Շաբաթ, 05. 10. 2024

spot_img

Մի Երգի Պատմութիւն – 40 – Պիլլի Ճին – Մայքլ Ճեքսոն (Billie Jean- Michael Jackson)   

 1981-ին Մայքլի կեանքում տեղի ունեցան իրադարձութիւններ, որոնք խորապէս ցնցեցին նրան , իսկ ամիսներ անց՝  դարձան մտայղացում «Պիլլի Ճին» երգի համար։ Հետագայում իհարկէ, նա յայտարարեց, որ երգը ոչ թէ իր, այլ  The Jackson 5 խմբի երկրպագուհիներին է   նուիրուած, սակայն պատութիւնն աւելի շատ անձնական բնոյթ էր կրում։

           The Jackson 5 խումբը մեծաքանակ թուով երկրպագուներ ունէր։ Նրանք երբեմն կուտակւում էին համերգասրահների ետնամուտքերի մօտ, որպէսզի աւելի մօտիկից կարողանան տեսնել իրենց սիրելիների երգիչներին։ Նրանց մէջ գտնւում էին այնպիսինները, որ փորձում էին  ամեն կերպ  խմբի անդամների ուշադրութիւնը գրաւել տարբեր տեսակ յայտարարութիւններ անելով։ Այդպէս եղաւ հերթական անգամ , երբ Ճեքսոնի երկրպրագուհիներից մէկը նրան նամակ ուղարկեց, որում գրուած էր, որ նրա երկուորեակներից մէկի հայրը Մայքլն է։ Նա առանձնապէս ուշադրութիւն չդարձրեց այդ տարօրինակ նամակին, սակայն կինը շարունակում էր գրել եւ գրել այնքան յաճախ, որ Մայքլը սկսեց  գիշերները մղձաւանջներ տեսնել եւ տառապել անքնութեամբ։ Նա վախենում էր, որ երկրպագուհին կարող է սկսել հետապնդել նրան։ Վերջին ծանրոցում , որ նա ստացաւ  խենթ երկրպագուհուց,  կար ատրճանակ եւ  գրութիւն այն մասին, որ եթէ նրանք չեն կարող երկրի վրայ լինել միասին, ուրեմն  Մայքլը պէտք է ինքանսպան լինի, նոյնը կանի նա իր եւ փոքրիկի հետ եւ նրանք յաւերժ միասին կլինեն։Այս դէպքերից յետոյ կինն ընկաւ հոգեբուժական հիւանդանոց, իսկ փոքրիկի ճակատագրի մասին , ցաւօք, ոչինչ յայտնի չէ։ Մայքլն էլ նրա նկարը, որ ծանրոցի միջից էր գտել, ցոյց էր տալիս բոլորին եւ ասում, որ այս կնոջ  դէմքը նա երբեք չի մոռանայ եւ այս պատմութիւնը նրան պիտի հետապնդի   ողջ կեանքի։ Այս ապրումներն ու մտածումները վերածուեցին երգի, որ եղաւ որոշիչ նրա ճակատագրում։

          Երգի ցուցանմուշ տարբերակը նա ձայնագրեց միայնակ, իր տան ձայնագրման ստուտիայում։ Երբ պատրաստի ցուցանմուշը նա ցոյց տուեց  Քուինսի Ճոնսին, որն ամենայայտնի արտադրողն էր այդ ժամանակ, այն այնքան էլ չտպաւորեց  Ճոնսին։ Նա կարծում էր, որ երգը թոյլ է։ Մայքլն էլ, հակառակ նրա, կարծում էր, որ երգը հիթ է, եւ անպայման պէտք է թողարկման հնարաւորութիւն ունենայ։ Նա այնքան էր տարուած այս երգով, որ Քուինսիի ցանկացած փաստարկի համար հակափաստարկ էր կարողանում գտնել, դրանով համոզելով նրան իր իրաւացիութեան մէջ։ Վերջ ի վերջոյ Ճոնսը տեղի տուեց եւ համաձայնեց թողարկել երգը։ Թողարկման համար նա փորձեց այն հնարաւորինս կատարելագործել։  Մայքլն իր բաժինը ձայնագրեց  առաջին անգամից, իսկ այս պաս կիթառահար Լուիս Ճոնսը բազմաթիւ փորձեր արեց նոյն բաժինը  ձայնագրելով իր  տարբեր հնչողութեան կիթառներով։ Հնչունային ռեժիսոր Պրյուս Սուետյեն թմբուկների նախաբանի վրայ բաւական քրտնաջան աշխատանք կատարեց, որպէսզի հենց առաջին հարուածից «Պիլլի Ճինը» ճանաչելի լինի։ Կարճ ասած, երգի վրայ վրայ աշխատող իւրաքանչիւր երաժիշտ փորձում էր հնարաւորինս անթերի կատարել աշխատանքը, երգը ամենակատարեալ ձեւով ձայնագրելու համար։   

          Երգի ձայնագրութիւնից յետոյ նկարահանուեց տեսահոլովակը, որտեղ Մայքլն ամբողջ ընթացքում փորձում է խուսափել կպչուն լրագրողներից։ Չնայած այն հանգամանքին, որ երգը եւ տեսահոլովակը հաջող էին ստացուել, այն ժամանակ դեռ նորաթուխ MTV հեռուստավարութիւնը հրաժարուեց հեռարձակել սեւամորթ երգչի  հոլովակը, պատճառաբանելով, որ  իրենց հեռուստաալիքը ռոք ուղղուածութիւն ունի (այս պատճառաբանութիւնը նրանք հնարել էին զուտ այն պատճառով, որ այդ ժամանակ ռոք ժանրում ոչ մի սեւամորթ երգիչ չկար ) ։ Այս երեւոյթն այնքան էր բարկացրել երաժշտական աշխարհի հսկաներին, որ CBS ձայնագրման սթուտիայի տնօրէնը MTV հեռուստաընկերութեանը սպառնաց մեղադրել նրանց ռասիզմի մէջ, եթէ նրանք երգը պիտի մերժեն երգչի մաշկի գոյնի պատճառով։ Խնդիրը շուտով լուծուեց, երգը արագօրէն դարձաւ հանրաճանաչ։ Հետաքրքրականն այն է, որ Մայքլը մինչ այդ արդեն յայտնի էր The Jackson 5  խմբից եւ արդեն որպէս մենակատար երգիչ, սակայն հենց այս երգը դարձաւ նրա այցեքարտը։ Երգի թողարկումից երկու ամիս անց, նա ելոյթ ունեցաւ Motown ձայնագրման ընկերութեան  յոբելենական համերգում  եւ հենց այս ելոյթի ժամանակ նա պարեց իր հանրայայտ պարը «լուսնային քայլքով»  եւ սպիտակ ձեռնոցով։

           Չնայած, որ երգը տխրութեան, սիրոյ բացակայութեան եւ սառնութեան մասին է, այնուամենայնիւ այն իր ուրոյն տեղը գտաւ թէ՛ Մայքլի երաժշտական հաջողութիւնների, եւ թէ՛ համաշխարհային երգացանկի մէջ։ Այն սիրում  է  Մայքլի բազմամիլիոնանոց երկրպագուների բանակը եւ ոչ միայն նրանք։ Եւ եթէ Ճեքսոնին ճանաչող ցանկացած մարդու խնդրենք թուել նրա երգերից մի քանիսը , նա անշուշտ առաջինը պիտի նշի «Պիլլի Ճինը»։

   ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ

                                                                                                            «Զարթօնք»ի Աշխատակից        

 

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին