Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-13-ը տեղի ունեցած զինված դիմակայության կապակցությամբ: Այս մասին նշված է նախագահի պաշտոնական կայքում:
«Այսօր, երբ բոլորս պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունը և գլոբալ կայունության պահպանումն ունեն առաջնային նշանակություն: Մեր տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Վրաստանի, ինչպես նաև մեր բարեկամ և գործընկեր պետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետագա զարգացման և բարգավաճման համար»,- նշված է հայտարարության մեջ:
Նախագահը հույս ունի, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն ժամանակին, և, որ իրավիճակի հետագա սրումից հնարավոր կլինի խուսափել խաղաղ բանակցությունների միջոցով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան: