Տեսակէտ
ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Համարեա վերջին մէկ շաբաթուայ ընթացքում, մենք ականատես եղանք արեւմտամէտ համարուող՝ հայաստանեան մի քանի լրատուների կարեւոր դիմաշրջումներին եւ թեքումին։ Մենք դա տեսանք անզէն աչքով։ Գրեմ մի քանի կարեւոր տեղեկութիւններ, վերջում ասեմ իմ կարծիքը։
Նախ հաստատենք, որ հէնց միջազգային կառոյցների եւ վերլուծաբանների համար պարզ է նիկոլի ու ՔՊ-ի վարկանիշի մեծ անկումը, եւ վիճակը փրկելու համար, արդէն ուրիշ հրաման է իջեցուած։
Շատերս գիտենք հայաստանեան Առաջին Լրատուականը։ Խօսքս Հ1-ի մասին չէ․ դա ուրիշ է։ Առաջին Լրատուականն ու նրա հիմնական լրագրողը արդէն ամենօրեայ, կամ ամեն ժամեայ դրութեամբ՝ վերլուծում է աշխարհի եւ տարածաշրջանի վերջին իրադարձութիւնները եւ քննադատական խիստ խօսքեր ասում նիկոլի եւ մի քանի ուրիշ ՔՊ-ականների հասցէին․․․ Այս երեւոյթը շա՜տ հետաքրքիր է։
Նրանք ԵՐԲԵՔ նման շեշտադրումներ չէին ունեցել։ Հիմա արդէն խօսում են նիկոլի հրաժարականի մասին…
Հրապարակ են նետել մի քանի անուններ, որոնք երիտասարդ քաղաքական գործիչներ են ու նրանց հետ ամենօրեայ հարցազրոյցներ են անում։ Բայց ո՞րն է նրանց տարբերութիւնը ՔՊ-ից՝ յատկապէս արտաքին քաղաքականութեան հետ կապուած․․․ ՈՉԻՆՉ, եւ ոչ-մի տարբերութիւն։
Բայց նրանք քննադատում են, փորձում են քաղաքական ներկայ վիճակը հիմնաւորելով պատմական փաստերով՝ պատմութեանը եւ քաղաքականութեանը լաւատեղեակ լինելու տպաւորութիւն թողնել։ Այստեղ այդ հարցերը քննարկելու նպատակ չունենանք․ նամակների սահմաններում հնարաւոր չէ նոյնիսկ վերնագրային անդրադառնալ այդ թեմաներին։ Բաւարարուենք միայն այս տեղեկութիւնը կիսելով։
Բայց կայ եւ մի կարեւոր տարբերութիւն, որոնց վրայ փորձում են ուշադրութիւն սեւեռել,-
Այդ նորերը նշում են թէ՝ նիկոլն ու ՔՊ-ն չկարողացաւ հարցերը կարգաւորել ԱՄՆ նոր իշխանութիւնների, եւ անձամբ նախագահ Թրամփի հետ։ Նրանք շեշտում են, որ ՔՊ-ն սխալ գործեց, մինչդեռ Թրամփի հետ կապեր հաստատելու դէպքում, Հայաստանը աւելի արագ կը միանայ Եւրոմիութեանը, եւ Հայաստանից շատ աւելի արագ դուրս կը բերուի ռուսական ռազմաբազան։
Տեսնո՞ւմ էք-
Եթէ նիկլոն ու ՔՊ-ն ռուսական ռազմաբազայի մասին աւելի զգուշաւոր բառեր են գործածում, այս նորերն արդէն բացայայտ եւ անթաքոյց խօսում են այս մասին։ Միաժամանակ, Հայաստանի ապագան կապելով միայն ու միայն արեւմուտքի հետ։
Նրանց համար էլ ՉԿԱՅ «եւ-եւ»-ի քաղաքականութիւն․ նրանք չեն ձգտում բազմակողմանի յարաբերութիւններ ունենալ աշխարհի ուժային բոլոր կենտրոնների հետ։
Պիտի յիշեցնել այս նորաթուխ քաղաքագէտներին որ՝
Արեւմուտք հասկացութիւն, որպէս միատարր մէկ երեւոյթ վաղուց ՉԿԱՅ։ Ինքը Եւրոմիութիւնը բազմաթիւ հարցեր է դիմագրաւում։ Եւ ի՞նչ է Եւրոմիութեան արածը, իսկական օժանդակութիւնը Հայաստանին՝ խօսելուց ու բանաձեւեր ընդունելուց բացի․․․
Այստեղ մի տող մէջբերեմ բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրեանի մի յայտնի բանաստեղծութիւնից եւ փորձեմ Եւրոմիութեան ներկայ դրութիւնը աւելի պատկերաւոր բացատրել,- «Քաչա՛լ, ճար ունես քո՛ գլխին արա․․․»։
* * *
Կարծում եմ ՔՊ-ում մեծ խառնաշփոթ է հիմա։ Դա կապուած է հիմնականում ժողովրդի անվստահութեանը ՔՊ-ից։ Նրանք եւս լաւապէս հասկացան մեծ անկում է ունեցել իրենց վարկանիշը ժողովրդի մօտ։
Հայաստանում ներկայ զարգացումները ճիշտ տեսնելու եւ գնահատելու համար, պիտի շատ մօտ լինել բոլոր դէպքերին։ Սա նախապայման է՝ ճիշտը եզրակացնելու համար։ Բայց հեռակայ․․․ Հեռուից եւս զգալի են տրամադրութիւնների փոփոխութիւնները՝ հէնց լրատուների վերջին թեքումներն իմանալով։
Հայ քաղաքական այդ նոր գործիչները ինչքանո՞վ ԱՄՆ իշխանութիւնների, ու յատկապէս նախագահ Թրամփի նեցուկն ունեն, երբ ԱՄՆ իշխանութիւնները նպատակ են դրել եւ աշխատում են իրենց հարցերը լուծել ռուսական կողմի հետ։ Ես վերջնական բան չեմ ասի։ Չգիտեմ։
Ինձ չի թւում որ՝ ԱՄՆ իշխանութիւններին ձեռնտու է Հայաստանում տեսնել այնպիսի ուժեր, որոնք բացայայտ առճակատման են գնում/ գնալու Ռուսաստանի հետ։ Հետեւաբար՝ գուցէ պիտի կասկածել այս նոր դէմքերին։
Ես կասկածում եմ, քանի որ նրանք իրենց համար քարոզչութեան մեթոդ են ընտրել նոյն ձեւերը՝ ինչ անում էր նիկոլը 2018-ին՝ նախքան Հայաստանի վարչապետ դառնալը։ Իհարկէ, այս նորերն ունեն աւելի լաւ մակարդակ, խօսում են աւելի լաւ հայերէնով եւ այլն․․․
Իմ ուշադրութիւնից չվրիպեց այս նորերի կրակոտ եւ բուռն խօսքերը՝ նիկոլի եւ ՔՊ-ականների թալանի վերաբերեալ։ Թալանը, կոռուպցիան, փողը դարձել է մի հարց, որոնց միջոցով էլեկտրականացնում են զանգուածներին։ Ու ես չեմ տեսնում երաշխիք, որ եթէ սրանք էլ հասնեն իշխանութեան՝ չեն անելու նոյնը․․․ Այս մասին նրանք չեն խօսում ընդհանրապէս։
Սպասենք, տեսնենք Հայաստանում քաղաքական այս նոր խաղերը որքանով համահունչ կարող է լինել ԱՄՆ իշխանութիւնների արտաքին քաղաքականութեան հետ։ Ես մինչեւ հիմա առնչութիւն չեմ նկատում։
* * *
Եւ ինչպէ՞ս գնահատենք Եւրոմիութեանը միանալու համար հարցը նորից Հայաստանի խորհրդարան բերելու մասին այսօրուայ լուրը․․․ Չէ՞ որ երկու ամսով յետաձգել էին այս հարցի քննարկումը, ու հիմա՞․․․ Կարծես փոշմանել են․․․ Կամ՝ նիկոլը երէկ գիշեր մի ուրիշ երազ տեսաւ ու փոխեց իր միտքը։
Հայաստանը մինչեւ հիմա այսքան գործակալ եւ ծախուած իշխանութիւն չի ունեցել։ Հայաստանը մինչեւ հիմա այսքան յեղյեղուկ, ե՛ւ վտանգաւոր, իշխանութիւն չի ունեցել։ Ով ինչ ուզում է թելադրում է «իշխանութիւններին», կատարում են, ու նրանք ամեն օր մի նոր որոշում են տալիս՝ ազգս ու երկիրը տանելով վտանգաւոր ճանապարհներով։
Ո՞վ կարող է մեկնաբանել Եւրոմիութեան միանալու հարցը նորից օրակարգ բերելու՝ հայաստանեան կողմի որոշումը։ Ես չեմ կարող։
Վստահ չեմ, չեմ ստուգել, բայց հաւանաբար հայաստանեան մի շարք լրատուներ կը փակուեն, եւ որոշ «վերլուծաբաններ» հնարաւորութիւն չեն ունենայ եթեր դուրս գալ, եթէ պարզուի, որ նրանց պահում եւ սնուցում էր ամերիկեան USAID-ը կամ նրանք կապեր են ունեցել ամերիկեան այն լրատուների հետ, որոնց ֆինանսաւորումը դադարեցրեց նախագահ Թրամփը։ Գրեցի ամերիկեան, բայց, իրականում, նրանք վաղուց ենթակայ էին/ են Դեմոկրատ կուսակցութեանը։
Ու հիմնական հարցը մնում է այն որ՝
Ժողովուրդը նորից կը մոլորուի ու կը խաբուի՞։ Ժողովուրդը կը խաբուի՞ քաղաքական այս նոր խաղերին։