ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ
Արեւ, արեգակ, հուր․
Այս եւ նման բառերով լեցուն է հայ գեղարուեստական գրականութիւնը։ Մեկնաբանութիւնը՝ գրական այս շարքի վերջին բաժնում։
Եղիշէ Չարենց
«Ութնեակներ Արեւին» շարքից
«Ինչ որ լաւ է՝ վառւում է ու վառում,
Ինչ որ լաւ է՝ միշտ վառ կը մնայ․
Այս արեւ, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառուի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արեւի հրում,
Արեւից թող ոչինչ չմնայ,-
Այս արեւ, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառուի՛ր ու գնա՛»։
«Փայլում են ոսկէ սվիններ,
Պսպղում է ոսկէ մի վահան,
Ոսկեդէմ արեւի վրայ
Փայլում են ոսկէ սվիններ։
Ախ, ինչ լա՜ւ է զինուել ու զինել
Արեւով, արիւնով, — ահա
Ոսկեդէմ արեւի վրայ
Փայլում են ոսկի՜ սվիններ»։
«Միայն խմիր արեգակի բոյրը ջինջ,—
Արե՛ւ դարձիր — արեւահամ — ամոքիչ։
Ուրիշ ոչինչ չի՛ կամենայ սիրտը իմ․—
Ողջը — հրին, արնանման արեւին։
Սուր սվիններ, բուրմունք ու սէր, երգ ու գոյն,
Տենդը արեան — արեւահամ խնդութիւն։
Ու նժոյգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ․—
Ո՞վ է քեզ պէս արեւահամ — ամոքիչ․․․»։
* * *
«Ինչքան որ հուր կայ իմ սրտում — բոլորը քեզ․
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ․—
Բոլո՜րը տամ ու նուիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնայ՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում, — բոլո՜րը քեզ․․․»։
* * *
Խոհ — Ես մարդ եմ, պոետ ու քաղաքացի—
։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։
«Գրում եմ երգեր, գնում եմ գործի,—
Ապրում եմ այնպէս ինչպէս աշխարհում
Ապրել է մարդը բազմաթիւ դարեր․
Իմ երակներում արիւնն է եռում
Եւ սիրում եմ ես «աշխարհ ու արեւ»։—
Իմ սրտում ունեմ ես անթիւ սէրեր,
Ու ցանկութիւններ, ու խոհեր բազում․—
Ես ինձ հետ այսօր աշխարհ եմ բերել
Հազա՛ր մտորում, հազա՛ր զգացում․․․»։
Մեռած պոետին
«Նրանք ասում են, որ դու անցել,
Ու հնացել ես, ու հեռացել,
Որ լքել են քեզ ու մոռացել
Օրերում այս խենթ ու դարձդարձիկ։
։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։
—Այն ճանապարհով, որով մի օր
Անցար սրտաբեկ ու գնացիր—
Անցան թափորներ արեւաւոր
Ու նոր բիւրաւոր դռներ բացին․․․
Այն երկրում, որ դու մի օր լացիր
Ու մորմոքացիր այն սեւ բոցում—
Ահա գարուններ արեւածին․․․
։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։
—Վերադարձի՜ր, օ, վերադարձի՜ր․․․»։
Գովք գեղեցիկ դպրութեան
«Օ՜, ճարտար ճորտե՛ր,— մեր քերթութեան
Աղբիւրնե՛ր մաքուր,— դո՛ւք, ոսկեձա՛յն,
։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։
Օ՜, ձեզանի՛ց են սկիզբ առել
Մեր ժողովրդի երգերն հրէ,
Մեր աշուղների այն հանճարեղ
Երգերը ոսկուն, որպէս արեւ․
Եւ ձեզանի՛ց է ապա սերել
Այն քերթութիւնը, որ դեռ երէկ
Լոռու տաղերգուն* մեր արդարեւ
Դարձրեց պայծառ, ինչպէս բիւրեղ»։
*) Լոռու տաղերգուն Յովհաննէս Թումանեանն է։
Տաղ՝ ձօնուած գրքերին
«Օ՜ գրքերի աշխարհը— տիեզերք է անեզր։—
Արեւների նման բազմապիսի,
Ե՛ւ աստղերի նման, ե՛ւ շողերի—
Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
Բարբառում են անձուկ եւ մտերիմ»։
«Ամբոխները խելագարուած»-ից մասեր
«Հեռո՜ւ, մօտիկ ընկերներին, — աշխարհներին, արեւներին,—
Հրանման հոգիներին։ —
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառւում է վառ,—
Բոլոր նրանց հոգիներին արեւավառ։—
Կեանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում՝
Ողջակիզուող հոգիներին — ողջո՜յն, ողջո՜յն։ —»
«Հոծ բանակով, հսկայական կայարանի դէմ խռնուած՝
Լուրթ աչքերով արեւակամ — դաշտն են դիտում խաւարամած»։
«Աչքերն յառած հեռո՜ւ-հեռո՜ւն կարմիր վառուող արեգակին՝
Արեւավառ հեռուներում նրանք կռւում էին կրկին․
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառուած՝
Դէպի Արե՜ւն էին գնում ամբոխները խելագարուած․․․»։