Ալ Կրինի ամենայայտնի երգերից մէկն է «Love and Happiness» երգը, որը երաժշտասէրները սիրում են անչափ շատ եւ որը նա մտադրութիւն չունէր ընդգրկելու իր «I’m Still In Love With You» («Ես դեռ սիրահարուած եմ քեզ») ալպոմի երգացանկի մէջ (1972)։ Այնուամենայնիւ, հանգամանքների բերումով այն մտաւ ալպոմի մէջ եւ դարձաւ նրա ամենայայտնի հիթերից մէկը, որը երաժշտաքննադատները անուանեցին Կրինի ստեղծագործական գործունէութեան եւ սոուլ ժանրի ամենակարեւոր մասնիկ ։
Կրինը երգը գրել է Թինի Հոտճեսի հետ համատեղ։ Նա յիշում է ․ « Ես չէի ասի, թէ սա վերադարձ էր հնաոճ սոուլին, որը կար իմ պատանեկութեան տարիներին, բայց մի բան միանշանակ է ․ այն ամբողջովին ոգեշնչուած եւ վերցուած էր այդ ակունքներից»։
Երգը, կարելի է ասել, ձօն է մարդութեան գեղեցիկ կէսին․ «Իմ լսարանի վաթսուն տոկոսից աւելին կանայք են , իսկ նրանք աւելի զգայուն եւ հոգեւոր են քան տղամարդիկ, յատկապէս երբ խօսքը վերաբերում է սիրոյ եւ երջանկութեան հարցերին։ Դա պատճառներից մէկն էր, որ երգը գրէինք եւ ձօնէինք հենց նրանց»,- պատմում է Կրինը։
Երգի համահեղինակ Թինի Հոտջեսը երգի մասին խօսելիս մի անգամ պատմեց հետեւյալը․ «Սովորաբար , երբ ալպոմ էինք ձայնագրում, իմ երգերին հերթ էր հասնում միայն այն դէպքում, երբ երգերն աւարտուել են, իսկ ալպոմում ազատ տեղ է մնացել։ Այն լրացնելու համար անցնում էինք իմ երգերի ուսումնասիրմանն ու ձայնագրութեանը։ Այս անգամն էլ բացառութիւն չէր։ «Love and happiness»-ը մենք ձայնագրեցինք ալպոմի աւարտին՝ այն եղաւ վերջին՝ եզրափակիչ երգը»։
Կրինը պատմում է, թէ ինչպէս են աշխատել նրանք երգի ձայնագրման աշխատանքների վրայ․ «Ձայնագրութիւնը նման էր պայթունավտանգ նիւթերի խառնուրդի՝ ամեն տարր պէտք էր աւելացնել զգուշօրէն եւ ճիշտ ժամանակին՝ պահպանելով չափաբաժինը։ Արտադրողի՝ Վիլլի Միտչելի համար ամենակարեւորը երաժշտական չափն էր։ Եթէ ուշադիր լինէք, երգի սկզբում կը լսէք թէ ինչպէ՞ս է Թինին ոտքով հարուածում ՝ պահելով երգի հաշիւը։ Իւրաքանչիւր մասնիկ, որ աւելանում էր յաջորդիւ , մանրամասնօրէն մշակուած էր եւ հաշուարկուած»։
Երգի ձայնագրութիւնից յետոյ այն շատ սիրուեց հանդիսատեսի կողմից։ Երաժշտական քննադատներն էլ այն գովում էին շատ յաճախ։ 2004 թուականին երգը մտաւ Rolling Stone ամսագրի 500 յայտնի երգերի ցուցակի մէջ։ Այն վերաերգուել է բազմաթիւ երգիչների եւ երաժշտական խմբերի կողմից, օգտագործուել բազմաթիւ ֆիլմերի եւ հեռուստատեսիլի շարքերու մէջ, այդ թւում հանրայայտ «Doctor House» հեռուստատեսիլի շարքին մէջ։
Հետաքրքրական է, որ երգիչը լինելով ամերիկացի, նրա երգը աւելի մեծ համբաւ ու տարածում ունեցաւ բրիտանական, այլ ոչ ամերիկեան թողարկողի կողմից։ Նահանգներում, ի տարբերութիւն Բրիտանիայի, երգը առանձին սկաւառակով լոյս չտեսաւ, ինչպէս լինում է սովորաբար յայտնի երգերի հետ։ Այնուամենայնիւ, 1977 թուականին այն վերաթողարկեցին միայնակ սկաւառակի տեսքով, որպէսզի կարողանան կրկին պահանջուած դարձնել Կրինի ալպոմները, որոնց վաճառքը խիստ նուազել էր այդ տարիներին։
Rolling Stone ամսագրի երաժշտաքննադատ եւ Vibe եւ Spin ամսագրերի գլխաւոր խմբագիր Ալան Լայթը «Love and Happiness» երգը անուանել է «Կրինի լաւագոյն ստեղծագործութիւն»։
ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Աշխատակից
Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը