Շաբաթ, 20. 04. 2024

spot_img

Յստակ ԳՈՐԾ, Որոշակի ԳՈՐԾ, Եւ Գործերի Ցանկ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Ես նոր ցեղասպանութիւնից կամ Արցախը հայաթափուելուց յետոյ, չեմ ուզում նոր Թեհլիրեան տեսնել։ Դա մեր ողբերգութեան գագաթնակէտն է լինելու ներկայ դարում։

Նաեւ չեմ ուզում լսել բոլոր նրանց, ովքեր շատ ճիշտ են վերլուծում ներկան, բայց արդէն վաղուց յոգնեցրել ու բեզարեցրել են մեզ իրենց կրկնուող խօսքերով, որ արդէն ճառ ու լոզունգի տպաւորութիւն է թողնում, եւ ամենակարեւորը՝ այդ վերլուծութիւններին ու խօսքերից ՉԻ ՅԱՋՈՐԴՈՒՄ յստակ ու որոշակի անելիքը, առաջարկը։ Նրանք եթէ չունեն յստակ գործի մասին ասելիք, ՊԻՏԻ լռեն։ Զզուանք են առաջացնում։

Յստակ եւ որոշակի անելիքների ցանկ պիտի կազմուի, ու դա պիտի գործադրուի մէկ-մէկ։ Հայաստանում քաղաքական դաշտը մեռած է։ Մեռած է այն առումով, որ վաղուց միայն հակազդում է, ու ՉԿԱՅ նախաձեռնութիւն․․․ Անհատներին է մնացել նախաձեռնութիւնը, ու ես տեսնում եմ մեծ է նրանց թիւը։

Սկսենք նրանից, որ Սփիւռքում եւ Հայաստանում պիտի բեկանուեն ու յետաձգուեն բոլոր խնջոյքները, իսկ ընտանեկան խնջոյքները զուսպ լինեն՝ նկատի ունենալով Արցախին ու արցախահայութեանը ուղղուած իրական վտանգները։ Հզօր ճնշում պիտի գործադրել քաղաքական ողջ դաշտի նկատմամբ, յատկապէս իշխանութիւնների նկատմամբ, որ եթէ չբացուեց Լաչինի միջանցքը, ՊԻՏԻ բեկանուի Նոր տարուայ բոլոր հանրային միջոցառումները, յատկապէս Երեւանի հրապարակում տօնախմբութիւնը։ Սա ունի ԲԱՐՈՅԱԿԱՆ մեծ նշանակութիւն՝ արցախահայութեանը նեցուկ կանգնելու տեսակէտից։

Թոյլ չտալ, որ Հայաստանի իշխանութիւնները աւելի թմրացնեն ժողովրդին՝ յատկապէս երիտասարդութեանը։ Ժողովրդի ուշադրութիւնը ամեն գնով սեւեռել Արցախի վրայ, սկսելով ընտանեկան զուսպ տօներից, մինչեւ հանրային ԲՈԼՈՐ միջոցառումների բեկանելը Սփիւռքում եւ Հայաստանում։ Սա նախաքայլն է։

Գուցէ սրանք փոքր քայլեր թուան, բայց ես համոզուած եմ, որ ՄԻԱՅՆ որոշակի գործերով, նոյնիսկ փոքր թուացող գործերով կարելի է հասնել մեծ նպատակների։ Ուրիշ ճամբայ չկայ։

Սկսել գործնական պայքարը։ Արդէն լիուլի կուշտ ենք ճառերից, կրկնուող խօսքերից, որոնց չի յաջորդում որոշակի եւ յստակ առաջարկն ու գործը։ Եւ, պայքարը չկուսակցականացնել։ Սա հիմնականն է։ Կազմել որոշակի անելիքների հերթական ցանկ։ Արդէն բաւ է ողբալ եւ խօսել։ Իշխանութիւններին ՊԻՏԻ ՊԱՐՏԱԴՐԵԼ տէր կանգնեն իրենց սահմանադրական պարտականութիւններին, ու երաշխաւորեն Հայաստանի, ե՛ւ Արցախի, անվտանգութիւնը։ Հայաստանի Սահմանադրութեան համաձայն, մինչեւ այն ժամանակ, երբ չի փոխուել Սահմանադրութիւնը, Հայաստանն է Արցախի անվտանգութեան երաշխաւորը։

Ապագայ յստակ եւ որոշակի անելիքների ցանկը օր առաջ պիտի կազմուի ու հերթաբար գործադրուի։ Հետզհետէ պիտի ձեւաւորուի Ազգային ապակուսակցական Ճակատ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին