Ուրբաթ, 26. 04. 2024

spot_img

Մալխասի Կատարուած ու Անկատար Երազանքները

ԹՄՄ-ի Լուրեր

Հայաստան

Հայ Ճազմէն, Հայաստանի Ժողովրդական Արտիստ, Հայաստանի Վաստակաւոր Գործիչ, «Մովսէս Խորենացի», ՌԴ Լոմոնոսովի Անուան, ՀՀ Մշակոյթի Նախարարութեան Ոսկէ Մեդալակիր  Լեւոն Մալխասեան

Ճազմէն Լեւոն Մալխասեանը՝ Մալխասը, ճանաչուած ու սիրելի է ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Այլ կերպ ասած՝ Մալխասը եւ նրա անունը կրող ակումբը ճազի երեւանեան այցեքարտն են։

«15 տարեկան էի, երբ մեր տանը ռատիոալիքներից մէկով լսեցի աստուածային երաժշտութիւն։ Չէի հասկանում, թէ դա ինչ է, բայց ամէն օր, երեկոյեան նոյն ժամին սպասում էի “Time for jazz” հաղորդմանը, որը վարում էր ճազային մեկնաբան Ուիլիս Կանովէրը։ Այդպէս ծանօթացայ ճազի հետ»,- տարիների հեռուից յիշում է Մալխասն ու յաւելում՝ այդ օրից սկսած, երկու տարի շարունակ, ռատիոյից ձայնագրում էր երաժշտութիւնն ու փորձում վերարտադրել դաշնամուրով։

Ճազմէնն առանձնակի ակնածանքով է խօսում աշխարհահռչակ գանատացի դաշնակահար Օսկար Փիթերսոնի մասին, ում ստեղծագործութիւններն ամենայաճախն էին հնչում հաղորդման ժամանակ։ Հենց նրան էլ Մալխասը համարում է իր միակ ուսուցիչը. «Նա ինձ համար Չայկովսկու անուան երաժշտական դպրոցն է, Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանը, Կոմիտասի անուան կոնսերվատորիան եւ Մոսկվայի Գնեսինների անուան ռուսական երաժշտական ակադեմիան»։

Ի դէպ, Մալխասն ունի Օսկար Փիթերսոնի ձայնասկաւառակների ամենամեծ հաւաքածուն, որը գերազանցում է նաեւ Փիթերսոն ընտանիքի ունեցածին։ Նա հաւաքել ու մէկտեղել է իր երաժշտական ուսուցչի նաեւ այն սկաւառակները, որոնցում վերջինս նուագակցում է այլ երաժիշտների։ Իմանալով այդ մասին՝ Օսկար Փիթերսոնի կինը Մալխասին է նուիրել ամուսնու փողկապը, որն այսօր իր պատուաւոր տեղն ունի «Մալխաս ճազ ակումբ»ում։

Մալխասը 17 տարեկանից նուագել է տարբեր խմբերում, իսկ 1962 թուականին ընդունուել  Վալերի Բրիւսովի անուան օտար լեզուների ինստիտուտ՝ ռուսաց լեզու եւ գրականութիւն մասնագիտութեամբ։ 1963 թուականին թմբուկահար Արմէն Թութունջեանի՝ Չիկոյի եւ կոնտրաբասահար Արթուր Աբրահամեանի հետ բուհում ստեղծում է ճազային եռեակ, որ իր անունով կոչւում է «Լեւոն Մալխասեանի անուան եռեակ»։ Եռեակը համերգներ էր ունենում Կոմպոզիտորների միութեան, ֆիլհարմոնիայի դահլիճում եւ այլ համերգասրահներում։ Մի քանի տարի անց եռեակին է միանում սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարեանը՝ այն վերածելով քառեակի։ Ճազմէնը շատ լաւ է յիշում՝ 60 տարիների ընթացքում դահլիճները երբեք կիսադատարկ չեն եղել։

Ճազմէնն ընդդիմանում է, երբ շատերն իրեն համարում են Հայաստանում ճազի հիմնադիրը։ Նա ներկայացնում է բոլոր այն երաժիշտներին ու ստեղծագործողներին, որոնք մինչ իրենց եռեակի հիմնումն արդէն լեփ-լեցուն դահլիճներում ճազային ստեղծագործութիւններ էին ներկայացնում մեծ բենդերով՝ Արտեմի Այվազեան, Կոնստանտին Օրբելեան, Մելիք Մաւիսակալեան, Մարտին Վարդազարեան, Ստեփան Շաքարեան․ «Ես պարզապէս նրանց ստեղծած աւանդոյթների պահպանողն ու շարունակողն էի։ Կարծում եմ՝ յաջողել եմ. Երեւանն այսօր ճազային քաղաք է»,- յաւելում է Մալխասը։

Անուանի երաժիշտն ունեցել է ընդամէնը մէկ ձեռքի մատների վրայ հաշուելի երազանք. դասաւորել է հերթականութեամբ եւ իրագործել կեանքի 77 եւ ստեղծագործական 60 տարիների ընթացքում։

«Իմ առաջին երազանքն էր մեկնել ԱՄՆ եւ ակումբում լսել այն մարդկանց, որոնց շնորհիւ ես սկսել էի նուագել։ Այդ երազանքն իրականացրեցի 1990 թուականին՝ մի քանի անգամ»,- մեզ հետ զրոյցում նշում է Մալխասն ու թուարկում այն երաժիշտների անունները, որոնց ոչ միայն լսելու, այլեւ նուագակցելու բարեբախտութիւն է ունեցել՝ Չիկ Կորեա,  Հերբի Հենքոք եւ այլք։

Առաջին երազանքը իրագործում է տարիներ շարունակ, երբ համերգներով շրջագայում է․ եղել է աշխարհի շուրջ 50 երկրում, սակայն կարճ ժամանակով՝ ընդամէնը 13 օր․ 14-րդ օրն անպայման ինքն ու Երեւանը պիտի հանդիպեն․ «Ես երեւանեան հիւանդութիւն ունեմ, բարեբախտաբար՝ ոչ բժշկական ախտորոշմամբ»,-նշում է Մալխասն ու շտապում ներկայացնել յաջորդ երազանքը։

«Ճազային մեգաաստղերի մասնակցութեամբ Երեւանում միջազգային փառատօն կազմակերպելը իմ միւս երազանքն էր, որն ինձ նոյնպէս յաջողուեց՝ տասն անգամ»,- նշում է Մալխասն ու կրկին թուարկում այն ճազմէնների ու ճազային խմբերի անունները, որոնք այցելել են Հայաստան եւ մասնակցել ճազ-փառատօնին՝ Չիկ Կորեան, Ջո Քոքերը,  Ռէյ Չարլզը, Ալ Ջերօն, Ջորջ Բենսոնը, Թոմա Կոտաշվիլին, Ալ Դէ Միոլան, Տանիա Մարիան, “Wind and Fire”, “New York Voices” խմբեր եւ այլն։

Լեւոն Մալխասեանի կարծիքով՝ դա ոգեւորիչ էր նաեւ մերօրեայ ճազմէնների համար, որոնք նուագակցում էին յայտնիներին, ապա հիւրընկալւում նրանց երկրներում՝ համերգներով, մասնակցում ճազ-փառատօնների։

«Սեփական ճազ ակումբ ունենալը իմ երրորդ երազանքն էր, որ յաջողուեց 16 տարի առաջ։ Այդ օրից սկսած՝ ամէն օր ես նուագում եմ այդ օրը նուագող խմբից յետոյ. չնուագել չեմ կարող, քանի որ հանդիսատեսը նաեւ Մալխասին է սպասում»,- նշում է ճազի վարպետն ու  ուրախութեամբ ընդգծում, որ Երեւանում ճազ ակումբներ էլի կան, որտեղ նոյնպէս հնչում է մաքրամաքուր երաժշտութիւն։

Հիմնադրման օրից՝ ակումբում շուրջ 800 խումբ է փոխուել։ Հենց այդ ակումբից են «թեւեր առել» բազում երաժիշտներ, որոնք սովորել են ինչպէս միմեանցից, այնպէս էլ ճազի երեւանեան խորհրդանիշ համարուող Մալխասից. «Ես մշտապէս բոլորի համար ճանապարհ եմ բացում։ Ճազում այդպէս էլ պէտք է լինի»։

Նա այն կարծիքին է, որ ամէն մէկն իր գործով պիտի զբաղուի՝ իր երկրին պիտանի լինելու համար։

Ակումբն այսօր էլ աշխատում է մեծ ծանրաբեռնուածութեամբ․ ամէն օր մի խումբ նուագում է ժամը 21․00-24.00-ը, ապա Մալխաս եռեակը՝ Լեւոն Մալխասեան, Արամօ (թմբուկ) եւ Նիկողայոս Վարդանեան (կոնտրաբաս)՝ յաճախ փոփոխուող ծրագրով։

«Ճազը կեանք է՝ փոփոխուող, չկրկնուող, բարդ երաժշտութիւն։ Լսողը պիտի սիրի այն, որ հասկանայ։ Այն հիմնուած է իմպրովիզացիայի վրայ եւ երաժշտի այդ պահի հոգեվիճակն է։ Ես նուագում եմ տրադիցիոն եւ հասկանալի ճազ, կարողանում եմ ունկնդրի տրամադրութիւնից հասկանալ՝ ընկալե՞լ է երաժշտութիւնը, թէ՞ ոչ»,- ասում է Մալխասն ու վստահեցնում՝ ճազ սովորել հնարաւոր է, եթէ ծնուել ես իմպրովիզացիա անելու կարողութեամբ։

Բացի ճազից՝ Մալխասը լսում է յայտնի դասական դաշնակահարներին՝ Վլադիմիր Գորովից, Գլէն Գուլդ եւ այլոց։

Կատարուած երազանքների կողքին Մալխասն ունի առայժմ մի անկատար երազանք՝ հիմնել ճազային ստուդիա-դպրոց, որտեղ ճազմէնները կը ձայնագրուեն, կ’ունենան ձայնասկաւառակ։ Ոչ մի րոպէ չի դադարում հաւատալ նաեւ այդ երազանքի իրագործմանը, սակայն համավարակն ու 44-օրեայ պատերազմը փոխեցին նաեւ այդ ծրագիրը։ Դրանք խոչընդոտում են նաեւ Լեւոն Մալխասեանի ստեղծագործական կեանքի ռիթմին. շուրջ մէկուկէս տարի հայրենիքից դուրս նա ոչ մի համերգ չի ունեցել։

«Արդէն 18 երկրից հրաւէր ունեմ՝ Մոսկուայից մինչեւ Աւստրիա։ Գրի եմ առնում, բայց չգիտեմ՝ կը գնա՞մ, թէ՞ ոչ»,- նշում է Մալխասը, որն իր ամենակարեւոր ու մեծ կոչումը համարում է «Երեւանի պատուաւոր քաղաքացի»ն. Երեւանը, որին նա հարստացրել է մալխասեանական իր գոյնով, սիրում է իր երեխայի պէս՝ անտեսելով թերութիւնները։ Սիրում է՝ ուղղակի։

Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան լրատուական կենտրոն
ՔՐԻՍՏԻՆԷ ՄԵԼՔՈՆԵԱՆ
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին