Չորեքշաբթի, 24. 04. 2024

spot_img

Թուրքական Ժխտողականութեան Նոր Առաջամարտիկը

ՌԱԿ-ի Համադրուած Մամուլ   

Օրերի Հետ

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ

Յունուարի 24-ին թուրքական ժխտողականութիւնը (negationism) ծանրակշի՜ռ աջակցութիւն ստացաւ, երբ Նիկոլ Փաշինեանը վատ բեմադրուած ասուլիսում ի մէջ այլոց յայտարարեց. «Հայաստանի Հանրապետութիւնը երբեք Հայ դատի քաղաքականութիւն չի վարել, իսկ Ցեղասպանութեան ճանաչման լոքոմոթիֆը միշտ Սփիւռքն է եղել»։ Աջակցութիւն՝ որն անսպասելի էր Թուրքիայի ղեկավարութեան համար, որն իր ամենապայծառ երազներում անգամ չէր կարող նման բան լսել ու տեսնել։ Թուրքական մամուլը ցնծութեան մէջ է, ինչպէս կողքի սիւնակում վկայում է մեր թուրքագէտ աշխատակիցը՝ Յակոբ Չաքրեանը։ Եւ իրաւունք ունեն, քանզի աւելի քան 100 տարի արդեն ժխտում, ուրանում, յաճախ նաեւ «հայ հրոսակների» վրայ են գցում, իրենց բառով՝ «մարդկային ողբերգութիւնը», որին զոհ են գնացել, իբր, 1,5 միլիոն հայերի հետ նաեւ թուրքեր։

Ժխտողականութիւնը, ինչպէս բացատրում են Լեմկինն ու նրան յաջորդած տեսաբանները, ոճրագործութեան երկրորդ հանգրուանն է, երկրորդ զէնքը, որը ուժգնացնում, շարունակական է դարձնում Ցեղասպանութեան արարքը, ու եթէ ոճրագործին յաջողւում է մոռացութեան կամ անուշադրութեան մատնել իր ոճիրը, ապա անցնում է նոր ոճիրներ ծրագրելուն, կամ օրինակ է դառնում ուրիշներին, ինչպէս դեռեւս 1932-ին էր Ատոլֆ Հիթլերը «արդարացնում» Հոլոքոսթի իր ապագայ ծրագիրը՝ վկայակոչելով «հայերի կոտորածների» մոռացութեան տրուելը…

Այո, ցեղասպանութեան արարքը սովորութիւն ունի կրկնուելու։ Ահա՛ թէ ինչու աւելի քան 30 պետութիւն, ոմանք պետական ամբողջական մակարդակով, ինչպէս Մ. Նահանգները, ոմանք՝ խորհրդարանական, ինչպէս Շվեյցարիան եւ ուրիշներ, յատկապէս վերջին 30 տարիների ընթացքում ճանաչել, դատապարտել, յանցանքը ընդունել են պահանջել Թուրքիայից, ոչ որպէս սոսկ ճանաչելու, այլ՝ ժխտողականութեանը վերջ տալու ակնկալութեամբ, ցեղասպանական արարքների կրկնութիւնը բացառելու, կանխելու մտահոգութեամբ։

Այո, ժխտողականութիւնը, Լեմկինի ու միւսների բացատրութեամբ, ծանրագոյն ոճիր է, համազօր՝ ցեղասպանութեան արարքի, որը հայերիս ու բախտակից այլ ժողովուրդների պարագայում շարունակութիւնն է 1915թ.ի ոճրագործութեան։

Եւ ահա՛, ի դէմս վարչապետի աթոռը գրաւած անձի, Ժխտողականութիւնը ձեռք է բերում անսպասելի, աներեւակայելի դաշնակցի, այս պարագայում՝ գործակցի, իմա՝ յանցակցի, այսինքն՝ ոճրագործի։

Մէկ նախադասութեան մէջ Նիկոլ Փաշինեանը երկու ձեռնածութիւն (մանիպուլացիա) է անում։ Առաջին՝ առանց բացելու եւ բացատրելու «հայ դատ» բանաձեւումը, որը տարածքային պահանջատիրութիւնից առաջ իր մէջ պարփակում է Ցեղասպանութեան եւ Հայրենազրկումի փաստի իրաւական եւ իրաւաբանական հետաքննութեան, բնութագրման, դատավճռի կայացման միջազգային պետական, հասարակական ու գիտական տարբեր ատեանների կողմից ճանաչման ու վաւերացման ողջ համալիրը։ Իսկ ինչ վերաբերում է տարածքային մեր պահանջներին, որի հետեւում փորձում է թաքնուել Փաշինեանը «նախկինները նման պահանջ չեն դրել, ապա ես ինչո՞ւ դնեմ» տրամաբանութեամբ, բոլորովին հիմնազուրկ է, քանզի պետական ու պաշտօնական ոչ մի կառոյց երբեւէ նման պահանջ չի ձեւակերպել, բացառութեամբ, հեգնականօրէն, Մ. Նահանգների նախագահ Ուտրօ Ուիլսոնի իրաւարար վճռի, մէկ էլ, 1999 թ.ին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստրոբ Թալբոտի, որը թուրքերին թելադրել էր, որպէս բարի կամքի արտայայտութիւն, հայերին վերադարձնել Արարատ լեռն ու Անիի աւերակները։ Նիկոլ Փաշինեանի սովորութիւնն է թաքնուել չեղած բանի հետեւում եւ արդարացնել իրեն եւ իր առնելիք քայլերը։ Գուցէ նա արդեն տուե՞լ է նման խոստում՝ ներառեալ Արցախը։

Նախադասութեան երկրորդ մասում Փաշինեանը մատնացոյց է անում դրսի հայերին, իբր մոռանալով, որ Հայաստանի Հանրապետութեան ազգաբնակչութեան առնուազն կէսը ծագումով Արեւմտահայաստանից ու Կիլիկիայից է, Ցեղասպանութիւնից մի կերպ խուսափած եւ բռնագաղթի ենթարկուած հայերի ժառանգորդներ։ Ի վերջոյ, Ցեղասպանութիւնից փրկուած՝ չարքաշ որբերն են կառուցել այս երկիրը, չէ՞։

Եւ անտեսելով այս եւ այլ հանգամանքները, Փաշինեանը, կրկին թաքնուելով «մեզ հետ կապ չունեն»ի մեթոդին, Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման աշխատանքների «բեռը» բարձում է սփիւռքահայութեան վրայ, «մենք չենք, նրա՛նք են» տիպի մատնչութեամբ։ Նա շոգեքարշի՝ լոքոմոթիւի դեր է տալիս սփիւռքահայութեանը, որը, իբր, իր հետեւից քարշ է տալիս հայաստանահայութեանը։ Այսինքն՝ դարձեալ կիսում, բաժանում, հակադրում է հայութեանը։

Հարցնող լինի՝ ինչպէ՞ս է Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինը յայտնուել այդ «լոքոմոտիւում», երբ 2015 թ. Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի յուշարձանին, ուրիշ աւելի քան 20 երկրների պետական ներկայացուցիչների հետ ծաղիկներ խոնարհեց Մեծ եղեռնի 100-ամյակի անմար կրակին, այն յուշարձանին, որը դեռեւս սովետական ժամանակներում, անշուշտ սովետահայ ղեկավարների միջամտութեամբ, Մոսկուան համաձայնութիւն էր տուել կառուցելու։

Թուրքիան, Ն. Փաշինեանի առկայութեամբ, այլեւս կարիք չունի իր ժխտողականութեան մէջ մէկուսի մնալու։ Իր փոխարէն, անգամ իրենից լաւ, դա կանի Փաշինեանը, որպէս առաջամարտիկ։

«Ազգ»
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին