Պարենային եւ էներգետիկ անվտանգության հարցերում բոլոր հնարավոր ռիսկերը կառավարելու համար ինքնաբավ տնտեսական համակարգ ստեղծելը շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության կառավարության վարած քաղաքականության առաջնահերթություններից: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալայան ցանից իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս համատեքստում, որպես հաջողված օրինակ, նա անդրադարձել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում գործող «Ռեյփսիդ» ձեթի գործարանի գործունեությանը, որն իրականցվում է Արցախում արտադրված հումքով ու գրեթե առանց թափոնի: Գործարանում տեղադրված ժամանակակից արտադրական հոսքագիծը, բնական գազի փոխարեն, աշխատում է արևածաղկի վերամշակման արդյունքում ստացված մնացուկի՝ բնական կեղեւի այրումից՝ գոլորշու ջերմային էներգիան մեխանիկական աշխատանքի փոխակերպելու միջոցով:
«Ձեռնարկությունը տեխնիկապես հնարավորություն ունի նաեւ էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում հլածուկից (ռաբսից) սեփական արտադրության բիովառելիքով (այն հաջողությամբ կարող է փոխարինել նաեւ սովորական դիզելին) գործարկելու էլեկտրական գեներատորը եւ ունենալու շուրջօրյա էլեկտրականություն: Այսինքն՝ գործարանի արտադրական պրոցեսն ամբողջությամբ արտաքին կախվածություն չունի: Համոզված եմ՝ փորձի լայն կիրառմամբ մեզ կհաջողվի երկարաժամկետ կտրվածքով մեր հանրապետությունում ապահովել կայուն սոցիալ-տնտեսական զարգացում»,-նշել է Արայիկ Հարությունյանը:






