Կիրակի, 28. 04. 2024

spot_img

Հայաստանը՝ Արեւմուտքի Գաղութ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Կարծում եմ շուտով պիտի մտածել ու պատրաստուել Հայաստանը արեւմտեան գաղութատիրութեան լուծից ազատագրելու մասին։ Սա այն գործն է, որ արել են շատ ազգեր ու երկրներ, ու հիմա կարողացել են դառնալ աշխարհի կարեւոր տնտեսութիւն ունեցող երկրներից․ օրինակ՝ Հնդկաստանը։

    Հայերը համեմատութեամբ նոր են ճաշակում արեւմտեան գաղութատիրութեան հետեւանքները, որ ԴԱԺԱՆ են Հայաստանում։ Այս դաժանութիւնը զգալու եւ տեսնելու համար բաւական է գնալ սահմանային շրջաններ եւ գիւղեր եւ անձամբ տեսնել դասակարգայաին ահաւոր տարբերութիւնները երկրում։

    Հայաստանում դրամատիրութիւնը նման չէ արեւմտեան զարգացած երկրների տնտեսական կարգերի հետ․ օրինակ՝ սքանտինավեան երկրներում դրամատիրութիւնը։ Հայաստանում տնտեսական խոր ճգնաժամ է, ու մասնակի որոշումներն ու նպաստները չունեն այդ կարգերը հիմնովին փոխելու ազդեցութիւն ունենալ, ու հնարաւոր չէ այդ որոշումներով տնտեսական ու հասարակական արդարութիւն հաստատել երկրում։

    Նման պայմաններում երկրում ժողովրդավարութեան մասին խօսելը ծիծաղելի է։ Ժողովրդավարութեան հիմքը ազատութիւնները չեն միայն․ հիմքում ընկած է արդարութիւնը՝ իր բոլոր կողմերով։ Չենք կարող սպասել, որ տնտեսապէս կեղեքուած մասսան ճիշտ կողմնորոշուի ասենք ընտրութիւններում․․․ Նրանց քուէն հնարաւոր է գնել տարբեր խոստումներով։ Այդ զանգուածը չի կարող իր կամքը պարտադրել ընդհանրապէս, յատկապէս նկատի ունենանք, որ Հայաստանում ՉԿԱՆ աշխատաւորների եւ տարբեր ոլորտներում գործող մարդկանց իրաւունքները պաշտպանող կազմակերպութիւններ եւ արհմիութիւններ։

    Արհմիութիւններ/ սենտիքաներ կան նոյնիսկ Ֆրանսիայի նման եւրոպական երկրում։ Եթէ համաձայնութիւն չի գոյանում տարբեր արհմիութիւնների եւ իշխանութիւնների/ հիմնարկների պատասխանատուների միջեւ, նոյն արհմիութիւնների կոչով բողոքի ցոյցեր, գործադուլներ կամ ուրիշ ակցիաներ են կազմակերպւում։ Հայաստանում չկան նման կառոյցներ՝ ինչը աւելի է մեծացնում աշխատող զանգուածների իրաւունքների բռնաբարումը, ու նրանց շահերի պաշտպանութիւնը անհնար է դառնում։

    Արեւմտեան դաժան տնտեսակարգերի հետեւանքով՝ ապագայում աւելի է խորանալու հասարակական անարդարութիւնը Հայաստանում, եւ ինչպէս նշեցի այս գրութեան սկզբում, պիտի լուրջ մտածել աշխատող զանգուածների իրաւունքների պաշտպանելու հարցերով, եւ ապագայում Հայաստանը ազատագրել արեւմտեան գաղութատիրութիւնից։ Սա նախապայմանը կը լինի ԻՐԱԿԱՆ ժողովրդավարութիւն հաստատելու Հայաստանում՝ ժողովրդի ձայնն լսելի դարձնելու եւ ժողովրդի կամքով իշխանութիւններ ձեւաւորելու համար։

    Հայաստանում այս պայքարը դեռ չի սկսել, բայց կարծում եմ պահն է լուրջ մտածել պայքարի այս կարեւոր ոլորտի մասին։ Արդարութիւն ու հաւասարութիւն չի լինում այն երկրներում, որտեղ չկայ տնտեսական արդարութիւն։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին