտնուող շրջանաւարտ մանուկները Ս. Խաչ-Հարպոյեան ծաղկանոցին մէջ գուրգուրալից հոգատարութեամբ սնանելէ ետք, այսօր վարժարանիս դրախտային պարտէզը կ՚իմաստաւորեն այս բերքաքաղի հանդէսով, եւ մաղթեց որ անոնք այս կրթօճախին մէջ շարունակեն իրենց ուսումը եւ հասնին երկրորդականի վկայականին:
Տիկ. Պոյաճեան աւելցուց, որ հարիւր տարիներ առաջ, Մեծ Եղեռնի ընթացքին, հայ մանուկին պարտէզը չոր ու կիզիչ անապատն էր, մինչ մերօրեայ դպրոցներուն մէջ, եւ ի մասնաւորի Ս. Խաչ-Հարպոյեան վարժարանին մէջ, աշակերտը լաւագոյն ուսում եւ կրթութիւն կը ստանայ գեղեցիկ ու արդիական կառոյցով կրթօճախի մէջ, ուր որդեգրուած են ներկայ ժամանակներու բոլոր պահանջներուն հետ քայլ պահող կրթական ծրագիրներ: Ան իր խօսքը աւարտեց ըսելով, թէ հայեցի դաստիարակութեամբ զրահուած եւ հարկ եղած գիտութիւններով զինուած իւրաքանչիւր հայ աշակերտ պատրաստելով պատասխան տուած կ՚ըլլանք հայուն պարտէզը անապատացնել փորձող մարդասպան թուրքին, եւ թանգարանին մէջ միայն մէկ հայ նմոյշի համար պահել ցանկացող Թալաաթ փաշային, եւ այսպիսով իւրաքանչիւր հայ անհատ կը դառնայ վառ ապացոյց, որ մեր ազգը պատմութեան երեսէն ոչնչացնելու բոլոր փորձերը ձախողած են եւ երբեք պիտի չյաջողէին, վկայ` մեր այսօրուան գոյնզգոյն ծաղիկները, ըսաւ Տիկ. Պոյաճեան:
Այնուհետեւ, ան բեմ հրաւիրեց գերապատիւ հայր Նարեկ Լուիսեանը, որ ներկայիս Քեսապի կաթողիկէ եկեղեցւոյ հովիւն է: Վերջինս ուրախութիւն յայտնեց տեսնելով, թէ Ս. Խաչ-Հարպոյեանը օրէ օր կը բարգաւաճի, ունի իր պահապան հրեշտակը, որ տնօրէնուհին է եւ ուսուցչակազմը, որոնք միասնաբար կը հսկեն մեր պզտիկներուն փայլուն ապագան ապահովելու համար: Ան նաեւ շեշտեց, որ Աստուծոյ յաւիտենական խօսքը կ‏þըսէ, թէ մանուկը հարկ է կրթել իր փոքր տարիքին որպէսզի երբ մեծնայ չսայթաքի, եւ այս կրթութիւնը կ‏þընդգրկէ նաեւ հաւատք եւ ազգային գիտակցութիւն ջամբել, որոնցմով վրէժ լուծած կ‏þըլլանք օսմանեան պետութենէն, ինչպէս իր խօսքը եզրափակեց գերապատիւ վարդապետը:
Գերապայծառ հայր Պաթաքեանի, տնօրէնուհիին եւ Մանկապարտիզպանուհի՝ Տիկ. Լենա Տէրտէրեանի ձեռամբ կատարուեցաւ վկայականներու բաշխումը:
Յայտագրին երկրորդ բաժինը նուիրուած էր երգի միջազգային օրուան: Կարեւորելով երգին ու երաժշտութեան դերը, մանկապարտէզի աշակերտները, օրուան առիթը օգտագործելով, երգերով ու պարերով պատուեցին իրենց ստեղծագործութիւններով անմահացած եւ մեր յիշողութեան մէջ տեղ գտած հայ թէ օտար արուեստագէտները:
Երգերու, պարերու եւ մանկական հաճելի մթնոլորտով հանդէսի աւարտին, տնօրէնուհին բեմ բարձրանալով շնորհակալութիւն յայտնեց մանկապարտէզի ուսուցչական կազմին, գլխաւորութեամբ ժրաջան մանկապարտիզպանուհիին, իրենց աշխատանքներուն ու նուիրուածութեան համար:

Untitled9Untitled8

Untitled10

Untitled11

Նոր Վէպ Պօղոս Գուբելեանի Գրիչէն «Ազգատոհմիս Գողգոթան Առաքելութիւն Ի Մարաշ»

0

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆ

Հեղինակը իր այս վէպը նուիրած է. «Սոյն հատորը կը ձօնեմ բոլոր ժամանակներու ցեղասպանութեան զոհերուն»:

Ուրեմն Հայոց Ցեղասպանութենէն հարիւրամեակ մը սահելէն ետք, հայ գրագէտը պիտի չկարենայ չգրել հայ ահեղագոյն տառապանքին մասին, պրպտելով եղածը, որ ուրիշ բան չէր եթէ ոչ ամբողջ ժողովուրդի մը բնաջնջումը տապարով, եաթաղանով, կրակուած երկաթով, այսինքն անմարդկային անասելի միջոցներով:

Այս անգամ գրագէտ արձակագիրին նիւթը իր ազգատոհմին պատմութիւնն է, որ կու գայ Հաճընէն ու Մարաշէն: Ու ինք՝ հեղինակը այս վէպին, ծնունդը այդ ազգատոհմին վերապրողներէ սերած:

Պօղոս Գուբելեան պարզ պատմող մը չէ, ոչ ալ դէպքերուն ականատեսը, բայց լարելով իր հոգին, իր պեղումներուն բլուրները, աւազի շեղչերը լեռնակուտակ, ջանացած է վէպի վերածել իր տոհմին պատմութիւնը՝ թէժացնելով ապրուած կեանք մը, հուրի ու սուրի կեանքը, սուտ պետութիւններու չարանենք այս աշխարհին մէջ:

Եղեռնը ապրած գերդաստանի զաւակը ահաւոր պատմութիւններ լսելով, փաստաթուղթեր պեղելով չէր կրնար չդիմել ողոքիչ եզրակացութիւնները մեզի տալով իրականութիւններէ աւելին, որովհետեւ օսմանցիին գործադրածը Եփրատի նման հոսող արիւնի պատմութիւն էր, ժողովուրդ մը ամբողջ մատնելով պատրաստուած սովի ու բռնագաղթի իր դարաւոր Հայրենիքէն:

Հերոսները վէպին իր ծնողներն են եւ մեծ հայրերն ու մեծ մայրերը: Անոնք կրնային ամենակարող ըլլալ եւ զանոնք այլ կերպ ներկայացնելը անհնարին էր: Ահա թէ ինչո՞ւ վէպին մէջ կը հանդիպինք հերոսութիւններու, որոնք դժուար թէ ապահովուէին օսմանցիին կեռ եաթաղանին տակ, բայց դիւցազնութիւնը կարելի դարձած է օսմանեան ճնշումի ահաւորութեան դէմ: Եղածը ուրեմն վերապրելու, կեանքը շարունակել կարենալու անհունօրէն հզօր ճիգի արդիւնք է, զոր կը կոչենք հերոսութիւն:

Թուրքը չհասաւ իր նպատակին, այսինքն չհասաւ վերջին հայը սպաննելու եւ երկիրը զուտ օսմանեան դարձնելու նպատակին, քանի որ Օսմանին վառած խարոյկէն ծնան Պօղոս Գուբելեաններ, այսինքն գիրի մարդիկ, որոնք աշխարհին պատմեցին դժոխային այն կեանքը, զոր ապրեցաւ հայը, բայց վերապրելով երեք անգամ տիրացաւ անկախութեան, ըսելու համար աշխարհին.- դուք խուլ, կոյր, համր էք, բայց մենք ահա՛ կանգ ու տակաւին կը շատնանք:

Ապրելու համար ծնածին մահուան բերան չէք կրնար նետել:

Պօղոս Գուբելեան գրողին եզրակացութիւնը այդ է առանց իր գրածներուն մանրամասնութեանց դիմելու:

Տակաւին պայքարը պիտի շարունակուի այլ վէպի մը մէջ, ուր հայը տիրացած պիտի ըլլայ ոչ միայն իր ամբողջական հողերուն, այլ ստանայ հատուցում, լեռնակուտակ կորուստներու հատուցում:

Գուբելեանին ուզածը, մեր ալ ուզածը՝ հող ու հատուցում: Ոչ թէ ուզածը, այլ՝ պահանջա՛ծը:

Այս վէպը վերջ տուած է լալկանութեան եւ առաջ քաշած հերոսայնութիւնը մեր ժողովուրդին: Գայլն ու աղուէսը ի վերջոյ չեն կրնար յաղթել արծիւին:

Ինչպէս հեղիանկը կ’ըսէ. «Սակայն բառիս բուն առումով «Ազգատոհմիս գողգոթան» գործին դայեակն ու խրախուսողը հանդիսացաւ երկուորեակ եղբայրս, երբ բաժակ մը խմիչքի վրայ օր մը ինծի հարց տուաւ, թէ «ինչո՞ւ կը խրտչէի ազգատոհմիս բաժին ինկած գողգոթան վիպագրելէ»:

Փոքր եղբօրն ալ խրախուսանքին վրայ կը գրուի այս վէպը, ուր օգտագործուած է ճնշումի դէմ հակաճնշումի բնական պատասխանը: Հերիւրուած է չենք կրնար ըսել՝ երբ հեղինակը կը հերոսացնէ վէպին հերոսները: Փաստը այդ հակաճնշումին մեր ժողովուրդին շահած ապրելու, վերապրելու եղելութիւնն է:

Գուբելեան գրողը կը թելադրէ. «Հայ գրողը իր վէպը սպիտակ պաստառի համար պիտի գրէ ու «սցենար»ի նման խճճէ հետաքրքրական, ֆանթաստիկ գործողութիւններով»:

Այո՛, հարիւր անգամ պաստառ պէտք է բարձրանան մեր ժողովուրդին խենէշօրէն հարուածուած կեանքերը ինչպէս ճարտարօրէն պաստառի վրայ բարձրացուցած են հրեաները իրենց հոլոքոսթը:

Մերինը ծանր է աւելի: Անոնք հայրենիք ստեղծեցին: Իսկ մենք Հայրենիք կորսնցուցինք՝ ամբողջ Արեւմտեան Հայաստանը:

Վէպին մէջ կայ նաեւ դրական կեցուածք հանդէպ թուրքին. «Ներկայ գործին մէջ փորձած եմ մարդկայնացնել թուրքը: Ազնիւ թուրքեր ալ գոյութիւն ունեցած են, որոնք մարդկային վերաբերմունք ցոյց տուած են իրենց հայրենակից հայերու հանդէպ, յաճախ սուղ գին վճարելով իրենց զգացումներուն, գութին ու ազնուութեան համար»: Օսմանցիին դաժանութեան դէմ զինեալ պայքար եւ սակայն նաեւ անյիշաչար է գրողը:

Մարդկօրէն հասկնալի վէպ մըն է մատուցուածը:

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆ

33-րդ Աւարտական Հանդէսը՝ Նիւ Եորքի Հայկական Ամէնօրեայ Վարժարանում

0
HMADS family and community members with class of 2015

ԱՇԽԷՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Յունիսի 19-ին Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց Ամէնօրեայ Ազգային վարժարանում մեծ շուքով նշուեց 33-րդ աւարտական հանդէսը, որ կազմակերպել էր վարժարանի տնօրինութիւնը։ Դրօշակների մուտքի արարողութիւնից յետոյ հնչեցին Ա.Մ.Ն.-ի  և Հ.Հ.  օրհներգերը։  Բացման աղօթքը կատարեց Սրբոց Նահատակաց եկեղեցու հովիւ, Արժանապատիւ Տ․Աբրահամ քհնյ. Մալխասեանը։

 Օրուայ հանդիսավարն էր վարժարանի տնօրէնուհի, վաստակաշատ մանկավարժ Զարմինէ Պօղոսեանը, որը շնորհաւորելով շրջանաւարտներին, ցանկացաւ նրանց, որ կեանքում գտնեն իրենց արժանապատիւ տեղը, չմոռանալով նաև մայրենի՝ Հայոց լեզուն ։

    «Սկզբնական տարիներին՝ 1968թ․վարժարանը ունեցել է միայն նախադպրոցական տարիքի երեխաներ, իսկ հետագայում դպրոցում սկսել են գործել առաջինից մինչև վեցերորդ դասարանները, որոնց 33-րդ շրջանաւարտական հանդէսը նշուում է այսօր։

 Համեմատած միւս տարիների հետ, այս տարուայ շրջանաւարտները թիւով երեքն են։ Շնորհալի երրորդութիւն մըն են: Ասեմ նաև, որ 2018թ․կը նշվի մեր Ամենօրեայ Ազգային Վարժարանի 50-ամեակը»,– ասաց Զարմինէ Պօղոսեանը։

  Օրուայ յայտագիրը բազմազան էր, որտեղ ընդգրկուած էին հայերէն, անգլերէն երգեր եւ արտասանութիւններ (խմբավար՝ Անահիտ Պօղոսեան, դաշնակահարուհի Նուարդ Ծ․Տատուրեան): Հայերէն բաժինը ամբողջութեամբ նուիրուած էր  Ցեղասպանութեան 100-ամեակին, «Լռութիւն  եւ Վերապրում »  ընդհանուր խորագրի տակ, շեշտը դնելով Կոմիտասի կեանքին, Հայերէն լեզուի դասատու՝ Տկն. Հուրի  Ղուկասեանի ղեկավարութեամբ:

 Շրջանաւարտներին իր ողջոյնի խօսքն ասաց 1995թ․ շրջանաւարտ, բժիշկ Արին Փիրամզատեանը։ Օրուայ պատուաւոր հիւրն էր ճանաչուած, տաղանդաշատ դաշնակահարուհի՝ Կարինէ Պօղոսեանը: Իր հրաշալի մատների հպումով երկու գեղեցիկ կտոր նուիրեց շրջանաւարտներին, մին՝ Արամ Խաչատուրեանէն, իսկ միւսը՝ Առնօ Պապաճանեանէն:

  Հանդէսի յայտագիր գրքոյկին մէջ շրջանաւարտները արձանգրել էին- «Սա մեր երկրորդ տունն էր։ Ինչ որ սովորեցինք՝ այս դպրոցէն ներս սովորած ենք։ Մենք այս վարժարանին մեջ մեծացած ենք։ Տնօրէնուհի ՏկնՊօղոսեանը սորվեցուցած է և մեզի ըսած է, որ մեր դպրոցի անունը միշտ բարձր պահենք։ Շնորհակալութիւն մեր ծնողներին և ՍՆԱՎի դասագրքերէն դուրս  մեր ուսուցիչներէն եւ տնօրէնուհիէն ստացած կրթութեան համար»։

 Հանդիսաւոր պայմաներում շրջանաւարտները ստացան աւարտական վկայականներ։ Երեկոյի վերջում շրջանավարտներին շնորհաւորեց իր հայրական մաղթանքները յղեց ԱՄՆ-ի Արևելեան թեմի առաջնորդարանից՝  Բարձրաշնորհ՝ Եղիշէ Արք. Կիզիրեանը։

    Հանդէսին բացուել է նաեւ  Ռոբերտ Կարապետեանի «Սուրբ Խաչ, Յոյսի Խորան» գեղարուեստական լուսանկարների ցուցահանդէսը։

      Հեղինակը յայտնեց նաև, որ այս լուսանկարները սեպտեմբերի 6-ին պիտի ցուցադրուեն նաեւ Երեւանում։ Տնօրէնուհի Տիկ. Պօղոսեանը իր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնեց թէ՛ դաշնակահարուհի Կարինէ Պօղոսեանին եւ թէ լուսանկարիչ Ռոպէրթ Կարապետեանին իրենց արուեստով ՍՆԱՎ-ի շրջանաւարտական հանդէսին արուեստի վայելք բերելուն եւ իրենց  ցուցաբերած գնահատանքին համար:

                                                                        Լուսանկարները՝   ԻՎԵՏԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ

Robert Karapetian with Arch Y. Gizirian
Robert Karapetian with Arch Y. Gizirian
Three graduates with their teacher Mrs. Claire  & Principal
Three graduates with their teacher Mrs. Claire & Principal
Talented Pianist Karine Poghosyan
Talented Pianist Karine Poghosyan
5th and 6th graders singing "Karoon a"  from Gomidas
5th and 6th graders singing «Karoon a» from Gomidas

 

Three Graces for HMADS 33rd Graduation

0
HMADS family and community members with class of 2015

Kristen Reed – HMADS Fourth Grade Teacher

Oakland Gardens, NY: On the evening of Friday, June 19th 2015, Holy Martyrs Armenian Day School of Oakland Gardens, Queens, NY, held its 33rd commencement exercises. What a meaningful evening being held in the year of the 100th Anniversary of the Armenian Genocide and being especially graced with the presence of Archbishop Yeghishe Gizirian, as well as members of the board, education committee, benefactors, volunteers, teachers, friends, and family.

 Not only was it a meaningful evening for the Sixth Grade graduating class, Michelle Ashbahian, Emma Galstian, and Haig Piramzadian, and their families and loved ones, their teachers Mrs. Claire Asadorian, Mrs. Houri Ghougassian, and teachers throughout the years, principal Mrs. Zarminé Boghosian, but also for Fourth Grade teacher Miss Kristen Reed.  Fifteen years ago, I myself graduated Sixth Grade from HMADS, and now fifteen years later, my first class being as official teacher after graduating with my teaching degree and certification, graduated themselves, the same year as I graduated from Queens College with a Master’s Degree in the field of Special Education. What a surreal feeling. Special congratulations to the three of you and woo-hoo, class of 2015!

The presentation by the class of 2015 along with the fifth graders consisted of a potpourri of Armenian and English recitations and songs dedicated to the remembrance of the 100th anniversary of the April 24th, 1915 genocide and recently canonized 1.5 million Saints. The English poems recited were: The Road Not Taken by Robert Frost, The Victor by C.W. Longenecker, and Success by Ralph Waldo Emerson. The English songs were: My WishThe Rose and God Bless America. The Armenian portion of the program included a poem: Silence & Rebirth by Gosdan Zarian dedicated to Gomidas and Karoon a – song by Gomidas. The Armenian songs were: Dsidsernag, Ko Hayreniku, and Sardarabad. Special thanks to Choirmaster, Anahit Boghossian and Pianist, Nevart Z. Dadourian.

  The evening also consisted of the invocation given by Rev. Fr. Abraham Malkhasyan, an address to the graduated from HMADS alumna Arin Piramzadian, M.D. – Class of 1995, a special guest appearance by Renowned Pianist Kariné  Poghosyan was truly a very special gift to the graduating class.  A very special photo exhibition by Robert Karapetian presented a visual feast to al in attendance.

  Armenian Language teacher Mrs. Houri Ghougassian invited the three graduates of the year: Michelle Ashbahian, Emma Galstian, Haig Piramzadian to receive their diplomas from their homeroom teacher and the principal.

 An inspiring message touched the hearts of the audience as Surpazan Gizirian addressed the audience with his God given voice and riches of the Armenian Language stressing the importance of Armenian Education wherever we choose to live.

  On behalf of the class of 2015 HMADS and their parents, Mrs. Boghosian took this opportunity to thank all the Teachers, ACEF Donors, Benefactors, Volunteers, members of the Friends of HMADS for their love and support throughout the years. The evening came to its closing as H. E. Arch. Yeghishe Gizirian delivered his closing prayers.

  A beautiful reception table was awaiting the guests, graduates and their families set up by the parents of the 5th and 6th grades for all to enjoy. Very encouraging generous donors presented their donation to HMADS at the reception hall, thus showing their full support for HMADS.

   We would like to wish our graduates an endless amount of success in their future endeavors. May they never forget their HMADS family, their Armenian culture, pride, and values.

Three graduates with their teacher Mrs. Claire  & Principal
Three graduates with their teacher Mrs. Claire & Principal
Robert Karapetian with Arch Y. Gizirian
Robert Karapetian with Arch Y. Gizirian
Talented Pianist Karine Poghosyan
Talented Pianist Karine Poghosyan
5th and 6th graders singing "Karoon a"  from Gomidas
5th and 6th graders singing «Karoon a» from Gomidas

Հայրենիքը Որո՞ւ Կը Պատկանի

0
Երևանի ոսկերչական ցուցահանդէս՝ 2014 – Մերիտիէն կեդրոն:

ՅՈՎԵԼ ՇՆՈՐՀՕՔԵԱՆ

Անցեալ Դեկտեմբերին, Տուպայի մէջ հանդիպեցայ զարմիկիս՝ Մարտիկին, որ վերջերս Հալէպէն հոն փոխադրուած էր, իր գործարանով, մեքենաներով,  եւ 25 ոսկերիչներու պաշտօնակազմով, բոլորը իրենց ընտանիքներուն հետ մէկտեղ։ Ընթրիքի ընթացքին, ան ըսաւ. «Սիրտս կ’այրի. Շատ պիտի  նախընտրէի փոխանակ Տուպայի՝ Հայաստան հաստատուիլ… Ես հոն տու՛ն ունիմ, իմ սի՛րտս հոն է… Հոս, մեր պզտիկները Հայերէն կարդալ եւ գրել պիտի չսորվին… եւ Աստուած գիտէ որու հետ պիտի ամուսնանան…»

  Մարտիկը յուզուած էր. Ան քանի մը անգամ Հայաստան գացած էր, հոն շինարարական գործի սկսած եւ վերջերս, Երեւանի մէջ ամբողջացուցած անձնական տան շինութիւնը։ Ան նկատի առած էր հոն տեղափոխել իր գործը. Կրկին գացած էր քննարկելու իր նպատակը ընկերներու հետ, որոնք արդէն հոն գործատեղիներ ունէին, ու կը դիմագրաւէին ընդհանրացած պիւրոքրադական դժուարութիւններ (read Rapapaort article)  եւ մաքսային գործողութիւններու դանդաղութիւն – ներածման եւ արտածման գործողութիւններու ընթացքին ապրանքներու ուշացում, շաբաթներով. ան յուսահատ վերադարձած էր։ Երբ հարցուցի «ինչու՞», ան բացատրեց ըսելով.  «Գոհարեղէնի արտադրութեան համար ես օրական 2 ք. ոսկի կը գործածեմ. Ոսկին, որ հոս կը գնեմ առաջին օրը, կը յանձնեմ եւ կը վճառուիմ յաջորդ օրն իսկ. Հայաստանի մեջ արտադրելու պարաքային, պէտք պիտի ըլլար յատկացնել աւելի քան 50 ք. ոսկի, ի զուր, դանդաղ մաքսային գործողութիւններու պատճառաւ». Այս մէկը ընելու  միջոցը չ’ունէր. հրաժարեցաւ:

  Սիստեմին դէմ պայքարիլը դիւրին չէ. Նոյնիսկ մեր Հայ ոսկերիչներու միութիւնը, որ նախագահութեան բուռն աջակցութիւնը կը վայելէ, իր կարքին դիմագրաւեց այդ նոյն պիւրոքրադական դժուարութիւնները, անցեալ տարուայ Երեւանի մէջ տեղի ունեցած ցուցահանդէսին ընթացքին:

 Անցեալ շաբաթ տեղեկացայ որ ընկերոջս Յակոբին գործատեղին, Հայաստանի մէջ, որ ժամանակին 100 ոսկերիչի մարդուժ ունէր, գրեթէ դադրեցուցած էր իր արտադրութիւնը. Տարիներու ընթացքին հպարտ եղած եմ Յակոբին նուրբ ոսկերչական գործերով, պատրաստուած հմուտ Հայ ոսկերիչներու ձեռքով, հպարտ՝ իր հռչակաւոր ապրանքանիշով, ցուցադրուած Հոնկ-Քոնկի, Սինկափօրի, Տուպայի, Փարիզի եւ Մանհաթընի 5-րդ Պողոտայի լաւագոյն ցուցափեղկերէն ներս. Արդեօք ի՞նչ պիտի պատահի իր աշխատաւորներուն: Հաւանաբար Յակոբ պիտի տեղափոխէ իր հմուտ վարպետ ոսկերիչները դէպի իր արտասահմանի գործատեղիները, իսկ մնացածները՞…:

Մի քանի ամիս առաջ, Փարիզի մէջ յանդիպեցայ տիկնոջ մը՝ իր 6էն 10 տարեկան երեք զաւակներով, բոլորն ալ պատշաճ հագուածքով եւ քաղաքավար վարմունքով: Անոնք, օր մը առաջ հասած էին Երեւանէն եւ կ’ուղղուէին քաղաք մը՝ Ֆրանսական բնագաւառին մէջ.    Հայաստան՝ տիկինը լսած էր թէ աւելի դիւրութեամբ կրնային գաղթի թուղթեր ստանալ՝ գաւառային շրջաններու մէջ. Անոնք նախորդ գիշերը անցուցած էին Փարիզի ‘’Gare de Lyon’’ գնացքի կայարանի սպասման սրահին մէջ, եւ որեւէ գաղափար չունէին թէ ուր պիտի անցնէին եկող գիշերները: Ֆրանսայի մէջ ոեւէ ծանօթ չունէին: Ես փորձեցի բացատրել թէ կեանքը դիւրին չէր այստեղ, եւ թերեւս աւելի լաւ պիտի ըլլար որ Հայաստան վերադառնային: Տիկնոջ համար, իրենք իրենց երազած տեղը հասած էին… իրենց Էլտորատոն: «Էլ հարց չկար»: Ամէն պարաքայի, անոնք ծախած էին իրենց տունը,  գնելու համար իրենց վիզաները, հատը 5000 տոլարի:

 Կը մտածեմ Մարտիկին մասին, իր աշխատաւորներուն եւ անոնց ընտանիքներուն մասին, զրկուած Հայրենիքէն, անոր հողէն, առիթէն որ ան կ’ընծայէ պահպանելու եւ փոխանցելու մեր մշակութային ժառանգութիւնը, ժառանգութիւն մը որ նոյնքան թանկ է «մեզի» համար, քան նիւթական ժառանգութիւն մը, որ ամէն գնով կը ջանանք փոխանցել  մեր զաւակներուն:

 Կը մտածեմ Յակոբին գործաւորներուն մասին, որոնցմէ մի քանիներ իրենք զիրենք պիտի գտնեն Պրիւքսէլի, Փարիզի եւ Լոս Անճելոսի փողոցներուն մէջ. Ճիշդ այդ կնկան պէս, որուն հանդիպեցայ Փարիզի մէջ. Ետքը անոնք յաջողութիւն պիտի գտնեն եւ ի վերջոյ ձուլուին՝ իրենց որդեգրած նոր «հայրենիքներուն» մէջ:

 Միւս կողմէ, կը մտածեմ նաեւ մէր Սփիւռքի Հայ գործարարներու մասին, որոնք կ’աշխատցնեն  տասնեակ հազարաւոր գործաւորներ՝ Չինաստանի, Վիէթնամի եւ Թայլանտի մէջ, եւ որոնք վարպետ գործաւորներու կարիքը ունին: Ասիոյ ընթացիկ սղաճի կացութեամբ, աշխատավարձքերը ներկայիս աւելի աժան են Հայաստանի մէջ, ուր մարդիկ աւելի ուսեալ եւ վստահաբար աւելի հմուտ են: Ի՞նչն է որ արգելք կը հանդիսանայ սփիւռքի գործարարներուն որ տեղափոխեն իրենց գործը դէպի Հայաստան:

Ո՞ւր է որ սխալած ենք:

 Որոշ արհեստներ կապուած են յատուկ ազգերու. Արհեստներէն մէկը, որու մէջ Հայեր կը գերազանցեն՝ ոսկերչութիւնն է: Ինչպէս Պարսիկները նշանաւոր են գորգ հիւսելու մէջ, Հայերը ճանչցուած են որպէս վարպետ՝ ոսկիի եւ արժէքաւոր մետաղներու գործին մէջ: Պատմութեան ընթացքին, ըլլայ Օսմանեան կամ Ռուսական կայսրութիւններուն մէջ, Սուլթանները եւ Ցարերը միշտ դիմած են Հայ ոսկերիչերու:

 Սովետական միութեան ժամանակ Հայերուն այս ձիրքը ճանչցուած էր, ուրեմն ոսկերչութեան եւ ադամանդ տաշելու ճարտարուեստը գլխաւորապէս կեդրոնացած էր Հայաստանի մէջ:

 Այժմ, մօտաւորապէս 15,000 հոգի կ’աշխատի ոսկերչութեան  ճիւղին մէջ. սակայն քանակը այնքան կարեւոր չէ որքան որակը: Հայ ոսկերիչը հստակաբար ճանչցուած է միջազգ ային շուկային մէջ որպէս հմուտ վարպետ:

Ո՞ւր է որ սխալած ենք:

 Կը մտածեմ Սփիւռքի զորուժին մասին, արկախ վերոյիշեալ գործատերերէն, եւ արկ ախ բարերարներէն, որոնք նիւթական նպաստ կը բերեն հայրենիքին:

 Ֆրանսայի մէջ միայն, ունեցէր ենք հայ նախարարներ՝ տնտեսութեան, արդիւնաբերութեան, ունեցէր ենք հայ վարչապետ…

 Ֆրանսայի պէս երկրի մը մէջ, ճանցուած որպէս օրէնքի պետութիւն, եւ օժտուած ազատ շուկայի տնտեսութեամբ:

 Թուրքիոյ մէջ, վերջերս ունեցէր ենք հայ մը, որ եղած է Թրքական հանրապետութեան նախագահի գլխաւոր խորհրդականը:

Թուրքիա, հպարտ անդամ մը աշխարհի  20 հզօրագոյն տնտեսութններու «ակումբ»ին:

 Ես կը մտածեմ քաղաքական գործիչներու և տնտեսագէտներու մասին, Ֆրանսա, Թուրքիա եւ այլուր, որոնք հայ են ոչ միայն ծագումով, այլ սրտով և հոգւով, որոնք վստահաբար պիտի կատարեն իրենց ներդրումը, եթե կոչ ըլլայ իրենց:

Մենք Սփիւռքահայերս, որ զրկուած ենք հայրենիքէն, որ հայրենի քի կարօտը կը քաշենք, ինչպէս շնջահեղձ մը կը կարօտի օդի, կը յուզուինք  այն վարկեանին որ ոտք կը դնենք Հայաստաանի հողին վրայ. Եւ ալ աւելի  կ’զգացուինք, երբ սփիւռքի նախարարուհիին, կամ վարջապետին հիւրը կ’ըլլանք, եւ կամ երբ կը ճանցուինք որպէս մասնակից Հայաստան-Սփիւռք խորհրդաժողովներուն:

Պէտք չէ՞ որ մենք, փոխանակ նախարարներու երկար եւ զգացական ճարերը մտիկ ընելու, գործի լծուինք: Պէտք չէ՞ որ մարդասիրական նպաստ բերելէ անդին, օգնենք մեր գիտուժով, եւ մեր այդ փորձառութեամբ որ կը տարբերի Սովետական սիսթէմէ ժառանգուած փորձառութենէն:

Պէտք չէ՞ ստանցնենք մեր պատասխանատւութիւնները ի դէմ մեր ազգին, մեր Հայրենիքին: Պէտք չէ՞ որ սփիւռքը հաւաքէ իր գործարարները, տնտեսագէտները եւ քաղաքական գիտնականները, խնդրէ անոնցմէ որ պատրաստեն ծրագիր, յանձնարարականներ տալով Հայաստանի տնտեսութիւնը բարեփոխելու կարելի ձեւերու մասին: Նպատակ ունենալով բարելաւելու Հայաստանի դիրքը միջազգային դրամատան «երկիրներու գործի դիւրութեան» կարգին մէջ (World Bank’s rating of countries for their “ease of doing business”). Ասիկա՝ անշուշտ առանց որեւէ նպատակ ունենալու իշխանութեան միջամուխ ըլլալու: Արդեօք սփիւռքը բաւական հասու՞ն է նման գործ ստանցնելու:

Արդեօք սփիւռքի օդանաւին մէջ օդաչու կա՞յ:

Վերջին տասը տարիներուն ընթացքին,կ’ըսուի թէ մէկ ու կէս միլիոն Հայեր արտագաղթած են Հայաստանէն, դառնալով ենթակայ ճերմակ ջարդին: Այս մէկ ու կէս միլիոնին համար, ոչ մէկ օտար պետութիւն կրնանք մեղադրել:

Բա՛ւ է արտասուիլ։

Բա՛ւ է խօսակցութիւններ եւ յօդուածներ՝ սփիւռքի օրաթերթերուն մէջ, այս կամ այն Հայաստանի հանրապետութեան քաղաքական գործիչին սխալ ընթացքին մասին։

Բա՛ւ է բացասական քննադատութիւններ։

Թող Սփիւռքի առաջնորդները, որոնք իրենք զիրենք կը յարգեն որպէս առաջնորդներ, ոտքի ելլեն, մէկդի դնեն իրենց անձնական հարցերը, հաւաքուին, միասնութեամբ զօրանան, եւ պատաասխանատւութիւն ստանձնեն, տէր կանքնելով հայրենիքին: Ի վերջոյ, որու՞ կը պատկանի Հայրենիքը:

Պատմութիւնը պիտի դատէ մեզ եւ մեր առաջնորդները՝ մեր անշարժութեան համար:

Փարիզ, Յունիս 2015

Փարիզ, Gare de Lyon սպասման սրահ:
Փարիզ, Gare de Lyon սպասման սրահ:

 

Ալեքսեյ Միխայիլովիչ Ձարի «Ադամանդեայ բազկաթոռը», արքունի գահերէն ամենամշակուածը. Գահը պատրաստուած է պարսկահայ արհեստաւորներու կողմէ` սանդալի փայտէ եւ պատուած ոսկիով: Նուիրուած է Ձարին 1659թ.-ին՝ Հայ առևտրականներու ընկերութեան կողմէ:
Ալեքսեյ Միխայիլովիչ Ձարի «Ադամանդեայ բազկաթոռը», արքունի գահերէն ամենամշակուածը. Գահը պատրաստուած է պարսկահայ արհեստաւորներու կողմէ` սանդալի փայտէ եւ պատուած ոսկիով: Նուիրուած է Ձարին 1659թ.-ին՝ Հայ առևտրականներու ընկերութեան կողմէ:
Չարլի Չափլինի պողպատէ քանդակը, ասեղի անցքին մէջ տեղաւորուած - Էդվարդ Տէր-Ղազարեանի գործ: Ամբողջովին ձեռքի աշխատանք, աւանդական գործիքներու միջոցով` նոյնպէս պատրաստուած պրն. Տէր-Ղազարեանի ձեռքով:
Չարլի Չափլինի պողպատէ քանդակը, ասեղի անցքին մէջ տեղաւորուած – Էդվարդ Տէր-Ղազարեանի գործ: Ամբողջովին ձեռքի աշխատանք, աւանդական գործիքներու միջոցով` նոյնպէս պատրաստուած պրն. Տէր-Ղազարեանի ձեռքով:
Հայ գործարարներ Չինաստանի մէջ կը նշեն ձեղասպանութեան հարիւրամեակը
Հայ գործարարներ Չինաստանի մէջ կը նշեն ձեղասպանութեան հարիւրամեակը
Երևանի ոսկերչական ցուցահանդէս՝ 2014 – Մերիտիէն կեդրոն:
Երևանի ոսկերչական ցուցահանդէս՝ 2014 – Մերիտիէն կեդրոն:

Կրկնակիօրէն Յիշատակելի Օր, Մեսրոպեանի Մէջ Բացուեցաւ “Հաւատարմութեան Շատրուանը”, Բարեսիրական Ընթրիքին Հանգանակուեցաւ 109 հազար Ամ. Տոլար

0

ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի կրթական տարուայ փակումը նշանաւորուեցաւ միեւնոյն օրը կայացած զոյգ ձեռնարկներով:

Ընդառաջելով վարժարանի տնօրէնութեան հրաւէրին, 19 Յունիս 2015-ի երեկոյեան Մեսրոպեանի բարեկամներ իրենց ներկայութեամբ պատուեցին արդէն աւանդական դարձած դպրոցի կարիքաւոր աշակերտներու ֆոնտին ի նպաստ բարեսիրական ճաշկերոյթը, որ տեղի ունեցաւ Մեսրոպեան մանկապարտէզի շրջափակին մէջ: Նախքան ճաշկերոյթը, հրաւիրեալները մասնակցեցան դպրոցի գլխաւոր բակին մէջ “Հաւատարմութեան շատրուան”ի բացումին:

Ձեռնարկներուն ներկայ եղան Հայաստանի հանրապետութեան դեսպան պարոն Աշոտ Քոչարեան, Արհի. Տ. Մանուէլ եպս. Պաթաքեան, Լիբանանի հայ կաթողիկէ պատրիարքական ընդհանուր փոխանորդ, Զմմառու միաբանութեան վարչութեան մեծաւոր Գեր. Հ. Գաբրիէլ  թ.ծ. վրդ. Մուրատեան, Լիբանանի հայ կաթողիկէ վարժարաններու տնօրէններու խորհուրդի նախագահ Գեր. Հ. Գէորգ ծ.վրդ. Եղիայեան, պետական երեսփոխաններ եւ նախարարներ, Պուրճ Համուտի քաղաքապետ Անդրանիկ Մըսըրլեան, Քարիթաս –Լիբանան ընկերութեան նախագահ Հայր Փօլ Գարամ , հոգեւորականներ եւ միութիւններու ներկայացուցիչներ: Ձեռնարկները կայացան հովանաւորութեամբ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամեն. Տ. Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս Պատրիարքին, նախագահութեամբ Մեսրոպեանի բարերար պրն. Վարուժ Ներկիզեանի:

“Հաւատարմութեան շատրուան”ի բացումին առիթով իր արտասանած խօսքին մէջ, Մեսրոպեանի տնօրէն պրն. Կրէկուար Գալուստ նշեց, որ սոյն շատրուանով, Մեսրոպեանի շէնքային պատկերը նոր յատկանիշով մը կը հարստանայ: Շատրուանը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակին. անոր կեդրոնը ամրացուած է Մեսրոպեան վարժարանի առաջին ցուցանակը, 1939 թուականէն: Անիկա նուէրն է վարժարանի բարեկամ ու բարերար պարոն Վարուժ Ներկիզեանին: “Շատրուանը խորհրդանիշ է հաւատարմութեան՝ Հայոց ցեղասպանութեան զոհերու կտակին, ինչպէս նաեւ  Մեսրոպեան վարժարանի հիմնադիր հայրերու ազգային, հոգեւոր եւ կրթական տեսլականին”, ըսաւ Կ. Գալուստ:

Ճաշկերոյթի բացումին, պրն . Կրէկուար Գալուստ նշեց, որ  կրթական հաստատութեան մը համար ոգեւորութեան մեծ աղբիւր է բարեկամներու նիւթական եւ բարոյական նեցուկն ու անոնց ներկայութիւնը՝ դժուարութիւններու  եւ մարտահրաւէրներու դէմ յանդիման: Այս առիթով, ան երախտագիտութիւն արտայայտեց Ամեն. Տէր Ներսէս Պետրոս Կաթողիկոս Պատրիարքին, որ Մեսրոպեանին կը նայի  ամենօրեայ հոգածութեամբ, շնորհելով ամենայն քաջալերանք եւ զօրակցութիւն: Ան շնորհակալութիւն յայտնեց ընթրիքի նախագահ պարոն Վարուժ Ներկիզեանին եւ իւրաքանչիւրին, որ կու գայ նեցուկ դառնալու “կարիքաւոր ընտանիքի մը՝ շնորհալի զաւակ մը բարձր ուսման հասցնելու իր ճիգին ու տառապանքին մէջ”:

Ընթրիքի նախագահ պարոն Վարուժ Ներկիզեան իր խօսքին մէջ մեծապէս գնահատեց կրթութեան պայմաններու զարգացման համար Մեսրոպեան վարժարանին մէջ կատարուած աշխատանքները: Ան անգամ մը եւս յիշեցուց, որ Մեսրոպեանին նեցուկ կանգնիլը իր անձնական ընտրանքն է ու որոշումը, եւ անիկա հիմնուած է այն համոզումին վրայ, որ վարժարանը հետեւողականօրէն կը գործադրէ կրթութեան զարգացման ծրագիրներ ի նպաստ լիբանանահայ նոր սերունդի դաստիարակութեան եւ պատրաստութեան:

Գեղեցկօրէն զարդարուած շրջափակին մէջ կայացած ճաշկերոյթին ներկայացուեցաւ գեղարուեստական պատշաճ յայտագիր. նախկին մեսրոպեանական աշակերտներ Մարինէ եւ Սագօ Հալաճեաններ (ջութակ, դաշնամուր) եւ Գէորգ Քեշիշեան (տուտուկ, սրինգ)  կատարեցին նուագներ, մինչ երգիչ Սարօ ներկայացուց հայկական եւ եւրոպական երգերու փունջ մը: Ընթրիքի հանդիսավարն էր Մեսրոպեանի անձնակազմի անդամ տիկին Անի Խալիլ:

Ճաշկերոյթին առիթով, ներկաները ընդհանուրը 109 հազար ամերիկեան տոլար նուիրեցին Մեսրոպեան վարժարանի “Սան մը որդեգրէ” ծրագրին: Հիւրերու նուիրուեցաւ Մեսրոպեան վարժարանի 75-ամեակը եզրափակող հրատարակութիւնը, “Երթը Կը Շարունակուի” խորագրով:

 

 

Untitled23Untitled22

Untitled26

Untitled27

Untitled28

Untitled30

Untitled34

 

 

Untitled31

 

Untitled32

 

Untitled33

 

Untitled35

 

Untitled36

 

Untitled37