Երկուշաբթի, 11. 11. 2024

spot_img

Վիճակը Նախիջեւանում

Ակնարկ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

    Նախիջեւանը ինքնավար մարզ է Ազրպէյճանի կազմում։ Ազրպէյճանի Սահմանադրութեան համաձայն՝ Նախիջեւանում բարձրագոյն պաշտօնատարը Նախիջեւանի խորհրդարանի նախագահն է․ նա է նշանակում մարզի գործադիր իշխանութիւններին։ Նախիջեւանն ունի ինչ-որ առումով անկախութիւն՝ իր ներքին հարցերը տնօրինելու համար․ յատկապէս կարեւոր է, որ մարզը ինքն է տնօրինում Իրանի հետ առեւտուրն ու սահմանային մաքսակէտը։ Ազրպէյճանի սահմանադրութեան համաձայն, մարզը կարող է հանրաքուէով անկախանալ։

    Շատ լաւ ու դրական են եղել Իրանի եւ Նախիջեւանի միջեւ յարաբերութիւնները՝ յատկապէս տնտեսական ոլորտում։ Նախիջեւանը ուժանիւթային առումով կախուած է Իրանից։ Իրանի ազդեցութիւնը մեծ է Նախիջեւանում։ Նախիջեւանի երկարամեայ տէրն ու տիրականը, որ մարզի խորհրդարանի նախագահն էր՝ Վասիֆ Թալիպով: Ան այդ պաշտօնը զբաղեցնում է 1995 թուականից, ջերմ յարաբերութիւններ ունէր իրանական կողմի հետ։ Թալիպով, 21 Դեկտեմբեր 2022-ին, անսպասելիօրէն հրաժարուեց: Նոյն օրը, Խորհրդարանի նախագահի ժամանակաւոր պաշտօնակատարի պաշտօնը ստանձնեց Ազեր Զեյլանով, որ Ալիեւի վստահելին է:

    Իհարկէ, Նախիջեւանը փոքր սահման ունի Թուրքիայի հետ։ Այդ սահմանից յատկապէս ռազմական ուժեր են տեղափոխւում Նախիջեւան։ Ապագայում կաւարտուի նաեւ Նախիջեւանը Թուրքիային կապող երկաթգիծը, որով աւելի կը մեծանայ Թուրքիայի դերակատարութիւնը Նախիջեւանում։

    Եթէ հետեւած լինէք լուրերին, մօտ երկու ամիս առաջ շատ գրուեց, որ Նախիջեւանում ուզում են անկախութեան հանրաքուէ անցկացնել եւ մարզը միանայ Իրանին։ Իհարկէ, ինձ համար շատ հարցական էր դա։ Գուցէ այդ լուրը տարածուեց այն պատճառով, որպէսզի Նախիջեւանում հիմնական փոփոխութիւնների սկիզբ եւ պատրուակ լինի դա․․․ Իսկ ո՞րն է այդ հիմն ական փոփոխութիւնների ամենակարեւոր կէտը․- Փոխել Ազրպէյճանի Սահմանադրութիւնը ու վերջ տալ Նախիջեւանի կարգավիճակին, որպէս ինքնավար մարզ։ Սա՛ է հետապնդում Ալիեւը՝ ի տես այն իրողութեան, որ հաւանական անկախութիւնը ամբողջովին խոչընդոտելու է Թուրանի միջանցք բացելու ծրագիրը։ Խօսքը վերաբերում է Զանգեզուրի միջանցքին։

    Նախիջեւանի տնտեսական վիճակը անմխիթար է, եւ մեծ է Նախիջեւանից գաղթը դէպի Պաքու, Թուրքիա, Ռուսաստան եւ արեւմտեան երկրներ։ Լուրեր կան, որ Ալիեւի նոր նշանակումը բացասաբար է ընդունուել Նախիջեւանում, եւ այնտեղ հիմա բազմաթիւ դժգոհութիւններ կան։ Այդ նշանակումը ընդունուեց, որպէս Ալիեւի գլանի նոր արշաւ։

    Ինչ վերաբերում է իրանական կողմին, Իրանը աչալրջօրէն հետեւում է Նախիջեւանում ընթացող զարգացումներին։ Իրանի համար ցանկալի չէ, որ փոխուի Նախիջեւանի ներկայ կարգավիճակը, եւ Իրանը ամեն ինչ կանի իր ազդեցութիւնը Նախիջեւանում պահելու համար։ Եթէ Նախիջեւանը դադարի գոյութիւն ունենալ որպէս ինքնավար մարզ, ապա Նախիջեւանը բոլոր ոլորտներում կը ղեկավարուի կենտրոնական իշխանութեան՝ Պաքուի, կողմից։ Դա արդէն այն նպատակն է, որին ձգտում են Թուրքիան եւ Ազրպէյճանը։

    Իրանը մէկ անգամ չէ, որ ասել է, ԵԹԷ պիտի բացուի Զանգեզուրի միջանցքը, ապա Ազրպէյճանը այդ միջանցքով կը հասնի Իրան, որովհետեւ Իրանը մուտք է գործելու Նախիջեւան․․․ Այս հեռանկարը իրական սպառնալիք փանթուրքիստական նկրտումների համար, եւ ինչ որ այսօր տեղի է ունենում Նախիջեւանին, ապագայ այս զարգացումները թոյլ չտալու համար է։

    Ուշադրութեամբ հետեւենք աշխարհի եւ տարածաշրջանի քաղաքական զարգացումներին։ Կարեւոր է անկիւնադարձային ժամանակներ են։ Այս լուերը գուցէ նորութեան չեն այն իրանահայերի համար, ովքեր միշտ հետեւում են քաղաքական անցուդարձին, բայց ես կարծում եմ իմ ծանօթներից մի մեծ մաս չգիտի դա, ու ես կարեւոր եմ իմանում տեղեկացնել։ Հայութիւնը ՉԻ ԿԱՐՈՂ անտարբեր մնալ եւ դիտողի դերում լինել աշխարհում, յատկապէս Հայաստանում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին