Լսել նիւթին լսողական տարբերակը
Ձայնագրութիւնը յառաջացած է Armenian Text to Speech արհեստական բանականութեան միջոցով, որ այս պահուն կը գտնուի իր փորձառական փուլին մէջ:
ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ
«Ճանապարհ բադիկներին»-ը (“Make Way for Ducklings”), ամերիկացի գրող Ռոբերտ ՄաքՔլոսկիի (Robert McCloskey) նկարազարդ մանկական գիրքն է, որը հրատարակուել է 1941 թուականին։ Հեքիաթը պատմում է բադերի ընտանիքի մասին, որ ապրում է ԱՄՆ Բոստոն քաղաքում։ Հեղինակն այդ հեքիաթի համար 1942 թուականին արժանացել է մանկագիրների համար նախատեսուած Կալդեկոտի շքանշանի։ Գիրքը թարգմանուել է շատ լեզուներով։
Բովանդակութիւնը,-
Պատմութիւնը տէր եւ տիկին Մալլարդ բադերի եւ նրանց բադիկների մասին է։ Մալլարդ ամուսինները Պոստոն են թռչում այնպիսի վայր գտնելու, որտեղ կարող են հիմնաւորուել։ Նրանք կանգ են առնում քաղաքի կենտրոնական այգում, սակայն այն դէպքից յետոյ, երբ պարոն Մալլարդին քիչ էր մնում խփէր հեծանիւը, նրանք որոշում են տեղափոխուել աւելի հանգիստ վայր։ Արդիւնքում նրանք բոյն են հիւսում Չարլզ գետի վրայ գտնուող փոքրիկ կղզում, որտեղ ծնւում են նրանց ութ բադիկները։ Բադիկները ծանօթանում են նաեւ ոստիկան Մայքլի հետ, որը կերակրում է նրանց։
Մի անգամ պարոն Մալլարդը թռչում է մերձակայքն ուսումնասիրելու եւ պայմանաւորւում է կնոջը եւ երեխաներին հանդիպել Բոստոնի կենտրոնական զբօսայգում։ Տիկին Մալլարդը եւ ութ բադիկները գնում են դէպի զբօսայգի, սակայն չեն կարողանում փողոցն անցնել մեքենաների հոսքի պատճառով։ Մայքլը կանգեցնում է շարժը, ինչպէս նաեւ խնդրում է ծանօթ ոստիկաններին նոյնն անել այլ վայրերում, որտեղ բադիկներն անցնում են ճանապարհը։ Նրանք բարեյաջող հասնում են այգի, որտեղ եւ ամբողջ ընտանիքն սկսում է ապրել։
* * *
1978 թուականից Պոստոնում անց է կացւում բադիկների զգեստաւորուած շքերթ, որին մասնակցում են ինչպէս մեծահասակները, այնպէս էլ` երեխաները։
Գիրքն այնպիսի յաջողութիւն է ունեցել, որ Պոստոնի իշխանութիւնները որոշել են կենտրոնական այգում դնել գրքի գլխաւոր հերոսուհու` մայրիկ բադիկի եւ նրա ութ ճուտիկների արձանախումբը։ Յուշարձանը տեղադրուել է 1987 թուականին։
Այս քանդակի կրկնօրինակը 1991 թուականին ԱՄՆ Առաջին տիկին Բարբարա Բուշը նուիրել է Խորհրդային Միութեան ժամանակի ղեկավար Միխայիլ Գորբաչովի կնոջը՝ Ռայիսա Գորբաչովային, ով Պոստոնում էր գործնական այցով։ Նոյն թուականին քանդակը տեղադրուել է Մոսկուայի Նովոդեւիչի վանքի մօտ գտնուող պուրակում, բայց յաջորդ գիշերը բադիկներց մէկին գողացել են։ 2000 թուականի սկզբին անհետացել են եւս երեք կերպարներ։ 2000 թուականի Սեպտեմբերի 18-ին կոմպոզիցիան վերականգնուել է։ Բացման արարողութեանը ներկայ է եղել Միխայիլ Գորբաչովը՝ իր դստեր՝ Իրինայի հետ, Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը, Ռուսաստանի մշակոյթի ժամանակի նախարարը, Մոսկուայի կառավարութեան մշակոյթի կոմիտէի նախագահը եւ այլք։
* * *
ԱՄՆ ժամանակի Առաջին տիկին Պարպարա Պուշի կողմից այս արձանախումբը նուէր էր Խորհրդային Միութեան երեխաներին, այն տարիներում երբ Միացեալ Նահանգների եւ Խորհրդային Միութեան յարաբերութիւնների ձնհալի ժամանակներն էին։
Յոյս ունենաք, աշխարհի ղեկավարները կը շարունակեն այս կարեւոր աւանդոյթը՝ խորհրդանշանական նմանատիպ պարգեւներ ուղարկելով միմեանց երկրներին, ազգաբնակչութեանն ու յատկապէս երեխաներին՝ ԻՐԱԿԱՆ բարօր եւ անվտանգ ապագայի հանդէպ նրանց վստահութիւն տալու համար։ Մարդկութիւնը որոշել է կանգնեցնել պատերազմներն ու արհաւիրքը՝ մի ուրիշ ձնհալ տեսնելով տարբեր երկրների սոսկալի սառը ներկայ յարաբերութիւններում։
Եւ, այո՛, տեղի պիտի ունենայ այս նոր ձնհալը՝ պատերազմների փոխարէն դիւանագիտութեանը ճամբայ տալով։

«Ճանապարհ բադիկներին» արձանախումբը Պոստոն քաղաքում

«Ճանապարհ բադիկներին» արձանախմբի կրկնօրինակը Մոսկուայում