Շաբաթ, 05. 10. 2024

spot_img

Մի Երգի Պատմութիւն -50 – Այ Ուոնթ Թու Նօ Ուաթ Լավ Իզ – Ֆորեյնըր (I Want To Know What Love is – Foreigner)

Խմբի ստեղծագործական գործունէութեանը քիչ ծանօթ  ընթերցողը թերեւս կը կարծի, որ սա Foreigner խմբի միակ յայտնի երգն է եւ այս  խումբը, այսպէս ասած, մէկ երգով յայտնի դարձած եւ անհետացած խմբերից է։ Իրականում այդպէս չէ, քանի որ խումբն իր ողջ գործունէութիւնը ծաւալել է այլ ոճում` երգելով hard rock, arena rock, pop rock ոճերում, իսկ I Want To Know What Love Is երգը իր արտայայտչամիջոցներով  եւ ենթատեսակային առումով տարբերւում է խմբի ընդհանուր ստեղծագործական ոճից։ Դա է պատճառը, որ ունկնդիրները յաճախ կարծում են այս երգը խմբի միակ յայտնի ստեղծագործութիւնն է ։

Խմբի գրեթէ բոլոր երգերը գրուել են  Լու Կրեմմի  (Lou Gramm) եւ  Միք Ճոնսի (Mick Jones) համատեղ ուժերով։ Այս երգը գրելիս գրեթէ ամբողջութեամբ ստեղծագործել է  Ճոնսը,  Կրեմմը գրեթէ չի մասնակցել։ Այնուամենայնիւ, տարիներ անց, Կրեմմը յայտարարեց որ Ճոնսի հետ հաւասար համահեղինակ է, սակայն հրաժարուել է իր հեղինակային իրաւունքներից յօգուտ Ճոնսի, որն իր ագահութեան պատճառով չէր ուզում նրան տալ հասոյթի 5 տոկոսից աւելին ։

Միք Ճոնսը պատմում է ․«I Want To Know What Love Is» երգը, ի սկզբանէ,  ծնուեց որպէս անձնական զգացումների արտացոլում։  Ես բազմաթիւ սիրավէպերի միջով եմ անցել, որոնք ժամանակի յետ քայքայւում , անյետանում-գնում էին։ Բայց ես առաջուայ նման  փնտռում եմ այն, ինչ կը շարունակուի իմ կեանքի իրականութեան  մէջ։ Այս ամենը ինչ-որ պահից անկախացաւ եւ սկսեց առանձին իր կեանքով ապրել։ Այն անձնական սիրային զգացողութիւնների պատմութիւնից վերածուեց աւելի մեծ, համընդհանուր սիրոյ դրսեւորման մասին մտորումների։ Երբ ձայնագրում էինք երգը, անընդհատ շարունակւում էր ստեղծագործելու տարրը, հետզհետէ հեռացնելով երգը իմ անձնական դաշտից ՝ բերելով համամարդկային , ընդհանրական մի դաշտ։  Իւրաքանչիւր  ձայնագրման փորձի ժամանակ աւելանում էր մի նոր միտք կամ մասնիկ։ Վերջ ի վերջոյ աւելացաւ կոսփել-երգչախումբը (gospel choir)։   Գիտէ՞ք,  լինում էր այնպիսի մի պահ, որ  ինձ թւում էր, որ ես իրական հոգեւոր երգ եմ գրել, բայց պատահում էր եւ այնպէս, որ ինձ մօտ տպաւորութիւն էր առաջանում, որ ես այս ամենի յետ ոչ մի կապ չունեմ՝ բացի թղթի կտորի վրայ մի քանի մեղեդի եւ միտք յանձնելուց» ։

Խմբի շատ երկրպագուներ կարծում են, որ Միքը երգը գրել է իր ապագայ կնոջ՝ Էնն Տեքսթեր-Ճոնսի (Ann Dexter-Jones ) յետ յարաբերութիւններից տպաւորուած՝  փորձելով արտացոլել սեփական զգացողութիւնները։

Երգի ձայնագրման եւ տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին մասնակցել է Նիւ Ճըրսիի (New Jersey) Հաւաքական Կոսփել Երգչախումբը, որի մասին յետագայում Ճոնսը շատ ջերմօրէն կը խօսի՝  նրանց համագործակցութեան մասին պատմելիս։  

Երգը ձայնագրուեց եւ թողարկուեց 1984 թուականին, առանձնացնելով միայնակ սկաւառակի տեսքով  Agent Provocateur ալպոմից։ Երգը գլխաւորեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիոյ, Աւստրալիոյ, Գանատայի ազգային հիթ-շքերթները, ինչպէս նաեւ ժամանակի ընթացքում մտաւ Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 500 լաւագոյն երգեր»-ի ցանկի մէջ եւ VH1 հեռուստաալիքի « 80-ականների 100 լաւագոյն երգեր»-ի ցանկի մէջ։

Երգը , մի քանի տարի անց , մեծ ոգեւորութեամբ  երգեցին Մարիա Քերին (Mariah Carey ) եւ Տայանա Ռոսը (Diana Ross), ինչպէս նաեւ Թոմ Քրուզը (Tom Cruise ) եւ Մալին Աքերմանը (Malin Akerman)  «Rock of Ages» (2012) շարժանկարում ։ Երգը նաեւ հնչել է «Alvin and the Chipmunks» շարժանկարում։

«Դժուար չէ հասկանալ, թէ ինչու հենց այս երգը դարձաւ Foreigners  խմբի ամենայայտնի երգը, որը գլխաւորեց հիթ-շքերթները։ Երգի երազկոտ, հմայող տրամադրութիւնը առաջանում է  մասամբ Լու Կրեմմի սրտաբուխ կատարման, մասամբ էլ երգչախմբի ճոխ հնչողութեան շնորհիւ»,- Պրեթ Ատամս (Bret Adams )  Allmusic:

 ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Աշխատակից

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին