Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրուայ առիթով Հայրապետական Մեր օրհնութիւնն ու բարեմաղթանքն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինուորներին եւ համայն մեր ժողովրդին:
Հայոց բանակը կազմաւորուեց մեր անկախութեան վերահաստատման տարիներին, դարձաւ պատուարն ու պահապանը հայոց վերածնեալ պետականութեան, երաշխաւորը մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կեանքի: Մեր խիզախ զօրավարների ու զինուորների քաջագործութիւններով, նաեւ բանակին սատարող մեր ժողովրդի պայքարով ազատագրուեց Արցախ աշխարհը, եւ արցախահայութիւնը իր անկախ կեանքը կառուցելու հնարաւորութիւնն ունեցաւ:
Արցախեան 44-օրեայ աղէտալի պատերազմը, անցեալ տարուայ սեպտեմբերին Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգութիւնները, յառնած մարտահրաւէրները եւ պաշտպանական լրջագոյն հիմնահարցերը նոր հրամայականների առջեւ են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին: Այս ծանր իրավիճակում առաջնային եւ հրատապ է բանակի արդիականացումը` ժամանակի չափանիշներին ու պահանջներին համապատասխան: Առաջնային եւ հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպէսզի Հայոց բանակը շուտափոյթ յաղթահարի պատերազմի պատճառած աղէտալի հետեւանքները, ամոքում գտնեն անդառնալի կորուստների վէրքերն ու ցաւերը, եւ բացառուեն այնպիսի ողբերգութիւններ, որ ապրեցինք շաբաթներ առաջ: Հաւատում ենք, որ Հայոց բանակը պիտի վերագտնի փառքի իր ճանապարհը եւ կարող լինի աննկուն ու յաղթական իրագործել իր սրբազան առաքելութիւնը:
Ի խորոց սրտի աղօթում ենք հայրենիքի պաշտպանութեան համար նահատակութեան պսակն ընդունած բոլոր քաջորդիների համար: Հայցում ենք Երկնաւորից, որ մխիթարութիւն պարգեւի կորուստներից ու վշտերից բեկուած հոգիներին: Թող Ամենակալն Աստուած Իր պահպանութիւնն ու զօրակցութիւնը շնորհի Հայոց բանակի քաջարի զինուորներին ու հրամանատարական կազմին, խաղաղութիւն ու բարօրութիւն` Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին եւ աշխարհասփիւռ մեր ժողովրդին:
«Շնորհք ընդ ձեզ եւ խաղաղութիւն յԱստուծոյ Հօրէ մերմէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ» (Հռոմ. 1.7) այսօր եւ միշտ. ամէն: