Երեքշաբթի, 08. 10. 2024

spot_img

Ձեր սխրագործություններով սերունդներ պիտի կրթվեն. Վեհափառ Հայրապետն այցելել է զինվորական հոսպիտալ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 21-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին։

Այս մասին տեղեկատվությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ և հոսպիտալի ղեկավարության առաջնորդությամբ Նորին Սրբությունը եղավ տարբեր բաժանմունքների հիվանդասենյակներում՝ հայրապետական իր օրհնությունն ու շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները բերելով մերօրյա հերոս զինվորներին։ Իր աղոթքը հնչեցնելով յուրաքանչյուր զորականի բժշկության համար՝ Վեհափառ Հայրապետը բարձրորեն գնահատեց հայորդյաց քաջարի ոգին, որի շնորհիվ մեր ժողովուրդն ապրում է խաղաղության մեջ, ապահովության զգացումով։

«․․․Մեր խոնարհումն ենք բերում ձեզ։ Ձեր սխրագործությունները պիտի հիշվեն մեր ժողովրդի պատմության բոլոր ժամանակներում։ Ձեր սխրագործություններով սերունդներ պիտի կրթվեն ու դաստիարակվեն։ Այդ սերունդներն են, որ պիտի հասակ առնեն նույն ոգով, նվիրումով և նույն հանձնառության գիտակցությամբ պիտի իրենց ծառայությունը բերեն մեր Հայրենիքին։ Ինչպես այսօր դուք, նաև ապագա սերունդները պիտի գիտակցեն, որ Հայրենիքն է մեր ուժը, զորությունն ու գոյության երաշխիքը», – ընդգծել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայցելով Աստծո Աջի հովանին Հայոց բանակին, սպայական կազմին և զինվորներին, որպեսզի շարունակեն իրենց քաջագործություններով հպարտություն պարգևել մեր ժողովրդին։

Վեհափառ Հայրապետը նաև հավելեց, որ Հայոց Եկեղեցին և ողջ ժողովուրդն այսօր աղոթքով զորավիգ ու աջակից է հայրենյաց պաշտպաններին։ «Այդ բարձր գնահատանքի, երախտագիտության զգացումը ունի ոչ միայն հայրենաբնակ մեր ժողովուրդը, այլև սփյուռքի հայությունը։ Այսօր յուրաքանչյուրն իր հերթին զինվորագրված է մեր երկրի մղած արդար պայքարին՝ դուք սահմանի վրա, նրանք իրենց բնակության վայրերում։ Դուք նոր ոգի ներշնչեցիք մեր ժողովրդին, հաղթության ոգի և ձեր առ հայրենին սերը վստահաբար ոգևորում և խանդավառում է յուրաքանչյուր հայորդու», – ասաց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը։

Հայրապետը բոլորին ընծայեց Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթամատյան և մանրանկարներով տերունական խաչեր։ Այցի ընթացքում Նորին Սրբությունը զրույց ունեցավ հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ իր գնահատանքը փոխանցելով նրանց մատուցած կարևոր ծառայության, նվիրումի և մեծ ջանքերի համար ի նպաստ զինծառայողների առողջության վերականգնման։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև այցելեց կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մատուռ, ուր աղոթք բարձրացրեց հայրենի երկրի խաղաղ ու անվտանգ կյանքի համար:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին