Մի քանի օր է, ինչ Հայաստանի Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները անհասանելի են ընթերցողներին։ Այդ առնչութեամբ ընթերցողների շրջանում մտահոգութիւն էր բարձրացուել։ Պարզուել է, որ շէնքում հրդեհ է բռնկուել, որոշ էլեկտրական սարքեր յայտնաբերել են ծխեցուած վիճակում։ Համացանցում լուրեր են շրջանառւում, որ ողջ գրադարանի թուայնացուած ամբողջ արխիվը ոչնչացել է հրդեհի հետեւանքով։ Այս խիստ մտահոգիչ թեմայի վերաբերեալ «Զարթօնք» զրուցեց Ազգային գրադարանի տնօրէնի պաշտօնակատար Հրաչեայ Սարիբեկեանի հետ, որ որոշ լուսաբանութիւններ ըրաւ եւ նախկին տնօրէն Տիգրան Զարգարեանի հետ, ով բաւական մտահոգ էր այս խնդրով։
Մեզ հետ զրոյցում տնօրէնի պաշտօնակատարը նախ պատճառների մասին նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարութեան (ԱԻՆ) աշխատակիցները տեղում աշխատում են, աւելի ուշ պարզ կը լինի։ «Դէպքը արձանագրել են, քննութիւն է ընթանում»,- ասաց Սարիբեկեանը, ապա աւելացրեց՝ եզրակացութիւնից յետոյ նոր պարզ կը լինի՝ կատարուածում մարդկային գործօն եղել է, թէ ամբողջը թեքնիքական պատճառներով է տեղի ունեցել։
Հրաչեայ Սարիբեկեանը նշեց, որ առանձին կրիչներով թուային ամբողջ տուեալներու շտեմարանը պահպանուել է։ Ազգային գրադարանի տնօրէնի պաշտօնակատարի տեղեկացմամբ՝ դէպքը արձանագրուել է մայիսի 10-ին, երբ անհասանելի են դարձել կայքի շտեմարանները։ Տեղում ոստիկանութեան կողմից կազմուել է արձանագրութիւն։
«Հնարաւոր է, որ սերվերներում էլ պահպանուած լինի, որովհետեւ արտաքին զննումից դատելով սերվերներն էլ անյուսալի վիճակում չեն։ Որոշ սարքեր կան, որ վնասուել են, բայց բարեբախտաբար սերվերային սարքեր չեն։ Սերվերային սարքերը, արտաքինից դատելով, ծխեցուած վիճակում են։ Կրկնում եմ՝ առանձին կրիչներով տուեալներու շտեմարանը պահպանուած է։ Մենք մտածում ենք աւելի անվտանգ սերվերներում այդ ամեն ինչը պահպանելու մասին։ Այդ ուղղութեամբ քայլեր ենք ձեռնարկում։ Դեռ չենք կարող ասել, թէ պիտանելիութիւնն ինչքան է, դա պարզ կը լինի յետագայում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Ի դէպ նշենք, որ մեզ հետ զրոյցից յետոյ Հրաչեայ Սարիբեկեանը մամուլի ասուլիս էր հրաւիրել ու պարզաբանումներ ներկայացրել կատարուածի մասին։ «Արտակարգ դրութեան պայմաններում սերվերները մեր պատասխանատուների կողմից կառավարուել են հեռավար կերպով։ Մենք ունէինք համապատասխան սարքաւորումներ, որոնք ապահովագրում էին սերվերները հոսանքի տատանումից։ Կորուստների չափի մասին որեւէ պաշտօնական տեղեկատուութիւն չենք կարող տրամադրել։ Դա կլինի համապատասխան փորձաքննութիւնից յետոյ»,- յայտարարել է Սարիբեկեանը։
Հայաստանի ազգային գրադարանի նախկին տնօրէն Տիգրան Զարգարեանը մեզ հետ զրոյցում մտահոգութիւն յայտնեց, որ մինչեւ լրատուամիջոցներում յօդուածներ չհրապարակուեցին, գրադարանում առաջացած խնդրի մասին ղեկավարութիւնը չխօսեց։ «Հիմա էլ ասում են՝ դռները փակ է, իրաւունք չկայ մտնելու ու իրական պատկերը տեսնելու։ Ես ամեն դէպքում մեծ յոյս ունեմ, որ իրենք արխիւներ անելուց են եղել։ Դա էլ յետագան ցոյց կը տայ։ Իրենք ստիպուած երեկոյեան ինչ-որ բան գրեցին, որ մի անհանգստացէք, արխիւները պահպանուած է։ Դա արուեց աղմուկը նուազեցնելու նպատակով»,- ասաց Տիգրան Զարգարեանը։
Գրադարանի նախկին տնօրէնի խօսքով՝ տեղի ունեցածը ղեկավարների աշխատանքի թերացման հետեւանքն է։ «Թէ բա այդ հրդեհը հո երկնքից չընկաւ։ Իրենք ինչո՞վ են զբաղուել։ Իհարկէ, իրենց մեղքն է, բա ու՞մ մեղքն է։ Այնտեղ հրդեհ է եղել, վառուել է։ Թող ԱԻՆ-ը մտնի ստուգի, բայց իրենք պէտք է տիրութիւն անեն չէ՞, հետեւեն այդ ամենին։ Դա հո անտէրուդուս ապրանք չէ, այգում գցած չէ, որ ով հասնի ոտքով խփի գնա։ Իհարկէ, դա իրենց մեղքն է»,- ասաց Զարգարեանը։
Ազգային գրադարանը տարիներ շարունակ քրտնաջան աշխատանքի շնորհիւ թուայնացրել ու պահել է տարբեր տարիների հայկական մամուլի էջերը՝ 4 մլն 600 հազար էջ, 20 հազար թուայնացուած գիրք, 5 մլն մատենագիտական գրառում։ «Շատ լուրջ հանգոյց էր դա։ Հիմա տեսնենք՝ ինչ վիճակում է։ Յամառօրէն լռում են ու գաղտնի են պահում»,- ցաւով նշեց Տիգրան Զարգարեանը։ Նա ասաց, որ Ազգային գրադարանի այսօրուայ ղեկավարութիւնը անտեսում է տարիների վաստակ ունեցողներին, կամ իրենց խօսքով ասած՝ հներին։ «Ընդհանրապէս բանի տեղ չեն դնում։ Թէ չէք դնում, գնացէք ձեզ համար աշխատէք։ Ոչ դիմում են, ոչ հարցնում են։ Աստուած ձեր հետ։ Դուք շատ խելօք էք, իմաստուն էք, գնացէք աշխատէք։ Դա է ցաւալին։ Ես էլ; չեմ խօսում, որ չասեն՝ տեսէք, հին տնօրէնը առիթից օգտւում է»,- շեշտեց Ազգային գրադարանի նախկին տնօրէնը եւ յոյս յայտնեց, որ իրենց տարիների աշխատանքը չի ոչնչացուել։
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից