Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս․ Սարգսի տոնի առիթով Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ ընդունեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ բնագավառներում հաջողություններ արձանագրած, մրցանակակիր և հայրենիքի հասարակական կյանքում և հայրենի սահմանների պաշտպանության գործում զգալի ներդրում ունեցող հարյուր քսան երիտասարդների։
«Արմենպրես»–ի հաղորդմամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջը տեղեկացնում է, որ հանդիպմանը Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց մասնակից երիտասարդներին՝ նշելով, որ երիտասարդներից յուրաքանչյուրն իր գովարժան ներդրումն ունի ազգային և նաև եկեղեցական կյանքից ներս:
Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամը սկսեց Սուրբ Սարգսի տոնի առիթով շնորհավորականով և մաղթանքով, որ սրբի բարեխոսությամբ ընդունելի լինեն երիտասարդների բոլոր իղձերն ու նպատակները:
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նման երիտասարդների դերակատարությունը մեծ է հայրենիքի շենացման ու հզորացման, Հայ Եկեղեցու պայծառացման և հայ ժողովրդի բարօր կյանքի կերտման գործում: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ նրանց այսօրվա ձեռքբերումները կնպաստեն ավելի մեծ հաջողություններ արձանագրելու ոչ միայն իրենց, այլ նաև հայրենիքի և ազգի հեղինակության բարձրացման համար և ոգեշնչող օրինակ կլինեն մատաղ սերնդի կյանքում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Եկեղեցու դերը ազգի զարգացման և պահպանման գործում՝ հորդորելով երիտասարդներին մասնակցել Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող երիտասարդական միությունների գործունեությանը, ներդրում ունենալ Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում և մշտապես քայլել դեպի Աստված տանող ճանապարհով, քանի որ այդ ընթացքը հոգևոր մխիթարություն է պարգևում, օգնում բացահայտել սեփական ինքնությունը, հաղորդ դառնալ հոգևոր արժեքներին և հարուստ սրբազան ժառանգությանը: Նորին Սրբությունը խոսեց եկեղեցական կյանքում ներգրավվածության օգտակարության մասին, ապա անդրադարձավ Եկեղեցու սպասումներին երիտասարդությունից՝ մասնավորապես հայրենիքին և ազգին մատուցվող ծառայության ծիրից ներս:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին երիտասարդ-հոգևորական կապի ամրապնդման, եկեղեցական կյանքի և երիտասարդական միությունների, Սփյուռքում հայապահպանության խնդիրների, հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, պատմական սրբավայրերի պահպանության և հոգևոր կյանքի զանազան մարտահրավերների վերաբերյալ: