Անթիլիասում կայացած Լրագրողների համահայկական ֆորումի համակարգող խորհրդի նիստը հագեցած օրակարգով էր: Այն նախ առանձնացավ կատարված աշխատանքների ամփոփմամբ, ինչպես նաև առաջիկայում սպասվող Լրագրողների համահայկական ֆորումի օրակարգի, խնդիրների շրջանակի քննարկմամբ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մարտի 1-ին ընդունել էր Լրագրողների համահայկական ֆորումի համակարգող խորհրդի անդամներ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր եւ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին, «Նոյյան Տապան» լրատվական գործակալության հիմնադիր եւ տնօրեն Տիգրան Հարությունյանին, լրագրող, հրապարակախոս, հրապարակագիր, քաղաքական վերլուծաբան Միքայել Հաճյանին, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին, «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանին:
«Շատ կարևոր էր հանդիպումը Արամ Ա վեհափառի հետ: Նախորդ լիագումար խորհրդաժողովը տեղի էր ունեցել հենց Անթիլիասում Արամ Ա-ի հովանու ներքո: Մենք քննարկեցինք ապագա ֆորումի թե՛ մոտավոր օրակարգը, թե՛ անցկացման վայրի հնարավոր տարբերակները»,-ասաց Արամ Անանյանը:
Լրագրողների համահայկական ֆորումի համակարգող խորհրդի նիստի անդամների քննարկման առանցքում են եղել մասնագիտական հիմնախնդիրները, մեդիայի մարտահրավերները, դրանց դիմակայելու հարցրերը:
«Ժամանակակից աշխարհն արագ փոփոխվում է, և այդ փոփոխությունների առաջին շահառուն և դրանք ամենաշատը զգացողները հենց լրատվամիջոցներն են: Եվ այստեղ շատ կարևոր է համագործակցությունը, փորձի փոխանակումը: Ես կառանձնացնեի նաև համահայկական խնդիրները, այսինքն, խոսել այն ամենի մասին, ինչը մեզ միավորում է, և միասնական ուժերով փնտրել լավագույն զարգացման ուղիները հայկական, հայալեզու մամուլի համար: Ի դեպ, առաջին անգամ մենք փորձելու ենք օրակարգ բերել օտարալեզու հայ մամուլի խնդիրները»,-ասաց Արամ Անանյանն՝ ավելացնելով, որ իրենց ուշադրության կենտրոնում է նաև միջազգային լրատվամիջոցներում աշխատող հայազգի աշխատակիցներին համահայկական քննարկումներում ներգրավելը:
Համագործակցության ընդլայնման համատեքստում Արամ Անանյանը կարևորեց գործընկեր լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպումը ինչպես Լիբանանում, այնպես էլ Արաբական Միացյալ Էմիրություններում: Խոսելով Լիբանանի Ազգային լրատվական գործակալության տնօրեն Զիադ Հարֆուշի հետ հանդիպումից՝ Արամ Անանյանը նշեց, որ քննարկել են երկու լրատվամիջոցների համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: Երկու գործակալությունները նախատեսում են առաջիկայում ստորագրել համագործակցության հուշագիր:
«Լիբանանի գործակալության հետ մեր համագործակցությունը նոր չէ, կարծում ենք, որ առաջիկայում կկարողանանք պաշտոնական դարձնել այդ հարաբերությունները: Մեր քննարկումներում եղան նաև հարցեր այն մասին, որ հեռանկարում Լիբանանի ազգային գործակալությունն ունենա հայերեն լրահոսի կազմակերպումը, որին մենք որպես գործակալություն պատրաստ ենք համակողմանիորեն աջակցել, թե՛ մեր մեթոդաբանությամբ, թե՛ տեղեկատվությամբ, թե՛ մուլտիմեդիոն նյութերով»,-ասաց Արամ Անանյանը:
Համագործակցության ընդլայնման հարցեր քննարկվել են նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ Արամ Անանյանը մասնակցում էր Հաղորդակցության կառավարական IGCF 2020 միջազգային համաժողովին: Հյուրընկալող կողմը Արաբական Միացյալ Էմիրությունների պետական լրատվական գործակալությունն էր` WAM-ը, որի հետ «Արմենպրես»-ը համագործակցության հուշագիր էր ստորագրել դեռ մեկ տարի առաջ Երևանում: Արամ Անանյանի խոսքով, ի դեմս WAM-ի, «Արմենպրես»-ն ունի լուրջ, պրոֆեսիոնալ գործընկեր:
«Ծոցի տարածաշրջանում երկու գործընկեր ունենք Քուվեյթի և Էմիրությունների լրատվական գործակալությունները: Համաժողովի շրջանակում հանդիպեցի նաև Հորդանանի լրատվական գործակալության նոր ղեկավարության հետ: Նրանց հետ նախանշեցինք երկկողմ գործակցության ուղիները և քննարկման համար ներկայացրեցինք հուշագրի մեր տարբերակը՝ նպատակ ունենալով Հորդանանի հետ նույնպես կառուցել լրատվական կամուրջ»,-ասաց Արամ Անանյանը:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ արաբական աշխարհում ավելի լավ ճանաչեն Հայաստանը: Արամ Անանյանը նկատեց, որ Հայաստանը շատ հետաքրքիր է արաբական լրատվամիջոցների համար, մեր երկիրն ու հայ ժողովուրդն ունեն դրական կերպար և պետք է աշխատել այն ամրապնդելու ուղղությամբ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն այդ առումով ունի հարաբերական առավելություն: Հայաստանում միակ լրատվամիջոցն է, որն ունի լրահոսի արաբերեն տարբերակ, ինչը գործընկերների կողմից գնահատվում է: Արամ Անանյանն ընդգծեց, որ համագործակցության հեռանկարները քննարկել են նաև Արաբական ազգային լրատվամիջոցների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ֆարիդ Այարի հետ: