Ուրբաթ, 29. 03. 2024

spot_img

Մօտ Ապագան եւ Մենք

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Հասարակական – քաղաքական ապագայ զարգացումները ճիշտ տեսնելու համար, ինչ խօսք, պէտք է ունենալ ամբողջական տեղեկատւութիւն․ մի բան, որ հասու չէ սովորական մարդկանց։ Կան հարցեր, կուլիսներում քննարկումներ, որ մենք հաւանաբար երբեք չիմանանք։ Բայց մեր օրերի սրընթաց քաղաքական զարգացումները տեսնելով, ուզում եմ ընթերցողի հետ կիսել մի քանի տեղեկութիւն՝ այն էլ վերնագրային։

Ռուսաստանի նախագահ Փութինը Փետրուարի 21-ին ներկայացնելու է Ռուսաստանի ռազմական նոր ծրագիրը, որ լինելու է լրիւ յարձակողական։ Յաջորդ օրը գումարուելու է Ռուսաստանի Դումայի/ խորհրդարանի նիստը, որը կը վաւերացնի դա։ Նախատեսուած է ժողովրդական մեծ հաւաք, որպէս ժողովրդի աջակցութիւնն այդ ծրագրին։

Ուկրայինայում պատերազմը նոր փուլի մէջ է մտնելու։ Ռուսաստանը ադոմական զէնքերով ռազմանաւ է դուրս բերել Ատլանտիկ ովկիանոս, ու նաւը գնում է դէպի ԱՄՆ արեւելեան ափեր։ Ռուսների պատգամը սա է,- Արեւմտեան ուժերը մօտեցել են մեր սահմանին ու ներգրաւուած են Ուկրայինայում պատերազմում։ Հիմա մե՛նք ենք մօտենում ձեր երկրին․․․ ԱՄՆ-ն ստիպուած է լինելու ընտրութիւն անել Ուկրայինայի ու Հարաւային Կովկասի, եւ իր երկրի քաղաքների մէջ։ Նախատեսում եմ պատերազմը կաւարտուի շուտով, ու հաւանաբար Ռուսաստանը չի պարտուի։

Այստեղ մանրամասն չանդրադառնամ վերջին շաբաթներում քաղաքական ուրիշ զարգացումների մասին, որոնցից ամենակարեւորը ՏԱԷՇ ահաբեկչական խմբի հազարաւոր անդամների տեղակայելն է Աֆղանիստան-Տաջիկստան սահմանում։ Սա իրական մեծ վտանգ է Միջին-ասիական նախկին խորհրդային երկրների ու Ռուսաստանի համար՝ պատերազմի մի ուրիշ ճակատ բացելու Ռուսաստանի դէմ։

Շատ, շատ սխալուեցին Հայաստանի այսօրուայ իշխանութիւնները, որ Հայաստանը դարձրին Արեւմուտք-Ռուսաստան հակամարտութեան բեմ։ Նախ կործանեցին Արցախը, հիմա հերթը Հայաստանինն է։ Հայ ժողովուրդը նրանց չի ներելու այս սխալը կամ «սխալը»։ Արեւմուտքն ունի իր քաղաքական հաշիւները։ Նրանց նպատակը Ռուսաստանի դէմ մի ուրիշ ճակատ բացելն է Հայաստանում։

Իսկ ի՞նչ են անում հիմա Հայաստանի իշխանութիւնները։ Դատելով լուրերից, նրանք շատ արագ եւրոպացիներին կը բերեն Հայաստան ու կարագացնեն թուրքերի հետ համաձայնութիւնները։ Հաւանաբար, մինչեւ Փետրուարի 21-ը՝ մինչեւ Փութինի ելոյթը, Թուրքիայի պահանջով կը բացուի Լաչինի միջանցքը։ Դա ունենալու է մի քանի նպատակ։ Գրեմ երկու կարեւորները։

Հայերին «բացատրեն», որ Արցախին կապուած հարցերը միայն ՀՀ ներկայ Վարչապետին կողմից կարող են լուծում ստանալ։ Այս կապակցութեամբ արդէն ակնարկ արել է Հայաստանի Ապահովական Խորհրդի քարտուղարը՝ նշելով, որ Հայաստան-Ազրպէյճան խաղաղութեան համաձայնագրի մէջ կայ Արցախի հարցը․․․ Մի բան, որ ժամանակին հերքում էին դա, ու պնդում էին, որ Արցախի հարցը ի՞նչ կապ ունի Հայաստան-Ազրպէյճան խաղաղութեան բանակցութեան հետ։ Նրանք Արցախի հարցը «կը լուծեն» շատ արագ, մինչդեռ կարող են սպասել հայերի համար աւելի նպաստաւոր պայմաններին։ Արցախում քաղաքական լարուածութիւնը հէնց այս հարցերի նկատառումով է։

Երկրորդ,- Հայերի մօտ թուրքերի նկատմամբ դրական միտք ստեղծեն, ասելով, որ նրանք բացեցին Լաչինի միջանցքը, որպէս մարդասիրական քայլ։ Բայց հարց է,- Ինչո՞ւ փակուեց Լաչինի միջանցքը, որ Արցախում բերեց աղէտ․․․

Ու եթէ Թուրքիայի պահանջով բացուեց Լաչինի միջանցքը, ապա դա մի ուրիշ ապացոյց է, որ Լաչինի միջանցքը չեն փակել ռուսները։ Այսպիսով յօդս կը ցնդի ռուսատեացների հերթական սուտը։

Ասացի իմ կարծիքը, որ Ուկրայինայում պատերազմը կ՛աւարտուի շուտով։ Իհարկէ, եթէ «աշխարհը» չորոշի, որ գնալու է Երրորդ Համաշխարհային պատերազմի․ մի բան, որ ԱՄՆ Դեմոկրատ կուսակցութեան հին ու վտանգաւոր թեւի ցանկութիւնն ու նպատակն է։ Կը կարողանա՞ն զսպել դեմոկրատների այդ թեւին, ապագան ցոյց կը տայ։ ԱՄՆ-ում կան քաղաքական ծանրակշիռ գործիչներ, որ սթափ գնահատում են ներկան, ու հիմնականում նրանցից է կապուած ճիշտ որոշումները։

Ճակատագրական օրեր են։ Հայաստանը շատ սխալուեց՝ այսքան ռուսատեաց քաղաքականութիւն ունենալով։ Հարաւային Կովկասը կայ եւ կը մնայ ռուսական տիրոյթ։ Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանութիւններին զգուշացումներ շատ են եղել, յատկապէս վերջին օրերում։ Եւ ինչպէս ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը,- «Ռուսաստանը չի պատրաստւում դուրս գալ Հարաւային Կովկասից»։ Ամեն ինչ ասուած է։

Իհարկէ, մեր նոր իրավիճակներում Հարաւային Կովկասում ինչ-որ ազդեցիկ գործօն կը լինեն Թուրքիան, Իրանը ու այդ տարածքի երկրները, բայց շատ բան պիտի համաձայնեցնեն Ռուսաստանի հետ։ Կը բացուեն հաղորդակցական ճանապարհները, ու վերահսկողը կը լինեն ռուսները։ Այսքան պարզ ու տեսանելի։

ՀՀ ներկայ ապիկար իշխանութիւնները Հայաստանը դարձնում են/ դարձրեցին օտարների ձեռքին խաղալիք։ Իսկ թէ ինչ կը լինի Ուկրայինայի ճակատագիրը, դրանով հետաքրքրուած չեմ ես։ Հէնց իրենք կործանեցին իրենց երկիրը՝ իրենց սխալ ու ոչ-իրատեսական հաշիւներով։ Իրենք կործանեցին, եւ իրենք են մեղաւոր․․․ Ուկրայինան այն երկիրն է, որ քիմիական զէնք տուեց Ազրպէյճանին՝ 44-օրեայ պատերազմում՝ դա հայ զինուորների դէմ օգտուելու համար։ Այս եւ նման հարցեր հնարաւոր չէ մոռանալ։

*     *     *

            Նախատեսելի է, որ Ուկրայինայում պատերազմն ու համաշխարհային նոր ճգնաժամը վերջ տալու համար, յառաջիկայում կաշխուժանան տարբեր երկրների ու միջազգային կառոյցների միջնորդութիւնները, եւ նոր առաջարկներ կը ներկայացուեն բոլոր կողմերին։ Արդէն միջնորդութեան առաջարկ ներկայացրել է Պելառուսի նախագահը՝ Ռուսաստանի եւ Ուկրայինայի նախագահներին, ու ԱՄՆ նախագահ Ճօ Պայտընի մայրաքաղաք Մինսկ հրաւիրելով։ Իհարկէ, չեմ կարծում, որ Պելառուսի նախագահի առաջարկը կ՛ընդառաջուի, բայց այս միջնորդութեանը կը յաջորդեն ուրիշներ՝ կանխելու համար համաշխարհային մի ուրիշ ճգնաժամ եւ պատերազմ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին