Հինգշաբթի, 25. 04. 2024

spot_img

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 67 –

Հայաստանի Համար Պատերազմն Աւարտուած Չէ․ Պէտք Է Պատրաստուել Ու Հասարակութեանը Դուրս Բերել Յուսահատական Վիճակից

Զրոյց Նորակազմ «Ազգային Լեգէոն» ՀԿ-ի Պատասխանատուներուն Հետ

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»-ի Երեւանի Աշխատակից

2020 թուականի հայ-ազրպէյճանական 44-օրեայ պատերազմը շատերիս կեանքում խոր հետքեր ու վէրքեր թողեց. կորուստներ, ցաւ, բարոյալքում, յուսահատութիւն, անկարողութեան զգացում․․․ Պատերազմը նաեւ ի ցոյց դրեց մեր ազգային ու պետական բացթողումները, այդ թւում՝ հայկական բանակում առկայ արատաւոր երեւոյթները, ինչքան էլ ցաւալի է դա խոստովանել։ Սակայն, իւրաքանչիւր հասարակութիւն, պետութիւն կարող է նման ծանր հարուածից յետոյ ոտքի կանգնել միայն միասնական ու ամուր կամքով, կազմակերպուած ու նուիրեալ աշխատանքով, ազգի բոլոր կարողութիւնների գերլարումով ու կեդրոնացումով։ Եթէ հասարակութեան բոլոր անդամները զբաղուեն իրենց մասնագիտական աշխատանքով, վստահաբար հնարաւոր կը լինի անգամ նման ծանր հարուածներից յետոյ ոտքի կանգնել։ Վառ օրինակ է Գերմանիայի եւ Ճապոնիայի թռիչքաձեւ զարգացումը երկրորդ աշխարհամարտի անձնատրութիւնից ընդամէնը մէկ տասնամեակ անց:

Հայութեան համար պատերազմն աւարտուած չէ, տանուլ ենք տուել պատերազմի ընդամէնը մէկ փուլը։ Արցախի Հանրապետութեան տարածքի մեծ մասի կորուստն ու Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան կորստի վտանգը մեզ համար պէտք է ահազանգ լինի միաւորուելու ու անցեալի սխալներից դասեր քաղելու։ Այդ գործում մեծ ներդրում կարող են ունենալ հասարակութեան հոգեբանական վերափոխումը, բարոյական վերազարթօնքը, պատերազմի գալիք փուլին համակողմանի պատրաստութիւնը, քանի մեր երկիրը ունի թշնամի ու ցեղասպան հարեւաններ, որոնք չեն թաքցնում հայութիւնն իր իսկ հայրենիքում վերացնելու իրենց գերնպատակը։

 «Ազգային լեգէոն» ուսումնամարզական հասարակական կազմակերպութիւնը (այսուհետ՝ ՀԿ) ստեղծվել է հենց հասարակութեան հայրենասիրական ոգին բարձրացնելու եւ աւագ սերնդի ուսումնամարզական ու ռազմագիտական փորձը նոր սերնդին փոխանցելու նպատակով։ Հիմնադիրները հայրենասէր հայորդիներ են, ովքեր մասնակցել են երեք տասնամեակ առաջ սկսուած արցախեան շարժումին ու պատերազմին, եղել են մարտի դաշտում, տեսել հայկական զինուժի թերութիւններն ու բացթողումները, ինչպէս նաեւ մեր զինուորների հերոսական սխրանքները։

Արցախեան պատերազմի բոլոր փուլերի մասնակից, 90-ականներին ձեւաւորուած «Ազգային լեգէոն» ջոկատի հրամանատար, պահեստազօրի փոխգնդապետ Լեւոն Գէորգեանը «Զարթօնք»-ի հետ զրոյցում մեծ խանդավառութեամբ ու սիրով էր պատմում մօտ մէկ տարի առաջ հիմնուած հասարակական կազմակերպութեան մասին։ «Ազգային լեգէոն» ՀԿ-ն ստեղծուել է 13-45 տարեկան հայ տղաներին ու աղջիկներին ուսումնամարզական ռազմահայրենասիրական դաստիարակութիւն տալու նպատակով։ Այստեղ երեխաներն ու մեծահասակները ստանում են թէ՛ տեսական եւ թէ՛ գործնական գիտելիքներ ռազմական գործից ու նրան անմիջականօրէն առնչուած ոլորտներից։ ՀԿ-ն գործունէութեան համար ընտրել է 4 հիմնական ուղղութիւն՝

  • ֆիզիկական մարզում, ձեռնամարտ
  • գիտելիքներ զէնքերի մասին, զէնքերի հաւաքում, քանդում եւ այլն, հրաձգութիւն-նշանառութիւն տարբեր զէնքերով
  •  Առաջին բուժօգնութիւն
  • Բարոյահոգեբանական պատրաստութիւն, Հայրենիքի համար սեփական կեանքն իսկ զոհաբերելու գաղափարախօսութեան սերմանում:

«Ազգային լէգէոն»ն այսօր ունի մինչեւ 18 տարեկան 35 սան, 18-ից բարձր՝ 36, որոնք սովորում են թէ՛ տեսական գիտելիքներ, թէ՛ մասնակցում են մարզումների դաշտային, անտառային, լեռնային եւ բնական այլ տեղանքներում։ Նրանք դաստիարակւում են ամենածանր իրավիճակներում տոկալու եւ ինքնապահպանուելու բազմաբնոյթ տեղեկոյթով եւ դրանք գործնականում փորձարկում են ու կիրառում: Սովորում են նաեւ քարտիսագիտութիւն, հետախուզութիւն, ականների տեղադրում, տեղանքում թաքնուելու հմտութիւններ եւայլն: Սաների 1/3 մասը աղջիկներ են, ովքեր մեծ ոգեւորութեամբ են մասնակցում յատկապէս դաշտային մարզումներին եւ նշանառութեան պարապմունքներին։ Իսկ ապագայ զինուորները ստանում են այնպիսի գիտելիքներ ու փորձ, որոնք նրանց օգտակար կը լինեն ՀՀ զինուած ուժերում հետագայ ծառայութեան ժամանակ։

ՀԿ-ի հիմնադիր Լեւոն Գէորգեանն ասում է՝ բացի այն նպատակներից, որոնք իրենց առջեւ ի սկզբանէ դրել են, նաեւ նպատակ ունեն երեխաներին, այսպէս ասած, փողոցից կտրել, ապագայ զինուորներին պատրաստել բանակի համար, որպէսզի զօրակոչուելուց յետոյ իրենց համար դժուար չլինի յարմարուելն ու ծառայելը, պատերազմական իրավիճակում ինքնակազմակերպուելը։ Իսկ մեծահասակների դէպքում նպատակը պատերազմի մասնակիցների փորձի ու ներուժի փոխանցումն է նրանց։

«44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտում շատ բան տեսայ։ Շատերը անգամ չէին կարողանում զէնք քանդել ու հաւաքել։ Չգիտէին՝ ինչպէս պաշտպանուել անօդաչու թռչող սարքերից եւ մնացած վտանգներից։ Մենք այս ամենը, եթէ լաւ իմանայինք, վստահ եմ՝ պատերազմի ելքը սա չէր լինի»,- ցաւով նշում է պահեստազօրի փոխգնդապետը։

«Ազգային լեգէոն»ի համահիմնադիր, պատմաբան Գէորգ Եազըճեանը ուսումնամարզական ՀԿ-ում երեխաների եւ մեծահասակների հետ հիմնականում խօսում է հայոց պատմութիւնից։ Նա շեշտադրում է հայոց ռազմուժի պատմութիւնը, երեխաներին բացատրում մեր յաղթանակների եւ պարտութիւնների գործօնները, վերլուծում դրանք: Ներկայացնում է նաեւ ուրիշ ժողովուրդների, այդ շարքում՝ թրքական հանրոյթների ռազմական պատմութեան դրուագներ: Սոյն դասաւանդութիւնը դասական իմաստով դասախօսութիւններ չեն, այլ՝ իրար հետ բացախօսութիւն-զրոյցներ:

«Երեխաները բաւական լաւ տիրապետում են հայոց պատմութեանը, նրանք շատ ժամանակ ինձ լրացնում են։ Ինձ դա շատ է ուրախացնում։ Եզրակացրել եմ, որ դպրոցում լաւ դաստիարակութիւն ու գիտելիքներ են ստանում: Ու մի բան էլ ես եմ աւելացնում։ Շնորհակալ եմ իրենց ուսուցիչներին, յատկապէս հայագիտական առարկաների, որ մեր պատմութեան մասին լուրջ գիտելիքներ են տալիս ու հայրենասիրութեան գաղափարը սերմանում նրանց հոգու խորքում»,- ասաց մեր զրուցակիցը։ Նրա խօսքով՝ 44-օրյա պատերազմից յետոյ այդ երեխաների վրայ էլ են ազդել պարտուողական ու յուսահատական տրամադրութիւնները, սակայն իրենք ամեն ինչ անում են, որ այդ զգացողութիւնները փոխարինուեն տոկալու, պայքարելու ու յաղթանակելու աներեր հաւատքով, որի համար վկայակոչում-բացատրում-վերլուծում են մեր փառաւոր յաղթանակները հազարամեակների ընթացքում։

«Պէտք է դուրս գալ նման վիճակից, մենք շրջապատուած ենք թշնամիներով, որոնց կողքին պարտաւոր ենք գոյատեւել։ Մենք չենք կարող մեր հայրենիքը փոխել։ Հայաստա՛նն է մեր հայրենիքը, միա՛կ հայրենիքը, եւ մենք պէտք է պաշտպանենք նրան՝ ամե՛ն գնով»,- իր խօսքը եզրափակեց Գէորգ Եազըճեանը։

Ուսումնամարզական ՀԿ-ն այս պահին գործում է Մասիս քաղաքի եւ նրա մերձակայ Սիս գիւղի դպրոցներում։ Օգտւում են նաեւ երեւանամերձ վայրում տեղակայուած հրաձգարան-մարզումների կեդրոնից ու նրա մասնագէտ հրահանգիչների հմտութիւններից: Յոյս ունեն՝ Երեւանում եւս կը կարողանան գործունէութեան վայր ունենալ առաջիկայում։ Դժուարութիւններ, անխօս, ունեն, բայց նախընտրում են չխօսել այդ մասին։

Օժանդակութիւն ստանում են իրենց սփիւռքահայ ընկերներից ու բարեկամներից, ազգակիցներից եւս ունեն որոշակի աջակցութիւն։ Ռազմական գործին անհրաժեշտ պիտոյք, հանդերձանք եւ տարբեր նպաստներ ստանում են Մոսկուայում, Գանատայում եւ Լիբանանում գտնուող համակիրներից: ՀԿ-ի ղեկավարութիւնը առանձնապէս շնորհակալ է «Ազգային լեգէոնի» կամաւորական ջոկատի կազմում 44-օրեայ պատերազմին մասնակցելու համար Մոնթրէալից կամաւոր եկած նախկին լիբանանահայ Վիգէն Տարագճեանին, ով գաղթօջախում նախաձեռնել է «Օրական մէկ բաժակ սուրճի փոխարէն» հանգանակութիւնը. մեր հայրենակիցները, սրճեղէն մատուցող փողոցում տեղադրուած սարքերից օրական մէկ բաժակ սուրճ պակաս խմելով, գումարը կուտակում են ու յետագայում Վիգէնի միջոցով փոխանցում ՀԿ-ին: Մեր զրուցակիցները կարծում են՝ այս նախաձեռնութիւնը պէտք է համաշխարհային տարողութիւն ստանայ:

«Ազգային լեգէոն» ՀԿ-ում սովորելն անվճար է։ Բոլորին յատկացւում են զինուորական հագուստ եւ անհրաժեշտ այլ պարագաներ։ Մեր զրուցակիցը նշեց, որ ՀԿ-ի գլխաւոր խնդիրը զինուորական հագուստի, վրանների, քնապարկերի, ճտքաւոր կօշիկների, հեռադիտակների եւ նման այլ իրերի պակասն է։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին