Կիրակի, 06. 10. 2024

spot_img

Մի Երգի Պատմութիւն – 51 – Տոնթ Սթափ Թիլ Եու Կեթ Ինաֆ –Մայքլ Ճեքսըն (Don’t Stop ‘til You Get Enough – Michael Jackson )

Ուրախ, կայտառ ու վառվռուն այս երգը գիտեն ոչ միայն Ճեքսընի երկրպագուները։ Այն 1979-ին  ողողեց ամերիկեան եւ համաշխարհային հիթ-շքերթները։ Սա Ճեքսընի առաջին միայնակ ձայնագրութիւնն էր։ Մինչ այդ նա երգում էր ընտանեկան The Jackson 5 խմբում եւ ընտանիքի կամ այսպէս ասած խմբի անդամների յետ միասին ունէր մեծ համբաւ, իսկ նրանց երգերը մէկը միւսի յետեւից գրաւում էին հսկայական լսարաններ։

1978 թուականին Մայքլը նկարահանուեց  «Հրաշագործը» շարժանկարում, ուր մարմնաւորում էր խրտուիլակի դեր։ Նկարահանումների ժամանակ նա ծանօթացաւ բեմադրիչ Քուինսի Ճոնսի (Quincy Jones) հետ ։ Ճեքսընը խնդրեց խորհուրդ տալ լաւագոյն արտադրիչին, որին ճանաչում էր Ճոնսը՝ որի հետ Ճեքսընը կը սկսէր աշխատել ապագայ  նախագծերի վրայ։ Ճոնսը առանց համեստութիւն անելու առաջարկեց ինքն իրեն։  Այսպէս սկսուեց նրանց համագործակցութիւնը։ Առաջին համատեղ աշխատանքն եղաւ «Off The Wall»  ալպոմը։  Մինչ աշխատանքները սկսելը նրանք հարիւրից աւել տարբեր երգեր լսեցին, ընտրելու համար նրանք, որոնք տեղ կը գտնէին ապագայ ալպոմում։ Դրանցից մէկն էր  «Don’t Stop ‘til You Get Enough» երգը, որը ալպոմից զատ թողարկուեց նաեւ միայնակ սկաւառակի տեսքով։ Երգերը ձայնագրւում էին Լոս Անճելըսում՝ ձայնագրման արուեստանոցում ։

 «Don’t Stop ‘til You Get Enough» երգը գրել է Մայքլը։ Նա պատմում է, որ այս երգի մեղեդին ոչ մի կերպ դուրս չէր գալիս նրա գլխից, բայց եւ ամբողջացնելու համար նրան օգնութիւն էր պէտք։  Նա չէր տիրապետում ոչ մի երաժշտական գործիքի։ Նրա եղբայրը՝ Ռենտին (Randy Jackson) օգնեց նուագել եւ ձայնագրել երգի նախաբանը։ Ճեքսընի երգչային հնարքներից եղաւ նրա ֆալցետային ձայնը (falsetto) , որը երգին առանձին հմայք է հաղորդում, եւ որը յետագայում նայ դարձրեց իր առանձնայատկութիւնը ։    Մայքլի մայրը, ով «Եհովայի վկաներ»  աղանդի հաւատացեալ էր, լսելով երգը, ցնցուել էր երգի բնագրից, որն իր կարծիքով սեռական բնոյթի կոչ էր հնչում։ Բնականաբար Մայքլը ներկայացրել է երգի իր տեսլականը, որով համոզել է մորը, որ երգը բնաւ ոչ մի այլասերում չունի։

          Երգի թողարկումից յետոյ այն լայն լսարանի կողմից հաւանութեան արժանացաւ, գրաւեց հիթ-շքերթների առաջատար դիրքերը, ստացաւ «ոսկէ» որակում,  ինչպէս նաեւ ունեցաւ դրական արձագանք երաժշտաքննադատների կողմից։ Տաս տարի տարի անց, ունեցած վաճառքների շնորհիվ դարձաւ «պլատինե» ։

          2006 թուականին եւրոպական լսարանի համար ձայնագրուեց Ճեքսընի սիրուած 20 երգերի հաւաքածու, որի մէջ մտաւ նաեւ «Don’t Stop ‘til You Get Enough» երգը։

Այս երգը, ինչպէս եւ Ճեքսընի շատ այլ երգեր աւելի հանրայայտ դարձան նրա մահուանից յետոյ, երբ ողջ աշխարհը սկսեց վերյիշել եւ վերապրել  նրա բոլոր յայտնի երգերը։

          Կարծում եմ կարիք չկայ նշելու, որ երգը վերաերգուել է բազմաթիւ անգամներ՝ տարբեր յայտնի երգիչների կողմից։

          Նշեմ նաեւ , որ երգը Ճեքսընի առաջին ինքնուրոյն երգն էր նրա առաջին ինքնուրոյն ալպոմից, որտեղ նա հանդէս եկաւ որպէս մենակատար երգիչ եւ ձայնագրման աշխատանքներով զբաղուեց ինքնուրոյն՝ առանց հոր եւ եղբայրների օգնութեան , ցոյց տալով իր անկախութիւնը ։ Սա եղաւ նաեւ նրա առաջին երգը, որը  Billboard Hot 100-ում զբաղեցրեց առաջին հորիզոնականը ։  

ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ                                                                                                            

«Զարթօնք»ի Աշխատակից

 

 

 

  Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը   

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին