Հինգշաբթի, 25. 04. 2024

spot_img

ԱՄՆ-ի Պաշտօնական Դիրքորոշում

Սլաք

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

    ԱՄՆ նախագահ Պայտընը առաջինն էր, որ Ուքրայինայում պատերազմի կապակցութեամբ՝ Ռուսաստանի նախագահ Փութինին համարեց ռազմական/ պատերազմական յանցագործ։

    Չուշացաւ ռուսական կողմի խիստ բողոքն ու պատասխան ստանալու դիմումը։ Եւ Սպիտակ Տան խօսնակը հանդէս եկաւ յայտարարութեամբ։ Նա նշեց, որ նախագահ Պայտընի ասածը Միացեալ նահանգների պաշտօնական դիրքորոշումը չէ  խօսնակն աւելացրեց,- Պայտընը՝ ի տես պատերազմից տուժած վայրերի տեսարանների, միայն ասել է իր սրտի խօսքը… Այսքան։

    Իհարկէ, ԱՄՆ Սենադը միաձայնութեամբ քուէարկեց մի բանաձեւ, որտեղ նշուած է այդ բառ-եզրոյթը։ Լուրը տեսայ միայն Ռոյթերզ լրատուականում, ու դա շատ սեղմ լուր էր։ Ինձ հասու լրատուները չեն գրել այդ մասին։ Այսինքն՝ Սենադի բանաձեւը լրատուների ուշադրութեան կեդրոնում չի եղել․ չեն ներկայացրել։

    Ես չգիտեմ Սենադի նման բանաձեւը կարո՞ղ է իրաւական հետապնդման հիմք դառնալ, թէ՞ ԱՄՆ-ի պաշտօնական յայտարարութիւնը պիտի կատարի ոչ թէ Օրէնսդիրը, այլ՝ Գործադիր իշխանութեան համապատասխան մարմինները․ օրինակ՝ նախագահը, Արտգործ նախարարութիւնը կամ ուրիշ։ Սա արդէն նեղ մասնագիտական հարց է, որի մասին կարող են ճշգրիտ խօսք ասեն մասնագէտները։

    Ու հարց է,- Ինչո՞վ էին պակաս 44օրեայ պատերազմի ահաւոր տեսարանները՝ Ուքրայինականի տեսարաններից։ Եւ ո՞վ խօսեց այդ մասին։ Աշխարհը իմացա՞ւ․․․ ՈՉ։ Բայց Ուքրայինայի պարագայում լուրերը նորոգւում են ամեն ժամ, ամեն րոպէ, տեսարանների պակաս էլ չկայ։

    Հայերը համացանցային հարթակներում իրենց բողոքն ու հիասթափութիւնն են յայտնում արեւմտեան աշխարհից։ Եւ իրաւունք ունեն։ Պայթել է «մարդու իրաւունքների», «եսիմ-ինչ արժէքների ու գաղափարների» փուչիկը։ Ու դա լաւ է։ Սա մի կարեւոր իրողութիւն է, որպէսզի հայը յիշի ու երբեք չմոռանայ հենց այդ «արժէքները» կրողների վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ աւելի քան 100 տարի առաջ։ Պայթեց այդ փուչիկը յատկապէս հայ երիտասարդների մօտ։ Եւ ոչ-միայն հայերի մօտ։

    Հիմա մնում է պայթի մի ուրիշ փուչիկ, ու ես յոյս ունեմ դա չի ուշանայ․․․ ՊԻՏԻ ՊԱՅԹԻ «խաղաղութեան դարաշրջան» կոչուող «գաղափարի» փուչիկը։ Այս մէկն արդէն հայութեան գոյութեան, հայրենիք ունենալու, հայեցի սերունդներ կրթելու եւ ազգային արժէքների ու շահերի հիմքի վրայ՝ զարգանալու եւ առաջանալու նախապայմանն է։ Պիտի պայթի նիկոլի, ՔՊ-ականների եւ թուրքի դրածոյ իշխանութիւնների փչած այս փուչիկը եւս։ Ու, կը պայթի։


Քաղաքականութիւնն ու դիւանագիտութիւնը ամեն մի ծաղրածուի, տհաս ամբոխավարի գործը չէ։

    Ուքրայինայի նախագահ Զելենսկին մի ամպագորգոռ յայտարարութիւն արաւ՝ իր եւ Ռուսաստանի նախագահ Փութինի համդիպում կազմակերպելու համար։ Այս ուղղութեամբ աշխատանք են տանում Թուրքիայի եւ Իսրայէլի իշխանութիւնները։

    Ճիշտ ու տեղին էր ռուսական կողմի պատասխանը․ նրանք ընդառաջեցին այդ հանդիպմանը, ԲԱՅՑ, միայն այն ժամանակ, երբ կազմուած ու պատրաստ կը լինի ստորագրուող համաձայնութիւնը։ Ռուսաստանի նախագահի խօսնակի խօսքը ճիշտ է։ Նա նշեց,- նախագահները չեն հանդիպում հարցեր քննարկելու համար։ Հարցերի քննարկումը եւ համաձայնագրի ձեւաւորումը կատարւում է համապատասխան մարմինների եւ լիազօրուած ներկայացուցիչների կողմից։

    Ռուսական կողմի պատասխանը դիւանագիտական էր, իսկ դերասան-կատակերգու Զելենսկին, որ չգիտես ինչի բերումով յայտնուել է Ուքրայինայի նախագահութեան աթոռին, ասաց քաղաքականութիւնից ու դիւանագիտութիւնից հեռու խօսք/ առաջարկ։

    Զելենսկիի խօսքը ինձ յիշեցրեց Հայաստանի Արտգործ նախարար Արարատ Միրզոյեանի՝ մի-երկու օր առաջ ասած մի խօսք։

    Միրզոյեանը դիմեց Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ միջնորդեն Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ խաղաղութիւն հաստատելու աշխատանքներին։

    Պարոն Միրզոյեան ջան, մինչեւ հիմա Մինսկի խմբի համանախագահ երկրները պաշտօնական ոչ-մի բան չեն ասել քո առաջարկի/ կոչի վերաբերեալ․ բացի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։ Նա ասաց, որ իրենք ամեն ինչ կ՛անեն այդ ուղղութեամբ։ Ես կարծում եմ Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչները զարմացել են Հայաստանի Արտգործ նախարարի տհասութիւնից ու դիւնագիտութիւնից այդքան հեռու իր առաջարկից։ Չէ՞ որ Մինսկի խմբի համանախագահներին մանդատ է տրուած Արցախի հարցի կարգաւորման համար ենթահող ստեղծել․․․ Ու միայն դա։

    Մինսկի խմբի համանախագահները ոչ-մի յայտարարութիւն չարեցին նոյնիսկ 44օրեայ պատերազմի օրերին եւ այդ կապակցութեամբ։ Հիմա մեր Արարատը․․․ Կամ ինքը հեռու է դիւանագիտական այս նրբութիւններից, կամ, պարզապէս, հայերին յիմարի տեղ է դրել, ժամանակ է շահում, որպէսզի թաքուն համաձայնութիւնները վերջնականանան։ Այս մասին կարող են ասել նիկոլն ու ՔՊ-ական իշխանութիւնները։

    Իհարկէ, տարբեր կը լինէր, եթէ Միրզոյեանը առանձին նշէր այդ երեք երկրների անունները․- ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա՝ առանց ասելու «Մինսկի խմբի համանախագահներ» բառերը։ Դա արդէն ուրիշ է։ Բայց մեր Արարատը․․․

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին