Ուրբաթ, 29. 03. 2024

spot_img

Կամաց-Կամաց Հեռացիր․․․

Տեսակէտ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Աշխարհը կարծես որոշում է, կամ արդէն որոշել է Հայաստանին վերաբերող որոշ հարցեր։ Եւ այդ որոշումներից, հաւանաբար, դժգոհ է մնացել առաջին հերթին Բրիտանիան ու նրա գահակալը․․․ Բրիտանիայի MI 6-ի ղեկավարի՝ Ռիչարտ Մուրի, Հայաստան այցի մասին օրին, բաւարար չի լուսաբանուել։ Սահմանափակ եղաւ նաեւ  լրատւութիւնը Արցախի հարցով ՄԱԿ-ի Ապահովական Խորհրդի դռնփակ նիստից։ Իսկ այսօրերին սոցցանցերում նկատելի է ուրիշ հարցի վերաբերեալ քննարկումներ։

Հայաստանում ոմանք թիրախ են ընտրել Արցախի պետնախարար Ռուբէն Վարդանեանին եւ անխնայ հարուածում են՝ հարցականի տակ տանելով նրա գործունէութիւնը։ Երկու բան նկատելի է,- Ի՞նչ ես անում դու՝ խօսելուց բացի, եւ հրաժարականի պահանջ։ Ռ․ Վարդանեանը նոր է աշխատանքի անցել, ու չեմ կարծում, որ այս կարճ միջոցում հնարաւոր է ճիշտ գնահատական տալ նրա նոր սկսած գործունէութեան վերաբերեալ։ Բայց, հիմնականը լրիւ ուրիշ է․․․ Ոմանք հասկացան Ռուբէն Վարդանեանի միջոցով իրագործուելիք հեռահար նպատակները ու հիմիկուանից թիրախ են դարձնում հէնց այդ հաւանական ապագան։

Զարմանալի է, ար այդ քննադատողները չեն պահանջում Հայաստանի իշխանութիւնների հրաժարականը, երբ նրանք երկար ժամանակ՝ տարիներ, չեն կարողանում իրականացնել իրենց սահմանադրական պարտականութիւնները՝ ապահովելու Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը։ Գանք ու վազ անցնենք Արցախից․ իշխանութիւնները իրենց ձեռքերը լուացել են Արցախից։ Բայց, փաստ է, Հայաստանի իշխանութիւնները չեն կարողանում Հայաստան ներխուժած հակառակորդին, թշնամուն գործով պարտադրել հեռանալու Հայաստանից։ Նրանք չեն կարողանում ապահով պահել Հայաստանի սահմանային շրջանները, իսկ հրաժարականի պահանջ ՉԿԱՅ այդ քննադատողների կողմից։

Եւրոմիութեան դիտորդական խմբի՝ Հայաստանից հեռանալը, փաստում է քաղաքական նոր զարգացումների մասին։ Նրանք հաւանաբար հասկացան, որ Հայաստանը իրենց տեղը չէ եւ անելիք չունեն Հայաստանում։ Կամ՝ նախընտրեցին թուրքերին։

Ուքրանիան կորցրել է իր հետաքրքրութիւնը տարբեր ժողովուրդների մօտ։ Գերմանիայի կանցլերի հերթական յայտարարութիւնները՝ Ուքրանիայի հարցը բանակցութիւններով լուծելու համար, նոր զարգացումների նախանշաններն են երեւի։ Իմ կարծիքով, Զելենսկին էլ կարժանանայ Սահակաշվիլիի ճակատագրին։

Չպիտի թողնել, որ Հայաստանը դառնայ երկրորդ Վրաստան կամ երկրորդ Ուքրանիա։ Այստեղ կարեւորում եմ Ռուսաստանի դերը։ Յոյս ունեմ, որ ՄԱԿ-ի Ապահովական Խորհուրդի դռնփակ նիստում, Ռուսաստանը իր կտրուկ ու որոշող խօսքն ասել է բոլորին։ Եթէ պէտք լինի, Ռուսաստանը ՊԻՏԻ սպառնայ աշխարհին աթոմական զէնք կիրառելու կապակցութեամբ, եւ թոյլ չտայ, որ Հայաստանն ու Իրանն էլ դառնան մի նոր Ուքրաիաա։ Ռուսաստանը փորձից ելնելով, ՊԻՏԻ ԿԱՆԽԻ նման զարգացում։ Նրա դէմ պատերազմական երկրորդ ճակատը մահ է հայերի համար։

ՔՊականները մի քիչ խելօքացել են այսօրերին։ Նկատելիօրէն եւ համեմատաբար գոնէ պակսել է իշխանական մակարդակում հակառուս հռետորաբանութիւնը։ Կարեւոր էր նաեւ Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի խօսքը, որ Արցախը չի անելու որեւէ քայլ, որով հարցականի տակ տարուի ռուս խաղաղապահների արդիւնաւէտ գործունէութիւնը։ Որ Արցախը հակառուս քայլերի չի դիմի․․․ Սա շատ բան է նշանակում։ Իսկ թէ Փաշինեանը կը կարողանա՞յ ուշացած ուղղումներ մտցնել իր անհաւասարակշիռ ու վտանգաւոր արտաքին քաղաքականութեան մէջ եւ ստանալ ռուսների հաւանութեան նշանը՝ իր իշխանութիւնը երկարաձգելու համար, դատելով երեւոյթներից,- ՈՉ։ Մեծ սխալներ թոյլ տուեցին նրանք, ու կամաց-կամաց պիտի պատրաստուեն հեռանալու ասպարէզից։ Ինչքան քանդեցին բաւական է։ Ներկայ իշխանութեան շարունակուելը մահ է Արցախի եւ հայրենիքի համար։ Հայաստանի ապագայ իշխանութիւնները պիտի հաւասարակշիռ քաղաքականութիւն ունենան աշխարհի ուժային տարբեր կեդրոնների հետ։

            Յաջողութիւն եմ ցանկանում Արցախի պետնախարար Ռուբէն Վարդանեանին։ Նա հսկայ անելիքներ ունի Արցախում, եւ ապագայում՝ Հայաստանում։ Իսկ աշխարհը՞․․․ Աշխարհը գուցէ եզրակացութեան է հասել ու տուել է/ տալու է իր որոշումը՝ Հայաստանի ու այս տարածաշրջանի մասով։ Եւ, հէնց սրանից են դժգոհ Ռիչարտ Մուրերրը, թուրքերն ու Բրիտանիայի կառքին լծուած ուժերը։ Ու պատահական չէ, որ Ալիեւն ու Էրտողանը շտապում են օր առաջ «խաղաղութեան» պայմանագիր կնքել Հայաստանի հետ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին