Չորեքշաբթի, 24. 04. 2024

spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձը

Ուղերձ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձը

Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների

Յիշատակի Օրուայ Առիթով

Մէկ դարից աւելի է անցել Օսմանեան Թուրքիայի կողմից ծրագրուած եւ իրագործուած Հայոց ցեղասպանութիւնից։ Եղեռնահար մեր ժողովուրդը փրկուած բեկորներով ցրուեց աշխարհով մէկ՝ իր պատմական հայրենիքում եւ գաղթի անապատներում թողնելով մէկ եւ կէս միլիոն նահատակների։

20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ցեղասպանութիւնը արձանագրուած է որպէս մարդկութեան դէմ գործուած դարի առաջին յանցագործութիւն՝ ազգի բնաջնջման, էթնիկ թշնամանքի հրէշաւոր դրսեւորումներով։

Ցեղասպանութեան ողբերգութեան ցաւը այսօր արցախեան պատերազմի ծանր կորուստներով նորովի է պատել մեր ժողովրդի հոգին: Մեր սուրբ նահատակների լոյս յիշատակի առջեւ մեր նուիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանութիւնը, ներքաղաքական զարգացումներում զերծ մնալ բռնութիւններից ու բախումներից եւ նախանձախնդիր ոգով հետամուտ լինել մեր իրաւունքների պաշտպանութեանը։ Մեր ժողովրդի կեանքը ձեռքբերումներով զարդարելու, մեր առջեւ ծառացած մարտահրաւէրներին ու սպառնալիքներին դիմակայելու գրաւականը պետութեան զօրացման պատասխանատուութեան բարձր զգացումն է եւ համախմբումը ազգային ու հոգեւոր արժէքների շուրջ։

Մեր սուրբ նահատակների բարեխօսութեան հայցով աղօթում ենք Ամենողորմ Տիրոջը, որ խաղաղ ու անվտանգ լինի մեր երկիրը, եւ աշխարհասփիւռ մեր ժողովուրդը միակամ ու միասնական կերտի իր բարօր ու լուսաւոր ապագան՝ յանուն ազգի ու հայրենեաց:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին