Կարծում եմ սխալուած չեմ լինի, եթէ ասեմ, որ այս երգի նախաբանը ծանօթ է բոլոր մարդկանց անխտիր։ Չի գտնուի աշխարհի վրայ մէկ մարդ, ով չի լսել այդ մի քանի տակտ՝ կպչուն մտքի նման յիշողութեան մէջ դրոշմուող մեղեդին։
Խօսքը շուետական Europe խմբի The Final Countdown երգի մասին է , որի հեղինակն է Ճոուի Թեմփեսթը։ Նա երգի յայտնի նախաբանը գրել էր վաղուց եւ թողել անաւարտ։ 4 տարի անց, նրա գործընկեր, խմբի պաս կիթառահար Ճոն Լեվենի յորդորով նա երգը աւարտին հասցրեց եւ ներկայացրեց խմբի մնացած անդամների դատին, որոնք այնքան էլ լուրջ չվերաբերուեցին ստեղծագործութեանը։ Երգի բառերը գրուեցին Տէյվիտ Պոիի Space Oddity երգից տպաւորուած։ Խումբը մտադրութիւն չուներ երգը թողարկելու սինկլ՝ միայնակ սկաւառակի տեսքով։ Նրանք կարծում էին, որ բաւարար է, որ այս երգը կատարուի միայն համերգներից առաջ։ Բայց Թեմփեսթը ժամանակին կարողացաւ երաժշտական հոտառութեամբ զգալ, որ երգը յաջողութիւն է ունենալու եւ պնդեց այն ձայնագրել եւ թողարկել։ Եւ չսխալուեց։
Երգը թողարկուեց 1986 թուականին եւ անմիջապէս դարձաւ մի քանի երկրի ազգային հիթ-շքերթների առաջատար, այդ թւում Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շուետյայում, Իտալիայում։ Միացեալ Նահանգներում Billboard Hot 100-ում զբաղեցրեց միայն 8-րդ տեղը։
Երգի արտադրման օրուանից այն բազմաթիւ անգամներ կիրառուեց ժամանակակից մշակոյթի մէջ։ Երգն առաւել շատ սիրում են մարզական միջոցառումների կազմակերպիչները։ Բազմաթիւ մարզիկներ՝ բռնցքամարտիկներ, ըմբշամարտիկներ եւ առանց կանոնների մարտի մասնակիցներ մրցումի են դուրս եկել հենց այս երգի ներքոյ։ Այն նաեւ լայնօրէն կիրառւում ՝ ֆիլմերում եւ հեռուստահաղորդումներում։
Երգի համար յատուկ հոլովակ չնկարուեց, այլ օգտագործուեց երկու տարբեր համերգներից նկարահանուած հատուածներ։
Այս երգի պատմութեան ամենահետաքրքրական մասը կապուած է երգի նախաբանի ձայնագրման հետ։ Ձայնագրութեան ժամանակ Թեմփեսթը երաժշտութիւն համադրող գործիքի (synthesizer) հնչերանգը ստացել էր իրար միացնելով երկու տարբեր երաժշտութիւն համադրող գործիքներու` Yamaha-ի եւ Roland-ի հնչերանգները։ Ամբողջ զաւեշտը կայանում էր նրանում, որ դրանից յետոյ Թեմփեսթը այլեւս ոչ մի գործիքով չկարողացաւ ստանալ այդ հնչերանգը կենդանի համերգների ժամանակ եւ ստիպուած էր լինում օգտագործել ձայնագրուած հատուածը։
Խումբը բազմաթիւ երգերի եւ ալպոմների հեղինակ է, բայց ցաւալին այն է, որ բոլորը նրանց յիշում են միմիայն այս երգով։ Երգը, յայտնի հիթ դառնալուց յետոյ , դարձաւ նաեւ նրանց խմբի թուլացման եւ բաժանման պատճառ։ Ձայնագրութեան շուրջ առաջացած տարաձայնութիւնները հետզհետէ աճելով, խմբին կանգնեցրին բաժանման եզրին։ Խումբը ցրուեց, սակայն երգը յաւերժացաւ։
Մենք թռչում ենք միասին,
Բայց միեւնոյնն է, սա հրաժեշտ է ․․․
Կլինի՞ երբեւէ ամեն բան առաջուայ նման
Սա վերջնական հետհաշուարկն է ․․․
ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Աշխատակից
Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը