Հինգշաբթի, 25. 07. 2024

spot_img

Ուղեղի ծալքերից զուրկ պաշտոնյան պատուհաս է նախ և առաջ իր սեփական ժողովրդի գլխին. Սերժ Սրապիոնյան

Երկար անունով նախարարության նախարարի պաշտոնը զբաղեցնող արարածն ավելի մոռելանդ ատելություն ունի ամեն հայի ու հայկականության հանդեպ, քան նույնիսկ ամենամոլեռանդ երիտթուրքը. երիտթուրքերի մեջ այդպիսի մոլեռանդություն նկատում եմ մեկ էլ դոկտոր Նազիմի արտահայտություններում. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ դոցենտ, բանասեր Սերժ Սրապիոնյանը՝ մեկնաբանելով «ՀուԶանք ու Զանգ»՝ աղմուկ հանած ներկայացման համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2019թ. բյուջեից 2,7 մլն դրամ հատկացնելու փաստը։

«Նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդուն թվում է, թե նախարարության բյուջեի փողերն իր հոր տնից է բերել, ի՛ր փողն է, կարող է մսխել այնպես, ինչպես ցանկացած անառակ որդի կարող է մսխել իր հոր փողերը։ Այնինչ՝ սա մե՛ր երկրի ունեցվածքն է, և այդ բյուջեն որոշակի մասով էլ տալիս եմ ես»,- ասաց մտավորականը։

Նա հիշեցրեց դասականի միտքը՝ «էս պետությունը բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, որ խնայի, պետություն սարքի», ապա հավելեց. «Սրանք եկել են՝ ոչ թե բժշկին՝ չոբանին շատ են վճարում, ապուշին շատ են վճարում, այլանդակին շատ են վճարում, որպեսզի այս պետությունը պետություն չդառնա. սա՛ է սրանց միտքը»

Պետբյուջեից ֆինանսավորված ներկայացման սյուժեն Սրապիոնյանն այսպես մեկնաբանեց. «Չարենց-Աբով-Վշտունու՝ «ձախ մոլորությունների» շրջանի Դեկլարացիան իբրև հիմք են սարքել և ներկայացրել մի այլանդակություն, որը ոչ մի կապ չունի ո՛չ Չարենցի, ո՛չ Աբովի, ո՛չ անգամ Ազատ Վշտունու հետ»։

Նա բացատրեց՝ Չարենցը մի ժամանակ ձախ մոլորություններ է ունեցել. ռուսական հեղափոխությամբ և այդ հեղափոխության հաղթանակով ոգևորված՝ որոշել է, որ առաջնային է նյութեղենը, իրականը, մարմնականը և ոչ՝ հոգևորը։ Ինքը՝ Չարենցը, ընդամենը 1 տարի է գտնվել այդ մոլորությունների մեջ և իր վերջին՝ «Լեֆյան թմբուկը նետած մի կողմ» բանաստեղծություն-օրագիրը՝ իր ձախ մոլորությունների դեկլարացիան, շպրտել է վառարանը։

«Չարենցի մոլորությունների մասին լսել են, լսել են, որ մարմնավորն է առաջնային համարվել, և որոշել են օգտվել դրանից՝ օգտագործելով Չարենցի անունը։ Դրա վտանգավորության մեծագույն աստիճանն այն է, որ նաև վիրավորում են, ապականում են, հեղինակազրկում մեր մտքի և մտածողության տիտաններից մեկին՝ Եղիշե Չարենցին. այդ անունը դրա համար են տալիս»,- ընդգծեց Սերժ Սրապիոնյանը։   

«Հուզանք ու զանգ»-ը, բանասերի մեկնաբանմամբ, Ազատ Վշտունու ամենամերժված ժողովածուն է, քանի որ այնտեղ, Սրապիոնյանի գնահատմամբ, անմտություններ էին գրված՝ «Ասատուր, ելքը տուր, զանգը տուր, հուզանք ու զանգ…»: Ժամանակին գրականագետ, մարքսիստ Հարություն Սուրխաթյանը կարծիք է հայտնել. «Մենք քո հուզանքը չուզանք, ախպե՛ր». հենց այս՝  100 տարի առաջվա մերժված գաղափարներն են վերականգնում այսօրվա հեղափոխականները։  

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ ՀՅԴ ՀԵՄ պահանջած՝  հրաժարականը Սերժ Սրապիոնյանը պարտադիր է համարում. «Այդպիսի ապականված մտածողության տեր մարդը, բարոյական բոլոր նորմերը ոտնատակ տվող մարդը, որ հսկայական գումարներ է մսխում այլանդակությունը մեր երեխեքի, ջահելների հոգեբանության մեջ սերմանելու նպատակով, իրավունք չունի նախարար աշխատելու։ Խորհրդային տարիներին էդ տիպի մարդկանց նույնիսկ կոլխոզի ֆերմայի ֆուրաժոր չէին նշանակում՝ ստորին պաշտոնյա, որն ընդամենը խոտի խրձերը հաշվում էր՝ կովերին կերակրելու համար»։

Նախարարի հայտարարությունը, թե անգամ սատանիստական ստեղծագործությունները չի արգելելու, քանի որ գրաքննությանը դեմ է, Սերժ Սրապիոնյանը «փարիսեցիական» որակեց. «Գրաքննություն ասելով՝ ուզում է մարդկանց հիշողության մեջ արթնացնել գրականության սահմանափակումները։ Իսկ մամուլը, մշակույթը, նաև կրթությունը, գիտությունը որոշակի հսկողության տակ միշտ էլ եղել են։ Բա ինքն ինչո՞ւ է նախարար, ի՞նչ նախարար, որ չհասկանա դրա զարգացման գործընթացը, դրա բերելիք օգուտն ու վնասը, դրա հնարավոր վտանգավորության աստիճանը։  Դրա՛ համար է նախարար, թե չէ՝ մեր ինչի՞ն էր պետք գիտության, կրթության, սպորտի… ես չգիտեմ՝ էլ ինչի նախարարություն»։

Նրա գնահատմամբ՝ այսօր Հայաստանը, իսկապես, գտնվում է կործանման վտանգի եզրին. «Սա չափազանցություն չէ, սա մի ստրատեգիա է, որ մեր նկատմամբ կիրառում են «մերոնք» կոչվածը՝ ուրիշների թելադրությամբ՝ լաբորատորիաներում հայտված ճագարիկների վրա փորձաշրջան անցկացնելու միտումով»։

Սերժ Սրապիոնյանը ևս մեկ անգամ ընդգծեց. «Ուղեղի ծալքերից զուրկ պաշտոնյան պատուհաս է նախ և առաջ իր սեփական ժողովրդի գլխին, հետո նոր՝ մարդկության, որովհետև այս ժողովուրդը պատմության մեջ առաքելություն ունի, որի դեմ այդքան թունոտ, այդքան աննահանջ կռիվ են տալիս այսօրվա պաշտոնյայիկները»։ 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում 

 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին